ՏՏՀ/Պրոյեկցիան էկրան սիրողական
ՊՐՈՅԵԿՑԻԱՆ ԷԿՐԱՆ սիրողական, օգտագործվում է տնային պայմաններում նեղժապավեն կինոնկարներ (սիրողական կինոնկարներ և մուլտֆիլմեր), դիաֆիլմեր և թափանցապատկերներ (սլայդներ) ցուցադրելու համար։ Պ. է. լուսացրող հարթ մակերևույթ է, որի վրա պրոյեկցիոն ապարատով (կինոպրոյեկտոր կամ դիապրոյեկտոր) ստեղծվում է թափանցապատկերի, կինոնկարի կադրի խոշորացված պատկերը։ Գոյություն ունեն լուսանդրադարձնող և լուսաթափանց էկրաններ։ Առավել տարածված են լուսանդրադարձնող էկրանները, որոնք, ըստ լույսի ցրման բնույթի, լինում են դիֆուզային-ցրող (սպիտակափայլատ) կամ ուղղորդված-ցրող (ուղղորդված)։
Դիֆուզային–ցրող էկրանի վրա ընկնող լուսային հոսքը 180° անկյան սահմաններում անդրադառնում (ցրվում) է համարյա հավասարաչափ, այսինքն դիֆուզային-ցրող էկրանին առաջաձգված պատկերը հանդիսատեսը ցանկացած տեղից (էկրանի դիմաց կամ կողքերից) տեսնում է միատեսակ պայծառ։ Թողարկվող դիֆուզային-ցրող էկրանները պատրաստվում են պոլիվինիլքլորիդի թաղանթից (պլաստիկատ) կամ գործվածքային հենքով վինիլ արհեստական կաշվից։ Տանը դիֆուզային-ցրող էկրան կարելի է պատրաստել բամբակե գործվածքի մակերևույթը ցինկի կամ տիտանի սպիտականերկով, սպիտակ գուաշով կամ հատուկ ներկանյութով (բարիումի սուլֆատի կամ ցինկի օքսիդի հիմքով) պատելով։ Պարզագույն Պ. է. կարող է ծառայել նաև գծագրական թուղթը (վատման) կամ սովորական սպիտակ կտավը։
Ուղղորդված-ցրող էկրանն ընկնող լուսային հոսքն անդրադարձնում է առավելապես մի ուղղությամբ և ցրում 30-60° անկյան սահմաններում։ Այդ պատճառով ուղղորդված-ցրող էկրանի վրա կինոնկարներ կամ թափանցապատկեր դիտելիս, հանդիսատեսները հարկադրված են տեղավորվել ճիշտ էկրանի դիմաց, քանի որ կողքերից պատկերը երևում է աղոտ և անարտահայտիչ։
Ուղղորդված-ցրող էկրաններ պատրաստում են պլաստիկատից կամ գործվածքից, որոնք պատում են ալյումինաներկի կամ լաքի և կամ ապակե մանր գնդիկների շերտով։ Ուղղորդված-ցրող էկրանները հազվադեպ են գործածվում տանը։
Ֆոտո- և կինոսիրողների համար թողարկվում են հատուկ պատյանով կամ առանց պատյանի տարբեր չափերի պլաստիկատե Պ. է-ներ։
Էկրանի մակերևույթը կեղտոտվելուց կամ մեխանիկական վնավածքներից պաշտպանելու համար խորհուրդ է տրվում անպատյան Պ. է. պահել փաթաթված վիճակում, գծագրերի համար գործածվող ստվարաթղթե կամ պլաստմասսայե պատյաններում։