Jump to content

ՏՏՀ/Սալոր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՍԱԼՈՐ, տնտեսական նշանակություն ունեն Հունգարասալորը, Ռենկլոդ Ալտանան, ինչպես նաև շլորը, Հայաստանի տարբեր մարզերում աճող վայրի մամխին և մամխասալորենին։ Ս. պարունակում է շաքար (մինչև 21 %), օրգանական թթուներ, ազոտային և պեկտինային (դոնդողացնող) նյութեր, վիտամիններ (B1 , B2, C, կարոտին ևն), հանքային աղեր։

0 °C ջերմաստիճանի և օդի 95 % հարաբերական խոնավության պայմաններում Ս. կարելի է պահել 10-15 օր։ Տնային պայմաններում Ս-ից կարելի է պատրաստել դոնդող, մուրաբա, կոմպոտ, սոուսներ, պաստեղ ևն։

Հունգարասալորների պտղամիսն ամուր է, շաքարաշատ, լավ պահպանվում և փոխադրվում են։ Օգտագործում են թարմ, կոմպոտներ, մուրաբա, ջեմ, պովիդլո, դոնդող, պաստեղ, հյութեր պատրաստելու, արագ սառեցնելու, իսկ որոշ սորտեր՝ չիր պատրաստելու համար։

Ռենկլոդի պտուղները կլոր են, կանաչ, դեղին կամ մանուշակագույն, պտղամիսը նուրբ է, ամուր, հյութեղ, քաղցր։ Մեծ մասի պտղամիսը հեշտությամբ անջատվում է կորիզից։ Ռենկլոդների հասուն պտուղները վատ են պահվում և տեղափոխվում։ Օգտագործում են թարմ, ինչպես նաև մուրաբա, կոմպոտ, պովիդլո, դոնդող, ջեմ եփելու, հյութ պատրաստելու համար։

Շլոր. Հայաստանում առավել տարածված են Երևանի դեղինը, Օշականի դեղինը, Սև շլորը (վաղահաս, միջահաս, ուշահաս)։

Պտուղը տարբեր չափերի է, կլորավուն, ձվաձև, էլիպսաձև, բաց կանաչ կամ դեղին, երբեմն մաշկի վրա կարմիր կետերով։ Պտղամիսը դժվարությամբ է անջատվում կամ ընդհանրապես չի անջատվում կորիզից։ Ս-ի մյուս տեսակներից շլորը տարբերվում է պեկտինային նյութերի և օրգանական թթուների մեծ պարունակությամբ ու ցածր շաքարայնությամբ։ Թարմ ուտելու համար ոչ բոլոր սորտերն են պիտանի, հիմնականում օգտագործում են մուրաբա, պովիդլո, դոնդող, կոմպոտ, պաստեղ, տղեմալի ևն պատրաստելու համար։