ՏՏՀ/Ռադիոլա
ՌԱԴԻՈԼԱ, ընդհանուր պատյանում միավորված ռադիոընդունիչից և էլեկտրոֆոնից բաղկացած համակցված կայանք։ Արտադրում են նաև մագնիտոռադիոլաներ՝ Ռ-ի և մագնիտոֆոնի համակցությունը։ Լինում են կառուցվածքորեն հեռուստացույցի հետ միավորված Ռ-ներ։ Ըստ որակը բնորոշող տեխնիկական բնութագրերի (պարամետրերի)՝ Ռ-ները, ռադիոընդունիչների նման, բաժանվում են բարդության խմբերի։ Լինում են անշարժ (սենյակի, հատակադիր) և փոխադրովի Ռ-ներ։ Ըստ սնման եղանակի տարբերում են ցանցից և հաստատուն հոսանքի ինքնուրույն աղբյուրներից (մարտկոցներ, կուտակիչներ) սնվող Ռ-ներ։ Որոշ (սովորաբար տրանզիստորային) Ռ-ներն ունեն համապիտանի սնուցում (6 Վ, 9 Վ կամ 12 Վ լարման մարտկոցներից և փոփոխական հոսանքի 127 Վ կամ 220 Վ լարման էլեկտրական ցանցից Ռ-ի իրանի մեջ ներկառուցված հատուկ ուղղիչի միջոցով)։
Ընդունիչի և օժանդակ (սպասարկու) սարքվածքների կառավարման բռնակներից բացի, Ռ. սովորաբար ունենում է սկավառակի պտտման հաճախության փոխարկիչ՝ 78, 45 և 33 1/3, իսկ երբեմն նաև 16 2/3 պտ/ր պտուտաթվերով՝ տարբեր գրամոֆոնային ձայնասկավառակների համար, նվագարկումից հետո սկավառակի պտույտն ավտոմատորեն դադարեցնելու ինքնականգ, էլեկտրանվագարկիչ սարքի միացման ցուցիչ, ձայնահանի գլխիկի սահուն իջեցումը ձայնասկավառակի վրա ապահովող միկրովերհան ևն։ Ներմուծական որոշ Ռ-ներում կան հատուկ սարքվածքներ, որոնք ավտոմատորեն փոխում են ձայնասկավառակները։ Բարձր կարգի Ռ-ներում հաճախ կիրառում են առանձնապես երկարակյաց ալմաստե ասեղով ձայնահան։ Ծավալահունչ ձայնագրությունը վերարտադրող Ռ-ներն ունեն երկանցուղի ծավալահունչ ձայնահան և ուժեղարարների ու բարձրախոսների երկու համակարգ, ծավալահունչ Ռ-ների տարբերիչ առանձնահատկությունը առանձին պատյաններում ամփոփված բարձրախոսներն են (տես Ձայնական համակարգ):
Ռ-ից օգտվելու կանոններն ու նրա խնամքը նույնն են, ինչ ռադիոընդունիչինն ու էլեկտրաֆոնինը: