ՏՏՀ/Պեդիկյուր
ՊԵԴԻԿՅՈՒՐ, ոտքերի հատուկ խնամք։ Խորհուրդ է տրվում Պ. անել ամիսուկեսը մեկ անգամ։ Մաշկի եղջրացած մասերը փափկացնելու համար նախ ոտքերը պետք է դնել տաք օճառաջրի մեջ (կոշտուկները փափկացնելու համար ցանկալի է ավելացնել 1 ճաշի գդալ անուշադրի սպիրտ կամ խմելու սոդա)։ 20-30 րոպեից հետո ոտքերը չորացնել փափուկ սրբիչով, անվտանգ ածելիով կամ չեչաքարով զգուշորեն մաքրել կրունկի և ոտնաթաթի եղջերաշերտերը։ Այնուհետև հեռացնել կոշտուկները, եղունգները կտրել (մատի ուրվագծին զուգահեռ) և հատուկ խարտոցով ձև տալ։ Չի կարելի կտրել եղունգների անկյունները, քանի որ դա կարող է հանգեցնել եղունգների ներաճի։ Եղունգները պետք է խարտոցել մի ուղղությամբ, այլապես կշերտավորվեն։ Այնուհետև ոտքերը կրկին ընկղմել գոլ ջրի մեջ (ամանի մեջ պարբերաբար տաք ջուր ավելացնելով), ապա մշակել մյուս ոտքը։ Մաշկի անհարթությունները պետք է հղկել չեչաքարով, ոտքերը չորացնել և սնուցող (A վիտամին պարունակող) մաշկաքսուք քսել։ Ցանկության դեպքում եղունգները կարելի է լաքապատել (տես Մանիկյուր): Անհրաժեշտ է խստորեն պահպանել հիգիենային կանոնները։ Գործիքները պետք է մաքրել սպիրտով կամ օդեկոլոնով։ Մաշկի վնասված մասին պետք է դնել ջրածնի գերօքսիդի 3 %-անոց լուծույթով թրջած բամբակ, որից հետո յոդ քսել։ Օգտակար է շաբաթը մեկ ընդունել ոտքերի լոգանք կերակրի աղով (1 ճաշի գդալ՝ 2 լ ջրին) 10-15 րոպե տևողությամբ, որից հետո ոտնաթաթի կոշտուկային կարծր մասերը քերել չեչաքարով, լվանալ, չորացնել և քսել ոտքերի համար նախատեսված մաշկաքսուք։