ՏՏՀ/Սաղմոններ
ՍԱՂՄՈՆՆԵՐ, արժեքավոր արդյունագործական ձկներ են։ Դրանցից են. խաղաղօվկիանոսային Ս. (սապատաձուկ, կետա, կիժուչ, չավիչա, սիմա, ներկա), ազնիվ Ս. (սաղմոն, կումժա, կասպյան սաղմոն, իշխան), լերկաձկներ (կունջա, մալմա և ալպյան լերկաձուկ)։ Ս. լինում են գաղթող (ձվադրման շրջանում ծովից գնում են գետերը և լճերը) և նստակյաց (գետի և լճի Ս.)։
Ս-ի միսը նուրբ վարդագույնից (լերկաձկներ) մինչև վառ մոռագույն է (ներկա)՝ առանց մանր փշերի, համեղ է և, որպես կանոն, բավականին ճարպոտ։
Ս-ից պատրաստում են պահածոներ, զուրգել, զանազան ապուխտներ, ստանում խավիար։ Պահածոներն օգտագործում են զանազան սառը ուտեստներ, ապուրներ արագ պատրաստելու համար։ Թարմ կամ սառեցրած Ս-ի միսը կարելի է խաշել, տապակել և խորովել։ Պատրաստում են նաև ձկնապուր, դոնդող, կոտլետներ և այլ կերակրատեսակներ։
Ներկա (կարմիր), կիժուչ և սիմա (խաղաղօվկիանոսային Ս.) Ս-ի զանգվածը 2,7-6,5 կգ է։ Այս ձկներն ավելի համեղ և ճարպոտ են, քան սապատաձուկը և կետան։ Դրանք սովորաբար աղ են դնում, ծխահարում, ապխտում և պահածոյում։
Կումժան և սաղմոններն ապրում են Բարենցի, Սպիտակ և Բալթիկ ծովերում։ Զանգվածը 1-5 (մինչև 13) կգ է։ Կումժայի մի ձևը՝ կասպյան սաղմոնն ապրում է Կասպից ծովում, բայց ձվադրման շրջանում գաղթում է դեպի արևմտյան և հարավային ափերի գետերը։ Զանգվածը 8-13 (երբեմն մինչև 51) կգ է։ Թույլ աղ դրած կասպյան սաղմոնը ձկնային նրբախորտիկներից է։
Կունջա և մալմա (խաղաղօվկիանոսային լերկաձկներ). զանգվածը 0,2-4 կգ է, միսը որակով զիջում է Ս-ին։
Ալպյան լերկաձուկն ապրում է Ռուսաստանի լեռնային և հյուսիսային ջրավազաններում, նստակյաց է (զանգվածը՝ 0,1-0,5 կգ) և գաղթող (խոշոր է, զանգվածը՝ 15 կգ)։ Միսը ճարպոտ է և համեղ, օգտագործվում է հիմնականում աղ դրած և ծխահարած։ Հայաստանում տարածված տեսակներն են իշխանը, կարմրախայտը, սաղմոնը և Կուրի լերկաձուկը։