Jump to content

ՏՏՀ/Ռեպելենտներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՌԵՊԵԼԵՆՏՆԵՐ, արյունածուծ միջատներին՝ մոծակներին, մլակներին, մժեղներին, պիծակներին վախեցնող-փախցնող նյութեր։ Ռ-ով մշակված արտահագուստները, պաշտպանացանցերն ու թիկնոցներն ավելի երկար ժամանակ են պաշտպանում մարդկանց միջատներից, իսկ մաշկի բաց հատվածներին քսելիս այն ազդում է ընդամենը մի քանի ժամ։ Այս տիպի Ռ-ը լինում են հեղուկ (լոսյոն, էմուլսիա), քսուք, աերոզոլային միջոցների և անձեռոցիկների տեսքով։ Ռ-ի պատրաստուկները պարունակում են երկէթիլտոլուամիդ, երկմեթիլֆտալատ, բենզոիլպիպերիդին ակտիվ նյութեր և այլ միացություններ, որոնք բավարար չափով պաշտպանում են մարդկանց միջատներից և օրգանիզմի վրա կողմնակի ազդեցություն չեն թողնում։

Արդյունավետ են «Դիֆտալար», «Օկալան» լոսյոնները, որոնց պաշտպանիչ ազդեցությունը տևում է 3 ժամ, իսկ «Դէտա» էմուլսիայինը՝ 4-5 ժամ։

«Ռեբեֆտալ», «Դէտա Բ» քսուքներն արտադրվում են ալյումինե պարկուճներով։ Դրանք հեշտությամբ քսվում են մաշկին և ունեն կոսմետիկական լավ հատկություններ։

Ռեֆտամիդն աերոզոլային փաթեթավորմամբ հագուստի և մաշկի բաց հատվածների մշակման համար ռեպելենտային միջոց է։ Մշակում են պատրաստուկի շիթով 10-12 սմ հեռավորությունից, 10-20 վայրկյան տևողությամբ։ Պաշտպանիչ ազդեցությունը 2-4 ժամ է։