Jump to content

ՏՏՀ/Ռախիտ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ռախիտ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 329
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՌԱԽԻՏ, հիվանդություն, որը պայմանավորված է օրգանիզմում D վիտամինի անբավարարությամբ։ Առավել հաճախ հիվանդանում են 2 ամսականից մինչև 2-3 տարեկան թուլացած, անհաս երեխաները, որոնք ստանում են արհեստական սնունդ (անհասները կարող են հիվանդանալ կյանքի 3-4-րդ շաբաթում)։ Հաճախ 3 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների մոտ նկատվում են վաղ մանկական տարիքում կրած Ռ-ի հետևանքները (ողնաշարի և ոտքերի ծռումներ, ատամների անկանոն աճ և այլն)։ Ռ-ի առաջին ախտանշաններն են. երեխան դառնում է անհանգիստ, վատ է քնում։ Բնորոշ է քրտնոտությունը (կերակրելիս քրտնում է երեխայի դեմքը, քնած ժամանակ՝ գլուխը)։ Քրտինքն առաջացնում է քոր, որի պատճառով երեխան գլուխն անընդհատ քսում է բարձին, և ծոծրակի շրջանը ճաղատանում է։ Ռ-ի առաջին նշաններն ի հայտ գալիս հարկավոր է դիմել բժշկի։ Հիվանդությունը զարգանալիս երեխաների մոտ նկատվում է մկանների թուլություն, նրանք սովորական ժամկետից ուշ են սկսում նստել, կանգնել, քայլել։ Որովայնը մեծանում է, հաճախ լինում է փորկապություն կամ լուծ։ Ավելի ուշ նկատվում են ոսկրային համակարգի փոփոխություններ. աղբյուրակների ոսկրացումը կասեցվում է, ոսկրերը կակղում են և հեշտ են ձևախախտվում, կողոսկրերի վրա առաջանում են հաստացումներ («համրիչներ»), ճակատային և ծոծրակային թմբիկները մեծանում են և, գլուխն ստանում է քառանկյան ձև։ Մկանների աշխատանքի խանգարման և ոսկրակակղանքի հետևանքով կարող է փոխվել կրծքավանդակի ձևը («հավի կուրծք»), որից խանգարվում են շնչառությունը, սիրտանոթային համակարգի գործունեությունը, ողնաշարը և ոտքերը ծռվում են, զարգանում է տափակաթաթություն։ Ռ-ով հիվանդ երեխաների ատամները ծկթում են ոչ ժամանակին, խախտվում է դրանց ծկթման կարգը։ Ռ-ով հիվանդ երեխաները ավելի ընկալունակ են վարակիչ հիվանդությունների նկատմամբ։

Ռ-ի կանխարգելումը հարկավոր է սկսել դեռևս հղիության ժամանակ։ Ապագա մայրը պետք է որքան հնարավոր է երկար ժամանակ լինի մաքուր օդում, կանոնավոր սնվի (տես Հղիություն, Վիտամիններ): Նորածնի Ռ-ի կանխարգելման համար կարևոր են երեխային կրծքով կերակրելը, օրգանիզմը կոփող միջոցառումները։ Անհրաժեշտ է երեխային դուրս բերել մաքուր օդ օրական 4-6 ժամից ոչ պակաս։ Խորհուրդ է տրվում երեխային կանոնավոր կերպով (ամիսը մեկ անգամ) ցույց տալ բժշկին։

Գարնան և ձմռան ամիսներին, բժշկի նշանակումով, երեխան պետք է ստանա քվարցային ճառագայթում։ Անհրաժեշտության դեպքում բժիշկը նշանակում է վիտամին D, բուժական մարմնամարզություն, մերսում։

Չի կարելի առանց բժշկի խորհրդի երեխային տալ վիտամին D կամ փոխել նշանակած դեղաչափը։ Պատրաստուկի չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել ծանր բարդությունների։