ՏՏՀ/Ուշագնացություն
ՈՒՇԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ, գիտակցության հանկարծակի կարճատև կորուստ, որն առաջանում է գլխուղեղի սուր սակավարյունության հետևանքով։ Գիտակցության կորստին կարող են նախորդել գլխապտույտը, թուլությունը, ձեռքերի և ոտքերի ընդարմացումը, աչքերի մթագնումը, աղմուկը ականջներում, սրտխառնոցը, անոթազարկի հաճախացումը և թուլացումը։ Ու-յան պատճառ կարող են լինել ուժեղ ցավերը, հոգեկան խիստ լարումը, վախը, արյան սուր կորուստը, գերհոգնածությունը, քաղցը, շոգ շինությունում երկարատև մնալը, հորիզոնական դիրքից արագ վեր կենալը և այլն։ Ու-յան ժամանակ հիվանդը խիստ գունատվում է, հայացքը դառնում է թափառող, աչքերը փակվում են, և վայր է ընկնում։ Ու. կարող է տևել մի քանի վայրկյանից մինչև 10 րոպե։ Հարկավոր է շտապ բժիշկ հրավիրել և մինչև նրա գալը հիվանդին պառկեցնել (այնպես, որ գլուխն իրանից ցածր լինի), արձակել օձիքն ու գոտին, ոտքերին դնել ջեռակ կամ շփել կոշտ գործվածքով, ապահովել մաքուր օդի հոսքը։ Հիվանդին Ու-յան վիճակից հանելու համար հարկավոր է դեմքին սառը ջուր ցողել, քթին մոտեցնել քացախ, օդեկոլոն, անուշադրի սպիրտով թրջած բամբակ և դրանցով շփել քունքերը։