ՏՏՀ/Սեղանի թենիս
ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍ, մարզախաղ՝ երկու կամ չորս մրցակիցների միջև, որոնք ցելուլոիդե փոքրիկ գնդակը թևճակի հարվածներով անցկացնում են սեղանի լայնությամբ ձգած ցանցի վրայով։ Ենթադրվում է, որ առաջացել է 19-րդ դարի վերջին Անգլիայում։ Ս. թ. զարգացնում է ճարպկություն և ռեակցիայի արագություն։
Խաղի համար անհրաժեշտ են ուղղանկյուն սեղան, ցանց, գնդակ և թևճակներ։
Խաղի կանոնները։ Խաղը սկսելուց առաջ վիճակով որոշում են սկզբնահարվածի իրավունքը։ Խաղն սկսողը թևճակի հարվածով գնդակը ցանցի վրայով (գնդակը չպետք է դիպչի ցանցին) անցկացնում է հակառակորդի դաշտը։ Մրցակիցն ընդունում և հետ է ուղարկում սեղանից թռած գնդակը։ Այսպես շարունակում են մինչև մրցակիցներից մեկի սխալվելը, որի դեպքում նա միավոր է կորցնում։ Յուրաքանչյուր 5 միավորը խաղարկելուց հետո մրցակիցները փոխում են սկզբնահարվածի հերթականությունը։
Սկզբնահարված կատարելիս թևճակը և գնդակը պետք է լինեն սեղանի հետին գծից դուրս։ Հարվածը սխալ է համարվում, եթե գնդակը խաղի մեջ է մտցվում սեղանի վրայից կամ ձեռքից, չի ընկնում մրցակցի դաշտը, դիպչում է ցանցին կամ հենակներին։
Մրցակիցը միավոր է շահում, եթե հակառակորդը սկզբնահարվւսծը սխալ է կատարում, գնդակը հետ է մղում օդից (մինչև սեղանին դիպչելը), այն ուղարկում է սեղանի սահմաններից դուրս, մինչև հետ մղելը թևճակով մեկից ավելի անգամ է դիպչում գնդակին կամ պահում է թևճակի վրա, ապա նետում, գնդակին դիպչում է մարմնի որևէ մասով կամ դիպչում է ցանցին, հենակին (հակառակորդի կողմից), չի հասցնում հետ մղել ճիշտ ուղարկված գնդակը։
Խաղափուլն ավարտվում է կողմերից մեկի հաղթանակով, եթե նա հավաքում է 21 միավոր, որն առնվազն երկուսով ավելի պետք է լինի հակառակորդի միավորներից։ 20:20 հաշվի դեպքում խաղը շարունակվում է այնքան ժամանակ մինչև մրցակիցներից մեկը մյուսից 2 միավոր ավելի շահի։ Այս դեպքում սկզբնահարվածի հերթականությունը փոխվում է յուրաքանչյուր միավորը խաղարկելուց հետո։ Յուրաքանչյուր խաղափուլի ավարտից հետո մրցակիցները փոխում են տեղերը և սկզբնահարվածի հերթականությունը։ Վճռական խաղափուլում տեղերը փոխում են 10 միավոր խաղարկելուց հետո։ Խաղը բաղկացած է 3 կամ 5 խաղափուլից։