ՏՏՀ/Սակավարյունություն
ՍԱԿԱՎԱՐՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, անեմիա, հիվանդագին վիճակ, որը բնորոշվում է արյան միավոր ծավալում հեմոգլոբինի պարունակության, սովորաբար նաև արյան կարմիր մարմնիկների (էրիթրոցիտների) քանակության միաժամանակյա նվազմամբ։ Ս-յան բնորոշ հատկանիշներից են. մաշկի և լորձաթաղանթների գունատությունը, արագ հոգնելը, թուլությունը, գլխապտույտը, գլխացավերը, ուժեղ արտահայտված Ս-յան դեպքում նաև ուշագնացությունները, հևոցները։ Հիվանդությունը կարող է զարգանալ ուժեղ (առատ) կամ քրոնիկական (երկարատև, բայց աննշան) արյան կորուստների՝ վնասվածքային, քթային, ստամոքսային, թութքային, արգանդային և այլ արյունահոսությունների ժամանակ, ինչպես նաև անբավարար սնուցման հետևանքով (երկաթի պակասություն, սննդի մեջ վիտամինների անբավարարություն), օրգանիզմը հյուծող քրոնիկական հիվանդությունների (ուռուցքային, տուբերկուլոզ, երիկամաբորբ և այլն), թունավորումների (սնկերով, որոշ դեղամիջոցներով) դեպքում։ Ս. կարող է լինել նաև ժառանգական։
Հիվանդության նշանները նկատելիս հարկավոր է դիմել բժշկի՝ ախտորոշումը ճշտելու և համապատասխան բուժում (երկարատև, սովորաբար ամբուլատոր պայմաններում) նշանակելու համար։ Կանխարգելման նպատակով կարևոր նշանակություն ունի Ս-յան ժամանակին հայտնաբերումը և պատճառների (արյունահոսության աղբյուրի) վերացումը, վիտամիններով հարուստ, լիարժեք սնունդը, օրվա ճիշտ ռեժիմը, սպորտով պարապելը, լավ կազմակերպված հանգիստը։