Jump to content

ՏՏՀ/Ցրտահարություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ցրտահարություն
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 343
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ, մարդը կարող է ցրտահարվել ոչ միայն սառնամանիքին, այլև զրոյական ջերմաստիճանին մոտ (բարձր խոնավության դեպքում երկարատև սառեցման) պայմաններում։

Ց-յանը նպաստում են քամին, օդի խոնավությանը, խոնավ և նեղ հագուստը, կոշիկը, ձեռնոցը, հարբածությունը, օրգանիզմի թուլությունը։ Առավել հաճախ ցրտահարվում են ոտքերի և ձեռքերի մատները, քիթը, ականջները։ Տարբերում են Ց-յան չորս աստիճան։ Առաջին աստիճանի դեպքում մաշկը կորցնում է զգայունությունը, գունատվում, ցրտահարված մասերն այտուցվում են, ցավում և քոր գալիս։ Տաքանալուց հետո վնասված մասում մաշկը ստանում է կապտավուն երանգ, ապա այտուցվում և որոշ ժամանակից հետո սկսում է թեփոտվել։ Այդ երևույթները 2-3 օրից անցնում են։ Երկրորդ աստիճանի դեպքում ի հայտ են գալիս նույն նշանները, սակայն որոշ ժամանակից հետո առաջանում են անգույն հեղուկով լցված բշտիկներ, որոնք, որպես կանոն, չորանում են 10-12 օրից։ Առողջացման ընթացքը տևում է 2-3 շաբաթ։ Երրորդ աստիճանի դեպքում առաջանում են արյունոտ հեղուկ պարունակող բշտիկներ, որոնց տեղերում մի քանի օր հետո գոյանում են մեռուկացած հատվածներ, որոնք այնուհետև պոկվում են՝ սպիներ թողնելով։ Չորրորդ աստիճանի դեպքում նկատվում է բոլոր փափուկ, իսկ երբեմն նաև՝ ոսկրային հյուսվածքների մեռուկացում։

Տուժածին հարկավոր է անմիջապես տանել տաք սենյակ (18-20 °C), տաքացնել ջեռակներով, տաք թեյ կամ սուրճ տալ։ Ցրտահարված վերջույթը հարկավոր է ընկղմել գոլ ջրի մեջ (37-40 °C) և զգուշորեն շփել այնքան ժամանակ, մինչև մաշկը կարմրի, և վերականգնվի նրա զգայունությունը, այնուհետև վիրակապել։ Չի կարելի ցրտահարված տեղը շփել ցուրտ տեղում կամ ձնով։ Եթե Ց-ից որոշ ժամանակ անց առաջանում են բշտիկներ, հարկավոր է չոր, տաքացնող վիրակապ դնել և դիմել բժշկի։ Ոտքի կամ ձեռքի մեծ հատվածի Ց-յան, ինչպես նաև ընդհանուր սառածության դեպքում ցանկալի է գոլ լոգանք ընդունել (37 °C–ից ոչ տաք), ապա մաքուր ջրում շփել և մերսել մարմինը։ Լոգանքի փոխարեն կարելի է մարմինը շփել օղիով կամ օդեկոլոնով, մերսել, տաքացնել ջեռակներով, տուժածին տալ թունդ թեյ, սուրճ։ Մեծ հատվածների, երրորդ և չորրորդ աստիճանի Ց-յան, ինչպես նաև ընդհանուր սառածության դեպքում հարկավոր է ցույց տալ առաջին օգնություն և հնարավորության դեպքում տուժածին հասցնել բուժհիմնարկություն։

Ց-յան կամ ընդհանուր սառածության դեպքում օրգանիզմը երկար ժամանակ շատ զգայուն է լինում ցրտի նկատմամբ։ Կրկնական Ց-ից խուսափելու համար անհրաժեշտ է ցուրտ եղանակին կրել տաք հագուստ, տաք անջրանցիկ կոշիկ, բրդե գուլպա ևն։ Ց-յան կանխարգելման առավել արդյունավետ միջոց է մարմնի կոփումը։ Մաշկին (հատկապես ոտքերի) ճարպանյութեր քսելը ոչ միայն չի կանխում Ց., այլ կարող է նպաստել նրա առաջացմանը։