Jump to content

ՏՏՀ/Ռադիոընդունիչ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՌԱԴԻՈԸՆԴՈՒՆԻՉ, ռադիոհաղորդման ընդունիչ, ռադիոհաղորդման կայանների հաղորդումները լսելուց բացի, Ռ-ների մեծ մասը հնարավորություն է տալիս նաև վերարտադրել գրամոֆոնային ձայնագրությունը էլեկտրանվագարկիչ սարքով և ռադիոհաղորդումներ ձայնագրել մագնիտոֆոնով։ Հաղորդիչ ռադիոկայանների ռադիոալիքները, հասնելով ընդունիչի անտենային, վերջինիս մեջ հարուցում են բարձր հաճախության հոսանքի շատ թույլ էլեկտրական տատանումներ, որոնք ըստ ամպլիտուդի կամ հաճախության մոդուլված են առաքվող հաղորդանքին համապատասխան։ Այդ հոսանքները հասնում են Ռ-ի մուտքային սարքին, որի կարևորագույն հատկությունը ընտրողունակությունն է, այսինքն հարկավոր կայանի ազդանշանները մյուս ազդանշաններից զատելու ընդունակությունը։ Ռադիոհաղորդման կայանները ճառագայթում են ռադիոհաղորդումների համար հատկացված ալիքների չորս ընդգրկույթում՝ երկար ալիքների (ԵԱ), միջին ալիքների (ՄԱ), կարճ ալիքների (ԿԱ) և գերկարճ ալիքների (ԳԿԱ). ընդունիչների մուտքային սարքերը հաշվարկվում են հենց այդ ալիքներին համապատասխան։ Արդյունաբերական ընդունիչները սովորաբար ունենում են 2-ից (ԵԱ և ՄԱ) մինչև 5-7 ընդգրկույթ (ԿԱ ընդգրկույթը համալարքի հարմարության համար հաճախ բաժանվում է մի քանի ենթաընդգրկույթի)։

Պարզագույն Ռ-ում մուտքային սարքի առանձնացրած ազդանշանն անմիջապես դետեկտվում է, այսինքն՝ կերպափոխվում է ցածր (ձայնային) հաճախության էլեկտրական տատանումների և հասնում ականջակալներին, որոնք վերարտադրում են հաղորդման հնչյունները։ Այդպիսի ընդունիչը կոչվում է դետեկտորային։ Հնչողաթյան ոչ բավարար բարձրության և վատ ընտրողունակության պատճառով այն պիտանի է միայն մերձակայքում գտնվող հզոր ռադիոկայանների հաղորդումներն ընդունելու համար, հնչողությունն ուժեղացնելու նպատակով դետեկտորային ընդունիչին հարկավոր է կցել ցածր հաճախության ուժեղարար։

Սկսնակ ռադիոսիրողին կարելի է առաջարկել դետեկտորատրանզիստորային ընդունիչը (նկ. 1)։ Երբ այդ ընդունիչին սնուցում չի միացված, այն աշխատում է ինչպես դետեկտորային ընդունիչ (դետեկտորի դերն այս դեպքում կատարում է տրանզիստորի՝ սլաքով նշված էմիտերային անցումը)։ Մարտկոցը միացնելիս տրանզիստորն աշխատում է միաժամանակ և՛ որպես դետեկտոր, և՛ որպես ցածր հաճախության ուժեղարար։ Ձայնի ուժգնությունը կարգավորվում է փոփոխական դիմադրատարրով։

Բարձր հնչողության վստահելի ընդունում են ապահովում ուղղակի ուժեղացման ավելի բարդ լամպային ու տրանզիստորային (տես Ռադիոլամպ և Տրանզիստոր) Ռ-ները, որոնցում ազդանշանն ուժեղացվում է երկու անգամ՝ ըստ բարձր ու ցածր հաճախությունների (նկ. 2)։

Հեռավոր կայանների թույլ ազդանշաններն ընդունելու Ռ-ի ընդունակությունը կախված է ուժեղացումից և բնութագրվում է նրա զգայունությամբ, որը սովորաբար արտահայտվում է միլիվոլտ մետրերով (մՎ/մ) կամ միկրովոլտերով (մկՎ)։ Ամենամեծ զգայունություն ունեն սուպերհետերոդինային ռադիոընդունիչները (սուպերհետերոդինները , նկ. 3)։

