ՏՏՀ/Սննդային թունավորում
ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ, անորակ կամ թունավոր սննդամթերքի օգտագործումից առաջացող սուր հիվանդություն։ Սննդամթերքը (առավել հաճախ միսը, ձուկը, արգանակը, երշիկը, պահածոները) կարող է անորակ դառնալ որոշ մանրէներով (սալմոնել, ստաֆիլոկոկ, բոտուլիզմի ցուպիկ) և դրանց թույներով վարակվելիս։ Սննդամթերքի վարակումը կապված է դրա մթերման, պատրաստման, փոխադրման, պահման և խոհարարական մշակման կանոնների խախտման հետ։ Վարակված սննդամթերքի արտաքին տեսքը կարող է չփոխվել։ Թունավորվում են նաև թունավոր սնկեր, ձկների որոշ տեսակների խավիար, ախտահարված կամ թունավոր մոլախոտերի հետ խառնված հացահատիկներից թխած հաց օգտագործելիս։ Թունավոր կարող է դառնալ սխալ պահված (ծիլ տված և կանաչած) կարտոֆիլը։
Թունավորման նշանները սովորաբար ի հայտ են գալիս մի քանի ժամից (հազվադեպ՝ մեկ օրից կամ ավելի ուշ)։ Առավել հատկանշական են փսխումները, որովայնի ցավը և փորլուծությունը, կարող են առաջանալ նաև գլխացավեր, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, դող, մկանային ցավեր, ծանր դեպքերում՝ ջղացնցումներ, գիտակցության կորուստ։
Ս. թ-ման ժամանակ հիվանդին անհրաժեշտ է շտապ տեղափոխել հիվանդանոց։ Առաջին օգնությունն է. ստամոքսի լվացումը, փորին, ձեռքերին և ոտքերին ջեռակ դնելը, մեծ քանակությամբ տաք հեղուկ, թուլության դեպքում՝ թունդ սուրճ, թեյ տալը։ Հարկավոր է, սակայն, նկատի ունենալ, որ նման ախտանշաններ (որովայնի ցավ, փսխում) դիտվում են նաև այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են կույր աղիքի բորբոքումը, ստամոքսի ու 12-մատնյա աղիքի խոցը, որոնց դեպքում անթույլատրելի են ստամոքսի լվացումը և ջեռակի կիրառումը։ Ուստի, առաջին օգնության նկարագրված միջոցներին կարելի է դիմել միայն Ս. թ-ման դեպքում։
Տես նաև Բոտուլիզմ, Աղիքային վարակիչ հիվանդություններ։