ՏՏՀ/Սալջարդ
ՍԱԼՋԱՐԴ, մարմնի հյուսվածքների և օրգանների մեխանիկական վնասում առանց մաշկի ամբողջականության խախտման։ Ս-ի դեպքում հաճախ վնասվում են միայն մակերեսային հյուսվածքները (մաշկ, ենթամաշկային բջջանք, մկաններ, վերնոսկր)։ Ս-ի հիմնական նշաններն են. վնասված հատվածի ցավը, ուռածությունը։ Վնասված հյուսվածքների այտուցի հետ կապված ուռածությունը, իսկ ծանր Ս-ի դեպքում նաև արյունազեղումը հայտնաբերվում են ոչ միանգամից, երբեմն վնասվածքից 2-3 օր անց և ավելի ուշ։ Ս-ի ենթարկված հատվածում սովորաբար հայտնվում է արյան ենթազեղում կապտակարմիր բծերի տեսքով։ Ցավը մեղմացնելու և արյունազեղումը փոքրացնելու նպատակով պետք է անմիջապես վնասված հատվածը պահել ծորակի սառը ջրի շիթի տակ, ապա վրան դնել սառցապարկ կամ սառը թրջոց։ Ավելի ուշ արյունազեղման ներծծմանը նպաստում է տաքը (տաքացնող կոմպրես)։ Խորհուրդ է տրվում դնել նաև ճնշող վիրակապ և ապահովել մարմնի վնասված հատվածի հանգիստը (ձեռքը կախ տալ գլխաշորով, ոտքը դնել բարձր բարձի վրա)։ Ս-ից հետո ուժեղ ցավերը վկայում են ոսկրերի վնասման մասին։ Չի կարելի ինքնուրույն շփել վնասված հատվածը, քանի որ այն կարող է թրոմբոֆլեբիտի (երակի խցանումը արյան մակարդուկով) պատճառ դառնալ։ Եթե այտուցը և արյունազեղումը (կապտուկ) շուտ չեն անհետանում, պետք է անպայման դիմել բժշկի։ Գլխի (հատկապես գիտակցության կորստով, սրտխառնոցով, փսխումներով ուղեկցվող), կրծքավանդակի, որովայնի ստորին հատվածի ուժեղ Ս-ի դեպքում կարող են վնասված լինել գլխուղեղը (տես Ուղեղի ցնցում) և ներքին օրգանները։ Այդպիսի դեպքերում ամենից առաջ հարկավոր է ապահովել հիվանդի հանգիստը և բժիշկ հրավիրել (կամ շտապ տեղափոխել հիվանդանոց)։ Խստիվ արգելվում է հիվանդին վեր կենալ և քայլել։ Նրան հարկավոր է տեղափոխել ձեռքերի վրա կամ պատգարակով։