Բացի այդ, բարձր ընտրողունակության շնորհիվ սուպերհետերոդիններն ունեն հարկավոր ալիքին սուր համալարվելու և, հետևաբար, ընդունման ժամանակ հարևան խանգարող ազդանշանները խիստ թուլացնելու հնարավորություն։ Ընտրողունակությունը չափվում է դեցիբելներով (դԲ), որոնք արտահայտում են ընդունվող և հարևան ազդանշանների լարումների հարաբերությունը (1 դԲ մոտավորապես հավասար է ազդանշանի մակարդակի փոփոխության այն մեծությանը, որը մարդու նորմալ ականջը դեռևս կարող է տարբերել վերարտադրության ժամանակ)։


Ուղղակի ուժեղացման ընդունիչներ և պարզագույն սուպերհետերոդիններ ինքնուրույն պատրաստելու համար վաճառվում են մանրամասների պատրաստի հավաքածուներ՝ հավաքման ու սարքաբերման բացատրագրերով։

Բացի ընդգրկույթների թվից, ընտրողունակությունից և զգայունությունից, Ռ. ունի տեխնիկական կարևոր այլ բնութագրեր (պարամետրեր), ելքային հզորություն, հնչողության որակ, թողանցվող ու վերարտադրվող հաճախությունների շերտ, ընդունման կայունություն ևն։

Ելքային հզորությունը, այսինքն՝ այն հզորությունը, որ վերջին ուժեղարարից տրվում է բարձրախոսին առանց նկատելի աղավաղումների, կախված է ընդունիչի ուժեղացումից և ընդունված ազդանշանի մեծությունից, այն փոփոխվում է բարձրաձայնության կարգավորիչով և ավտոմատ կարգավորման սարքով (ԱԿՍ) պահպանվում հաստատված մակարդակի վրա։ Արդի ընդունիչներում ելքային հզորությունը հասնում է 4 և ավելի Վտ-ի։ Բնակելի մեծ սենյակի համար պահանջվում է 1,5-2 Վտ հզորություն, միջին չափերի սենյակի համար բավարար է 1 Վտ-ը:

Հնչողության որակը բնութագրվում է վերարտադրվող և բնական հնչյունների նմանության աստիճանով. կախված է գլխավորապես Ռ-ում առաջացող աղավաղումներից (%ներով), թողանցվող հաճախությունների շերտի լայնությունից (հերցերով, Հց) և օգտակար ազդանշանն ուղեկցող խանգարումների մակարդակից (գոյանում է մթնոլորտային պարպումների հետևանքով առաջացող խանգարումներից և տարբեր էլեկտրակայանքներից առաջացող արդյունաբերական խանգարումներից, ինչպես նաև Ռ-ի ներքին էլեկտրական աղմուկներից)։

Բարձրորակ վերարտադրման համար ընդունիչի թողանցման շերտը պետք է համապատասխանի ռադիոկայանների ճառագայթած ազդանշանների հաճախությունների շերտի լայնությանը։ Թողանցման շերտի նեղացումը վատացնում է վերարտադրման որակը, սակայն նվազեցնում է խանգարումների մակարդակը, և հակառակը։ Այդ պատճառով առավել կատարյալ Ռ-ներում թողանցման շերտն ըստ բարձր հաճախության լինում է փոփոխական և խանգարումների առկայության դեպքում կարգավորվում է ավտոմատ կերպով կամ ձեռքով։ Վերարտադրվող հաճախությունների շերտն ըստ ձայնային ճնշման, Ռ-ի էլեկտրական բնութագրերից բացի, կախված է նաև նրա ձայնական համակարգի որակից։ Լավագույն Ռ-ները ԳԿԱ ընդգրկույթում ընդունելիս և կոմպակտ ձայնասկավառակ նվագարկելիս վերարտադրում են մոտավորապես 20-ից մինչև 20000 Հց ձայնային հաճախությունները, այսինքն համարյա բոլոր լսելի հնչյունները։

Ընդունման կայունությունը որևէ հաճախության վրա համալարքը և հաստատված բարձրաձայնությունը երկար ժամանակ պահպանելու Ռ-ի ընդունակությունը, հատկապես մեծ նշանակություն ունի ԿԱ ընդգրկույթում ընդունման ժամանակ և բավարար չափով ապահովվում է միայն բարձր որակի ըդունիչներում։

