ՏՏՀ/Սանրվածք
ՍԱՆՐՎԱԾՔ, կանանց Ս.։ Ս. ընտրելիս չի կարելի կուրորեն հետևել նորաձևությանը, այլ պետք է հաշվի առնել դեմքի և մարմնի կազմվածքի առանձնահատկությունները։ Ս. պիտի ընդգծի դեմքի գեղեցկությունն ու առանձնահատկությունները և թաքցնի թերությունները (դեմքի ոչ ճիշտ օվալը, փոքր կամ շատ մեծ ճակատը, խոշոր կզակը ևն)։ Ս. պիտի ներդաշնակի հագուստին և ընդգծի կնոջ անհատականությունն ու ոճը։ Ս. ընտրելու կանոնները վերաբերվում են բոլոր կանանց անկախ տարիքից։ Տարեց կանանց խորհուրդ է տրվում պարզ և խիստ գծերով Ս-ներ, մազերի զուսպ երանգի ներկեր։ Ցանկացած Ս-ի հիմքը մազերի լավ կտրվածքն է։
Ամենօրյա Ս. կարելի է անել տանը առանց վարսավիրին դիմելու։ Դրա համար պետք է ունենալ 20-25 հատ մազափաթթուկ, 2 սանր (մեկը նոսր ատամներով՝ սանրելու համար, մյուսը երկար, բարակ կոթով՝ մազափնջերն առանձնացնելու համար), խոզանակ և ֆեն։ Մազերը փաթաթելուց առաջ գլուխը պետք է լվանալ, խոնավ մազերը թեթևակի թրջել գարեջրով, կիտրոնի հյութով կամ հատուկ հեղուկով։ Հարմար է օգտվել պլաստմասսայե փաթթուկներից, ինչպես նաև էլեկտրա- կամ ջերմափաթթուկներից։ Փաթթուկի տրամագիծն ընտրում են ըստ Ս-ի բնույթի, մազերի խտության։ Օրինակ, ճակատի մազափնջի համար ավելի լավ է օգտագործել մեծ տրամագծի, իսկ ծոծրակի կարճ մազերի համար՝ ամենաբարակ փաթթուկներ։ Ոմանք նախընտրում են մազերը փաթաթել գիշերը։ Բացի նրանից, որ փաթթուկներով քնելը հարմար չէ, դրանց ճնշումից վատանում է գլխի մաշկի արյան շրջանառությունը և մազերի սնուցումը։ Ավելի հարմար է օգտվել ֆենից։ Չորացրած մազերը նախ պետք է սանրել սանրով, ապա խոզանակով և հետո միայն հարդարել։ Պատրաստի Ս. կարելի է ամրացնել լաքով։
Մազերը գանգրացնելու համար կարելի է օգտվել ունելիից, բայց ոչ հաճախ, քան շաբաթը մեկ անգամ։ Ունելին պետք է շատ տաք չլինի։ Որպեսզի խոպոպներն ավելի երկար պահպանվեն, մազափունջը պետք է երկար պահել ունելիի վրա փաթաթած։
Լայն, մեծ ճակատով նեղ դեմք ունեցողներին խորհուրդ է տրվում ճակատը ծածկել մազափնջով։ Շատ նեղ դեմք ունեցողներին խորհուրդ է տրվում մազերով ծածկել այտերը։ Նեղ ճակատը և լիքը այտերը մազերով ծածկելով կարելի է որոշ չափով շտկել դեմքի օվալը։ Բարակ պարանոց ունեցողներին սազում է թափած մազերով Ս., իսկ կարճ և լիքը պարանոց ունեցողներին՝ ծոծրակի մասում երկարավուն (անկյունաձև) կտրվածքով Ս.։
Տղամարդկանց Ս.։ Տղամարդիկ մազերը սանրում են հետ կամ հերաբաժանով։ Խոշոր դիմագծերով տղամարդկանց սազում է հարթ սանրած մազերով կարճ կտրվածք, իսկ մանր դիմագծերով տղամարդկանց՝ փարթամ Ս.։ Բարձրահասակ տղամարդկանց խորհուրդ է տրվում մեջտեղին մոտ, ցածրահասակներին՝ ականջին մոտ հերաբաժանով Ս. (առջևից մազերի մի մասը բարձրացրած)։
Մանկական Ս.։ Նախադպրոցական տարիքի աղջիկներին ավելի շատ սազում է մազափունջը ճակատին բերած կլոր Ս.։ Փարթամ մազերով դպրոցահասակ աղջիկներին սազական է կարճ կտրվածքը, ուղիղ մազերի դեպքում՝ հյուսելը։ Խորհուրդ է տրվում երկար մազերը սանրել հետ և հյուսել։ Հյուսքի ծայրը կարելի է ձգել դեպի գագաթը և ժապավեն կապել։ Նախադպրոցական և դպրոցահասակ փոքր տղաներին սազում է ճակատի մազափնջով Ս., իսկ մեծերը կարող են կողքից հերաբաժանով մազերը սանրել վերև։