ՏՏՀ/Ուղեղի ցնցում
ՈՒՂԵՂԻ ՑՆՑՈՒՄ, սովորաբար առաջանում է գանգ-գլխուղեղային փակ վնասվածքի ժամանակ։ Ուղեղանյութը չի վնասվում, բայց ժամանակավոր խանգարվում է նյարդային բջիջների աշխատանքը, ընդհատվում է գլխուղեղի տարբեր բաժինների միջև փոխկապակցությունը, որը դրսևորվում է գլխուղեղի գործունեության խանգարմամբ։ Ու. ց. ուղեկցվում է գիտակցության կորստով (մի քանի վայրկյանից մինչև մի քանի ժամ)։
Գիտակցության վերականգնումից հետո առաջանում են փսխումներ կամ սրտխառնոց, գլխացավ։ Հիվանդը, որպես կանոն, չի հիշում վնասվածքի և իրադարձության հանգամանքները։ Կարող է նկատվել դեմքի գունատություն, անոթազարկի հաճախացում, ընդհանուր թուլություն, քրտնոտություն, քնկոտություն։ Սովորաբար այդ երևույթները 1-2 շաբաթում աստիճանաբար անհետանում են։ Սակայն որոշ դեպքերում, կախված Ու.ց–ման աստիճանից և լրիվ հանգստի ռեժիմի խախտումից, ամիսներ և նույնիսկ տարիներ կարող են նկատվել ընդհանուր թուլություն, գրգռվածություն, գերհոգնածություն, աշխատունակության նվազում և այլ ախտանշաններ։
Գլխի բոլոր ձևի վնասվածքների (հատկապես գիտակցության կորստով և սրտխառնոցով ուղեկցվող) դեպքում հիվանդն անպայման պետք է դիմի բժշկի, քանի որ դրանք կարող են ուղեկցվել ոչ միայն Ու. ց-ով, այլ ավելի ծանր վիճակով (սալջարդ, ճնշում, արյունազեղում), որը պահանջում է անհետաձգելի վիրաբուժական բուժում։ Ու. ց-ման ժամանակ հիվանդին պիտի պառկեցնել անկողնում (հանգստի տևողությունը որոշում է բժիշկը), գլխին սառույց դնել, սրտխառնոցի ժամանակ գլուխը թեքել կողքի։