Ռ-ում կան նաև կառավարման հարմարությունն ապահովող օժանդակ հարմարանքներ բարձրաձայնության ու տեմբրի կարգավորիչներ, ճշգրիտ համալարքի ցուցիչ, փոխագուցավոր (դուրսքաշովի) անտենա՝ ԿԱ ընդգրկույթում ընդունելու համար, ներքին անտենաներ (մագնիսականը՝ ԵԱ և ՄԱ ընդգրկույթների համար և դիպոլը՝ ԳԿԱ ընդգրկույթի համար), հեռակառավարման, ավտոմատ ենթալարքի (սովորաբար ԳԿԱի համար) հանգույցներ, ճշգրիտ համալարքի բռնակ ևն։

Սպառվող հզորությունը կախված է Ռ-ում օգտագործվող լամպերի, տրանզիստորների և ինտեգրալային սխեմաների թվից ու տեսակից, այն ընկած է վատտի մասերից (ամենափոքր փոխադրովի Ռ-ներ) մինչև 100 Վտ և ավելի (բարդ ծավալահնչական համալիրներ) միջակայքում։ Սնման աղբյուրների տեսակից կախված՝ տարբերում են ցանցային Ռ-ներ, որոնք աշխատում են 50 Հց հաճախության փոփոխական հոսանքի ցանցից, հոսանքի ինքնուրույն աղբյուրներից սնվող Ռ-ներ, որոնք աշխատում են սկզբնական գալվանական տարրերից ու մարտկոցներից կամ կուտակիչներից, երբեմն՝ արևային մարտկոցներից ու ջերմաէլեկտրագեներատորներից (ջերմամարտկոցներից)։ Որոշ Ռ-ներ ունեն համապիտանի սնուցում, այսինքն՝ կարող են աշխատել ինչպես ցանցից, այնպես էլ մարտկոցներից կամ կուտակիչներից։ Ցանցից սնվելու դեպքում փոփոխական հոսանքը կերպափոխվում է հաստատունի (ուղղվում է) հատուկ սարքով, որը կոչվում է ուղղիչ։

Ռները լինում են ամրակայված (սենյակային), փոխադրովի և ավտոմոբիլային։

Ամրակայված ընդունիչները հաճախ էլեկտրանվագարկիչի կամ (և) մագնիտոֆոնի հետ (տես Ռադիոլա, Մագնիտոլա, Մագնիտոռադիոլա) միավորվում են մի ընդհանուր համալիրի մեջ։

Փոխադրովի ռադիոընդունիչները ավելի պարզ են, թեթև ու խնայողական (սնվում են սովորաբար մարտկոցներից կամ կուտակիչներից)։ Դրանք ավելի հաճախ օգտագործվում են արշավներում, էքսկուրսիաների, հանգստի ժամանակ, ունեն փոքր չափեր և յուրահատուկ ձևավորում։ Փոքրաչափ փոխադրովի ընդունիչները հաճախ կոչվում են գրպանի Ռ-ներ։

Ավտոմոբիլային ընդունիչներին բնորոշ են թրթռակայունությունն ու ցնցակայունությունը, նվազ զգայունությունը խանգարումների նկատմամբ և պարզեցված կառավարումը։

Ժամանակակից, այդ թվում նաև համակցված կայանքների կազմի մեջ մտնող Ռ-ները (բացի 0,3 դմ³-ից պակաս ծավալով փոքրաչափ և հուշանվերային ընդունիչները), ըստ իրենց պարամետրերի և օժանդակ (սպասարկու) հարմարանքների առկայության, բաժանվում են բարդության 4 խմբի (տեսակի). բարձրագույն, I, II և III։ Բարդության բարձրագույն խմբին են պատկանում կառուցվածքով առավել բարդ, այդ թվում և ծավալահնչական համալիրների մեջ մտնող, սպասարկու հարմարանքների մեծ հավաքածուով Ռ-ները. դրանք աչքի են ընկնում առավել ճշգրիտ պարամետրերով և ընդունում են տեղական ու հեռավոր կայանների մեծ թվով հաղորդումներ բոլոր ընդգրկույթներում։ Ունեն ձայնական համակարգեր, որոնք ապահովում են հնչողության բարձր որակ և ստեղծում ծավալահնչունային էֆեկտ կամ ծավալային հնչողության տպավորություն։

