ՏՏՀ/Պոմիդոր (աճեցումը)
ՊՈՄԻԴՈՐ, լոլիկ (աճեցումը), ջերմասեր բույս է։ Սերմերը ծլում են 12 °C–ից ոչ պակաս ջերմաստիճանի պայմաններում։ Բույսի աճի ու զարգացման համար լավագույնը 22-26 °C ջերմաստիճանն է։ 15 °C-ից ցածր կանգ է առնում Պ-ի ծաղկումը, իսկ 10 °C–ից ցածր՝ նաև աճը։ Ցրտահարվում է -0.5...-1 °C–ի պայմաններում, իսկ –1 ...-3 °C-ում բույսերը վնասվում և հաճախ ոչնչանում են։ Պարարտացնելիս Պ. լավ է աճում։ Ազոտական պարարտանյութերի բարձր չափաքանակները փարթամացնում են վերգետնյա փրերը և ուշացնում պտուղների հասունացումը։ Ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերն արագացնում են պտուղների հասունացումը և լավացնում որակը։
Պ-ի վեգետացիայի շրջանը երկար է։ Առաջին պտուղներն սկսում են հասունանալ սերմի ցանքից 100-130 օր հետո։ Դրա համար էլ աճեցնում են սածիլներով։ Սածիլները տնկելուց 2-3 օր առաջ պետք է հողամասը ջրել։ Սածիլ տնկելու համար ջրակոսի կատարին, սահմանված հեռավորությամբ, բացում են բներ, սածիլը հողագնդով կամ թաղարով դնում բնի մեջ (մինչև առաջին իսկական տերևները) և շուրջը հողը լավ սեղմում ու ամրացնում։ Յուրաքանչյուր շարքում տնկումն ավարտելուց հետո ջրում են, հետևելով, որ ջուրը սածիլները չծածկի։ Սածիլը տնկելուց 3-4 օր հետո ստուգում են և չկպած սածիլների տեղը լրացնում ու ջրում են (առաջին վեգետացիոն ջուրը), որից հետո կատարում են առաջին փխրեցումը։ Երբ սածիլներն սկսում են աճել և ստանալ մուգ կանաչ գույն, ջրում են երկրորդ անգամ, որից 2-3 օր հետո կատարում խոր բուկլից, միաժամանակ քաղհան և առաջին սնուցումը (օրգանահանքային պարարտանյութերով)։ Ջրում են ըստ բույսերի պահանջի։ Հետագա մշակությունը քաղհանն է, փխրեցումը, սնուցումը և բուժումները։ Վեգետացիայի ընթացքում Պ–ի հողամասը քաղհանում են 3-4, փխրեցնում՝ 2-3, սնուցում՝ 3 անգամ։ Առաջինը սածիլը դաշտ փոխադրելուց 10-15 օր հետո, խոր բուկլիցի ժամանակ, երկրորդը՝ առաջին և երկրորդ ծաղկաողկույզների պտղակալման ընթացքում, և երրորդը՝ 2-3 անգամ բերք հավաքելուց հետո։ Սնուցում են գոմաղբաջրով և հանքային պարարտանյութերով։
Վեգետացիայի ընթացքում բույսերը պետք է ձևավորել ժամանակին (5-7 սմ երկարությունից ոչ ավելի), բճատել տերևանութերի բճաշվերը։ Պտուղների հասունացումն ու աճն արագացնելու համար բերքատու ընձյուղների ծայրերը և ծաղկակիր ողկույզները (որոնք չեն պտղակալել) պետք է հեռացնել։
ՀՀ-ամ շրջանացված են վաղահաս Արաքս 322, Հոբելյանական 261 և այլն, միջահաս Երազ, Լուսինե, Էջմիածնի 260, Նվեր, Գայանե, Մասիս 202 և այլն, միջաուշահաս Հայկական շտամբովի, Զվարթնոց, Արամուս և այլ սորտերը։