ՏՏՀ/Սամիթ
ՍԱՄԻԹ, Հայաստանում աճեցնում են ամենուր։ Տարածված սորտեր են Հայկական 269, Գրիբովյան։ Սննդի մեջ օգտագործում են Ս-ի թարմ տերևները և մատղաշ հյութալի ցողունները։ Ամառվա ընթացքում Ս. ունենալու համար պետք է այն ցանել 20 օրը մեկ։
Ս. պարունակում է եթերայուղեր, որոնք պայմանավորում են նրա համն ու բուրմունքը։ Ս-ի տերևները հարուստ են վիտամիններով՝ մինչև 150 մգ % C վիտամին, կարոտին (A նախավիտամին)։ Թարմ Ս. կարելի է պահել մինչև 2 օր։
Մանր կտրտած Ս. ավելացնում են մսով, ձկով և բանջարեղենով եփած կերակրատեսակներին, ինչպես նաև սլաթներին ու վինեգրետներին՝ մատուցելուց առաջ կամ դրանք պատրաստելիս։ Տարբեր բանջարներ աղ կամ թթու դնելիս օգտագործում են կիսահասունացած սերմերով Ս.։
Ս. կարելի է աղ դնել կամ չորացնել (տես Բանջարեղենի և մրգերի չորացում): Աղ դնելու համար մատղաշ Ս. (մինչև ծաղկելը) մաքրում են արմատներից, լվանում, ապա կտրտում և դասավորում բանկաների մեջ։ Դասավորելիս պետք է Ս-ի վրա աղ ցանել (1 կգ Ս-ին՝ 200 գ աղ) և տոփանել մինչև հյութազատումը։ 2 օրից հետո, երբ զանգվածը նստում է, պետք է ավելացնել աղ դրած Ս. և փակել։ Աղ դրած Ս. պահում են ցածր ջերմաստիճանում (սառնարանում կամ մառանում)։