Բարդության առաջին խմբին են պատկանում տրանզիստորային ընդունիչները, որոնք իրենց պարամետրերով համարյա չեն զիջում բարդության բարձրագույն խմբի ընդունիչներին, բայց ունեն ավելի քիչ սպասարկու հարմարանքներ։ Բարդության երկրորդ և երրորդ խմբերին են պատկանում պարզեցված Ռ-ները, որոնց պարամետրերը պակաս ճշգրիտ են, քան առաջին խմբի ընդունիչները, ինչպես նաև ոչ մեծ չափի զանգվածային մոդելները, որոնք ունեն ալիքների 2-3 ընդգրկույթ և նախատեսված են առավելապես տեղական ռադիոկայանների հաղորդումներն ընդունելու համար, սովորաբար մեկ բարձրախոսով վերարտադրվող հնչողության որակը համեմատաբար ցածր է։

Ընդունիչների մեջ առանձնահատուկ տեղ են գրավում փոխադրովի Ռ-ները։ Արտադրվում են ինչպես ամենաբարձր որակի մոդելներ, այնպես էլ զանգվածային էժան ընդունիչներ։ Այդպիսի ընդունիչները, որպես կանոն, ունեն ոչ մեծ զանգված, հուսալի են, հեշտ կառավարվող, տեղափոխելու համար հարմար, քանի որ ինքնուրույն սնուցման և ներկառուցված մագնիսական անտենայի շնորհիվ թույլ են տալիս ռադիոհաղորդումներ ընդունել նույնիսկ քայլելիս կամ ավտոբուսով, գնացքով, ջերմանավով ճանապարհորդելիս։

Ինչ է անհրաժեշտ իմանալ, ռադիոընդունիչ ձեռք բերելիս։ Հեռավոր կայանների հաղորդումները սենյակի անտենայով լավ ընդունելու համար պահանջվում է բարձր որակի զգայուն ընդունիչ։ Հեռավոր շրջաններում նախապատվությունը հարկավոր է տալ բարդության բարձրագույն կամ առաջին խմբի Ռ-ներին։ Խոշոր քաղաքներում, որտեղ, խանգարումների պատճառով, հեռավոր շատ կայանների ընդունումը գործնականում անհնար է, միանգամայն բավարար են աշխատում ավելի պարզ ընդունիչները, որոնք նախատեսված են առավելապես տեղական կայանների հաղորդումները լսելու համար։

Ռադիոընդունիչի տեղակայումն ու միացումը։ Ռ. տեղակայելուց առաջ անհրաժեշտ է ուշադիր ծանոթանալ ընդունիչին կից տրվող բացատրագրին և պատյանի հետևի պատի մակագրություններին։ Ռ-ի համար ընտրում են չոր, ոչ տաք տեղ, հնարավորին չափ հեռու ջեռուցիչ սարքերից ու պատուհաններից։ Ռ-ի և անտենայի հողակցման լադերը պետք է որքան հնարավոր է կարճ լինեն։ Չի թույլատրվում անտենայի փոխարեն օգտվել լուսավորության կամ ռադիոտրանսլյացիոն ցանցից։ Սենյակի կամ ներկառուցված անտենա օգտագործելիս հողակցումը պարտադիր չէ։ Արտաքին անտենայից օգտվելիս անհրաժեշտ է ամպրոպային փոխարկիչ՝ պարպիչով ու հողակցիչով։ Արգելվում է որպես հողակցիչ օգտագործել կենտրոնական ջեռուցման մարտկոցները և գազամուղի խողովակները։ Ավտոտրանսֆորմատորով ուղղիչ կամ սնման անտրանսֆորմատոր սխեմա ունեցող ցանցային Ռ-ին չի թույլատրվում հողակցման լար միացնել, այդպիսի ընդունիչը սովորաբար ունենում է համապատասխան ցուցումներ բացատրագրի մեջ և նախազգուշական մակագրություն՝ պատյանի հետևի պատի վրա։ «Անտենա» և «Հող» բնիկներին միացումը խորհուրդ է տրվում կատարել հատուկ միաբևեռ երկժանիների օգնությամբ։ Բոլոր միացումները պետք է լինեն հուսալի և կիպ, լարի միացման տեղերը ցանկալի է զոդել և պաշտպանել մեկուսիչ ժապավենով (խորհուրդ է տրվում օգտագործել քլորվինիլային ժապավեն)։

