Jump to content

ՏՏՀ/Պեպեններ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Պեպեններ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 326
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՊԵՊԵՆՆԵՐ, կլոր կամ օվալաձև, ոչ մեծ, բաց դեղինից մինչև մուգ դարչնագույն գունակային բծեր։ Տեղադրվում են համաչափորեն՝ դեմքին, ձեռքերի թիկնային մակերևույթին, ուսերին, հազվադեպ թիկունքին և կրծքին։ Երբեմն, հատկապես գարնան-ամռան ամիսներին, դրանք այնքան շատ են հայտնվում, որ միանալով գոյացնում են միաձույլ մուգ բծեր։ Ձմռանը Պ. չեն անհետանում, այլ դառնում են ավելի քիչ նկատելի։ Ավելի մեծ տարիքում, հաճախ 30 տարեկանից հետո, Պ. անհետանում են։

Պ. հեռացնելու արմատական միջոցներ չկան։ Մեծ նշանակություն ունի կանխարգելումը։ Արևոտ տարեշրջանի սկսվելուն պես, մինչև խոր աշուն, փողոց դուրս գալուց առաջ հարկավոր է դեմքին քսել հատուկ պաշտպանական մաշկաքսուք, վրայից թեթևակի դիմափոշի, որին ավելացված է ուրոտրոպինի կամ սալոլի մանր փշրած հաբ։ Պ-ի հեռացումն ավելի լավ է կատարել բժշկական կոսմետիկայի կաբինետներում։

Տնային պայմաններում Պ-ի գունազրկման համար օգտակար է մաշկին քսել մածուն, կամ մաքրել ջրածնի գերօքսիդի 3 %-անոց լուծույթով։ Ամռան ամիսներին խորհուրդ է տրվում մաշկը մաքրել կիտրոնի, խակ սև հաղարջի հյութերով։

Պ-ի գունաթափման համար թողարկվում են հատուկ մաշկաքսուքներ։ Դեմքի մաշկը նախօրոք մաքրելուց հետո մաշկաքսուքը քսում են և թողնում 40 րոպեից 1 ժամ, այնուհետև մաքրում բամբակով (լվացվել պետք չէ)։ Մաշկաքսուքները չի կարելի քսել ցերեկը և դուրս գալ փողոց։ Հղի կանանց խորհուրդ չի տրվում դրանք օգտագործել։ Տես նաև Գունակային բծեր: