Jump to content

ՏՏՀ/Ջրհոր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՋՐՀՈՐ, կառուցվում է գլխավորապես ոռոգման, երբեմն խմելու ջուր ստանալու նպատակով և կոչվում ջրաբաշխման Ջ.։ Լինում են հորանային և խողովակավոր ջրաբաշխման Ջ-ներ։

Հորանային Ջ-ները ջրապարունակ շերտերում խորացնում են մինչև 1–2 մ։ Դրանց խորությունը, որպես կանոն, չի գերազանցում 20-30 մ։ Նման Ջ-ները փորում են բահով, լինգով, բրիչով, կոնքավոր ամբարձիչ ոլորակի և հատուկ մեքենաների օգնությամբ։ Հորանային Ջ-ները ամրակում են 0,7x0,7 մ-ից մինչև 1,2x1,2 մ լայնակի հատվածքի փայտե գերանակերտվածքով (նկ. 1) կամ մինչև 1 մ տրամագծով բետոնե, երկաթբետոնե, ասբեստացեմենտե խողովակներով (օղակներով)։ Ջ-ի հատակը նպատակահարմար է ծածկել խոշորահատիկ ավազի և կոպիճի 20-30 սմ հաստության շերտով։ Գերանակերտվածքը պետք է 0,6–0,7 մ բարձր լինի գետնի մակերևույթից և ծածկվի կափարիչով։ Մակերևույթային ջրերից Ջ-ը պաշտպանելու համար անհրաժեշտ է դրա շուրջը (վերևից) սարքել կավե փական։ Ջրհորամերձ գետնի մակերևույթը պետք է թեքություն ունենա դեպի արտաքին կողմը և սալարկված լինի գետաքարով։ Սակավաջուր Ջ-ի գերանակերտվածքի ներքևի հատվածը կառուցում են ավելի լայն։ Ջուրը հորանային Ջ-ից բարձրացնում են դույլով՝ ոլորակով, ամբարձիչով, ճախարակով, ձեռքի մխոցային կամ էլեկտրաշարժիչ պոմպերով։ Հորանային Ջ-ում սովորաբար պահպանվում է կայուն ոչ բարձր ջերմաստիճան։

Խողովակավոր Ջ-ները կառուցում են հորատումով և հաճախ անվանում նաև հորատումային Ջ-ներ կամ հորատանցքեր։ Դրանք խորացնում են ջրապարունակ շերտերում մինչև 2-4 մ։ Հորատումային Ջ-ներից ջուրը վերցնում են միջանկյալ ջրապարունակ շերտերից, որտեղ այն ավելի բարձրորակ է։ Դրանք հարմար են օգտագործման համար, մաքուր են և էժան։ Հորատումային Ջ-ները կառուցում են 10-15 սմ (երբեմն՝ 4-7,5 սմ) տրամագծով խողովակներով՝ դրանք հասցնելով մինչև 20 մ խորության։ Հորատման աշխատանքներն սկսելուց առաջ խորհուրդ է տրվում ծանոթանալ տեղանքի ջրաերկրաբանական բնութագրին, հետախուզել մոտակա հորանային Ջ-ները (ստորգետնյա ջրերի խորությունը որոշելու համար)։ Որպես կանոն, հորատման աշխատանքները կատարում են 2-3 հոգով։ Հարվածապտուտային եղանակով ձեռքով հորատելիս օգտագործում են բարակ գերաններից սարքած եռոտանի, ճախարակ կամ վերհան (նկ. 2)։ Եռոտանու ծայրերը գայլիկոնում են և ամրացնում հեղույսով, որին ամրակում են ճախարակով գինդը։ Բացի այդ, գերանների ամրակման տեղում օղակի ձևով պարան են հագցնում՝ ծայրը իջեցնելով կանգնակներից մեկով։ Պարանն անհրաժեշտ է հորատագործիքի ուղղաձիգ տեղադրման ժամանակ հորատաձողը գայլիկոնին ամրացնելու համար։ Հորատումը կամ սկզբնահորատումն սկսում են հորատիչ գդալով։ Նման գայլիկոն կարելի է սարքել ավտոմոբիլի պողպատաշերտից կամ խողովակի եզրահատվածքից։ Ուղղաձիգ տեղադրելով հորատիչ գդալը՝ սկսում են հորատել՝ օգտագործելով հորատաձողին ամրացված դարձման անուրը (իր բռնակներով)։ Ձեռքերով սեղմելով անուրը՝ գայլիկոնը պտտում են դեպի աջ։ Մի քանի պտույտից հետո համոզվելով, որ այն լցվել է ապարով, հանում են հորատանցքից և մաքրում։ Չոր ապար հորատելիս, որը թափվում է հորատիչ գդալից հորատանցք, վրան լցնում են 1-2 դույլ ջուր։ Կարծր ապար հորատելիս օգտագործում են շնեկավոր (պարուրաձև) հորատ, ավելի կարծրի դեպքում՝ դուր։

Հորատանցման ժամանակ անկայուն, ողողվածքից փլուզվող շերտեր հորատելիս, երբ հորատիչ գդալը բարձրացնում են, ապարը թափվում է հորատանցք և դժվարացնում դրա խորացնելը։ Այն կանխելու համար անհրաժեշտ է ամրակել շրջապահ խողովակներով, որոնք իջեցնում են մինչև փլուզվող շերտը և սկսում հորատանցել հատուկ հարմարանքով (կափույրով) հորատադույլերով։ Ապարով լցված հորատադույլը բարձրացնում են եռոտանու հենակետին ամրացված ոլորակով, մաքրում և կրկին «հորատադույլում»։ Հորատանցքի խորացման հետ միաժամանակ պետք է իջեցնել շրջապահ խողովակները։ Փլվող շերտը հորատանցում են ուշադրությամբ և արագ, քանի որ գործիքը կարող է լռվել փորվածքաճակատում։ Բացի այդ, ջրաբեր ապարներ (ավազ, կավ, ավազակավ) հորատանցելիս հնարավոր է փորվածք ընկնեն առանձին քարեր և խոչընդոտեն հորատումը։ Այս դեպքում պետք է ձգտել քարերը «հրել» դեպի հորատանցքի պատերը։ Այդ նպատակով երբեմն օգտակար է հորատանցքի մեջ լցնել 1-2 դույլ ջուր։ Խոշոր քարերը նպատակահարմար է կոտրել ոլորակով կամ ճախարակով, փորվածքաճակատ իջեցված բրգաձև դուրով։ Եթե հանդիպում է խոշոր քար՝ գլաքար, ապա պետք է թողնել այդ հորատանցքը և Ջ. հորատել ուրիշ տեղում։ Հորատումը վերջացնելուց հետո հորատանցքն ամրակում են շրջապահ խողովակներով (պողպատե, ազբեստացեմենտե կամ խեցե)։ Որպեսզի շրջապահ խողովակներն իջեցվեն մինչև պահանջվող խորություն, դրանց և հորատանցքի պատերի միջև պետք է թողնել 5 սմ ճեղք։ Խողովակն անհրաժեշտ է իջեցնել հորատանցքի երկարությամբ առանց ընդհատումների։ Եթե դրանք չեն իջնում սեփական զանգվածի ազդեցությամբ, ապա պտտեցնում են, տեղախախտում կամ ավելի խոր նստեցնում մուրճով։ Խողովակի ծայրը պետք է հողի մակերևույթից 0,5-0,7 մ բարձր լինի։ Որպեսզի ջրապարունակ հորիզոնը պահպանվի փլուզումից, և մաքուր ջուրը հոսի առանց մեխանիկական խառնուկի, հորատանցքի ջրընդունիչ մասում պետք է տեղադրել զտիչ։ Հորատանցքերում և կիսաժայռային ապարներում զտիչ չեն տեղադրում։ Վերջինիս կառուցվածքը պայմանավորված է ապարով. լինում է ծակոտկեն, մետաղալարե, ցանցավոր, մանրախճավոր ևն։ Զտիչը կարելի է տեղադրել առանձին (հորատանցքի առավել կատարելագործված կոնստրուկցիա) կամ շրջապահ խողովակասյուների վրա։ Ջրի հոսքը դեպի հորատանցք տեղի է ունենում հորատանցքի փողի (ջրաշերտի ճնշման համեմատ) ջրաստատիկ ճնշման նվազման հետևանքով։ Հնարավորության դեպքում (կախված հորատանցքի տրամագծից) Ջ-ներից ջուրը հանում են էլեկտրական կամ ձողավոր մխոցավոր պոմպերով։ Ջ-ի շուրջը (1,2 մ լայնությամբ և դեպի դուրս թեքությամբ) բետոնապատում են։

Բացի ջրաբաշխման Ջ-ներից հաճախ կառուցում են նաև զտիչ Ջ-ներ, որոնք նախատեսված են լվացարաններից, ցնցուղարաններից և բաղնիքներից տնտեսական կեղտաջրերը հեռացնելու համար։ Նման Ջ-ներ տեդադրելիս պետք է հաշվի առնել ստորգետնյա ջրերի ամենաբարձր մակարդակը, որը որոշում են գարնանը։ Պարզ զտիչ Ջ. (նկ. 3) հոծ գրունտում փորվածք է (1,2-2 մ շառավղով, 0,5-1,5 մ խորությամբ)՝ լցված խճով կամ մանրահատիկ ավազով։ Զտիչ Ջ-ները լինում են կլոր կամ քառակուսի, բետոնից կամ աղյուսից, խորությունը հասնում է մինչև ջրակլանիչ շերտի վերին մակարդակը։ Զտիչ Ջ. թույլատրվում է կառուցել միայն շրջանային սանիտարական տեսչության համաձայնությամբ։ Այդ Ջ-ները պետք է գտնվեն խմելու ջրի Ջ-ներից 50 մ-ից ոչ պակաս հեռավորությամբ։