Ցանցային Ռ. միացնելու համար լարման փոխարկիչը պետք է դնել 127 Վ-ի կամ 220 Վ-ի վրա՝ ըստ ցանցի լարման։ Ինքնուրույն սնուցումով ընդունիչը միացնելուց առաջ սովորաբար բավարար է ուշադիր ծանոթանալ բացատրագրին և ստուգել սնուցման տարրերի միացման ճշտությունը, դրանց տեսակի ու քանակի համապատասխանությունը նկարագրության մեջ տրված ցուցումներին։

Ռադիոընդունիչի օգտագործումը։ Ցանցից սնվող Ռ-ում կան մանրամասներ, որոնք միացված վիճակում գտնվում են բարձր լարման տակ։ Ուստի չի կարելի փոխել ապահովիչները, հանել հետնապատը կամ փոխել լարումը, առանց Ռ. ցանցից անջատելու։

Հրդեհից խուսափելու համար չի կարելի միացրած Ռ. թողնել առանց հսկողության. այն միացնելիս անհրաժեշտ է միշտ հողակցել դրսի անտենան։ Ամպրոպի ժամանակ խորհուրդ է տրվում Ռ. անջատել դրսի անտենայից և լուսավորության ցանցից խցակի երկժանին հանելով վարդակից։ Ընդունիչի ապահովիչը միշտ պետք է համապատասխանի բացատրագրի մեջ նշված անվանական արժեքին, միանգամայն անթույլատրելի է այն փոխարինել մետաղալարով կամ այլ ոչ ստանդարտ հաղորդիչներով։

Կարևոր է հետևել սնուցման լարմանը։ Երբ վերջինս նվազում է, ընդունիչի ձայնը ցածրանում է, երբեմն խռխռոց է լսվում։ Գերլարումը հանգեցնում է լամպերի արագ շարքից դուրս գալուն և որոշ մանրամասների փչանալուն։ Ցանցի լարման զգալի փոփոխությունների դեպքում ցանցային Ռ-ները հարկավոր է միացնել ավտոտրանսֆորային մատորի կամ, ավելի լավ է, ավտոմատ լարման կայունարարի միջոցով (տես Կայունարար լարման):

Անհրաժեշտ է Ռ. զերծ պահել հարվածներից ու ցնցումներից, գերտաքանալուց, խոնավությունից ու փոշոտվելուց։ Աշխատանքի ժամանակ թրթռումը մեղմելու, ինչպես նաև դռդռոցից ու կողմնակի այլ ձայներից խուսափելու համար Ռ. պետք է տեղադրել խիտ գործվածքով կամ թաղիքով ծածկված կայուն հենակալի վրա։ Ռ-ի վրա պետք չէ դնել կողմնակի առարկաներ։ Բռնակներն ու ստեղները հարկավոր է շարժել սահուն կերպով, առանց ճիգի։

Երկար աշխատելու հետևանքով ընդունիչի թույլ տաքանալը բնականոն երևույթ է։ Գերտաքացման չնչին նշանների, առավել ևս ծխի կամ այրածահոտի երևան գալու դեպքում հարկավոր է անմիջապես անջատել Ռ. և դիմել մասնագետի։ Տարին մեկ-երկու անգամ (երաշխիքային ժամկետը լրանալուց հետո) անհրաժեշտ է մաքրել Ռ.։ Դրա համար այն անջատում են, հետնապատը հանում և փչելով (օրինակ, փոշեծուծով) հեռացնում փոշին։ Դժվարամատչելի տեղերը հարմար է մաքրել ռետինե տանձիկով, միաժամանակ վրձինով հեռացնելով փոշին։ Բաց տեղերից փոշին ու կեղտը հեռացնում են խոնավ շորով։ Խորհուրդ չի տրվում հանել ընդունիչի տակի կափարիչը (տակդիրը) և մաքրել հավաքակցված հանգույցները։

Տան պայմաններում, բացի ապահովիչները, լամպերն ու սնուցման տարրերը փոխելուց, կարելի է կատարել միայն թեթև նորոգում (թուլացած բռնակների ամրացում, խցակի երկժանու կարգավորում ևն), որի համար հարկ չի լինում ընդունիչը քանդել։ Մնացած բոլոր դեպքերում հարկավոր է դիմել նորոգման արհեստանոց։