ՏՏՀ/Սեղանի սպասքավորում
ՍԵՂԱՆԻ ՍՊԱՍՔԱՎՈՐՈՒՄ, ամենօրյա. եթե ճաշասեղանին սփռոց է գցվում, ցանկալի է տակից մոմլաթ փռել, որպեսզի տաք ամանները հետք չթողնեն սեղանին, սփռոցն էլ հարթ փռված լինի։ Սեղանի կենտրոնում դնում են համեմունքի ամանները, աղաման և հացաման։ Տափակ ափսեները դնում են իրարից հավասար հեռավորության վրա։ Ափսեից աջ դնում են դանակը (սուր կողմով դեպի ափսեն) և գդալը, ափսեից ձախ՝ պատառաքաղը։ Գդալները և պատառաքաղները սեղանին դնում են ուռուցիկ կողմով։ Եթե ճաշին խորտիկներ են նախատեսված, տափակ ափսեի վրա դնում են խորտիկի ափսե։ Գործվածքից անձեռոցիկները կարելի է ծալել քառակուսի կամ եռանկյունաձև և դնել խորտիկի ափսեի վրա կամ էլ տափակ ափսեից աջ՝ գդալի մոտ. կարելի է նաև անցկացնել օղակի միջով։ Հարմար և հիգիենիկ են թղթե անձեռոցիկները, որոնք սովորաբար դնում են սեղանի կենտրոնում՝ բաժակի կամ փոքր նեղ սկահակի մեջ։
Խորտիկները և խորտիկի ափսեները հավաքելուց հետո մատուցում են ապուրը։ Ապուրի ամանը, շերեփը և խոր ափսեները դնում են տանտիկնոջ աջ կողմում։ Ապուրն ուտելուց հետո հավաքում են առաջին կերակրատեսակի ամբողջ ամանեղենը և սեղանին դնում երկրորդ կերակրատեսակի սկուտեղը։ Անուշեղենը մատուցելուց առաջ սեղանից հավաքում են օգտագործված ամանեղենն ու սպասքը և սփռոցը մաքրում փշրանքից։
Նախաճաշի կամ ընթրիքի Ս. ս. գրեթե չի տարբերվում ճաշի Ս. ս.–ից (ճաշի գդալի փոխարեն դնում են թեյի գդալ, խոր ափսեներ չեն դնում)։
Ընթրիքի սեղան գցելիս կարելի է օգտագործել գունավոր սփռոց։ Յուրաքանչյուրի համար դնում են աղանդերի ափսե, վրան՝ անձեռոցիկ, ափսեից աջ՝ աղանդերի դանակ, ափսեից ձախ՝ պատառաքաղ։ Թխվածքը, մուրաբան (կողքին մուրաբայի պնակներ) և կիտրոնը դնում են թեյի սեղանի կենտրոնում։ Թեյի սպասքը և թրմելու թեյամանը դնում են տանտիկնոջ մոտ։ Ինքնաեռը կամ մեծ թեյամանը կարելի է դնել հատուկ սեղանի (սպասքասեղանի) վրա։
Տոնական սպասքավորում: Ճաշի կամ ընթրիքի սեղանին սպիտակ սփռոց են գցում։ Ցանկալի է սեղանին ծաղիկներ դնել (ոչ մեծ ծաղկեփնջեր՝ ցածր և լայն ծաղկամաններում)։
Սեղանի կենտրոնում սովորաբար դնում են մրգի սկահակը, պղպեղի, մանանեխի և քացախի ամանները։ Ցանկալի է մի քանի տեղ փոքր աղամաններ դնել։ Կենտրոնին մոտ դնում են սառը խորտիկները։ Հացամանները դնում են սեղանի տարբեր ծայրերում։ Ըմպելիքը դասավորում են սեղանի միջին գծով, տարբեր տեղերում։ Մեծ, տափակ ափսեները դնում են իրարից հավասար հեռավորության վրա։ Տափակ ափսեի վրա դնում են խորտիկի, իսկ ձախից՝ կարկանդակի փոքր ափսեն։ Սպասքը դասավորում են այնպես, ինչպես ամենօրյա սպասքավորման ժամանակ։ Բացառիկ հանդիսավոր ճաշկերույթի սեղան սպասքավորելիս ավելացնում են ձկան և խորտիկի պատառաքաղներ և դանակներ։
Ըմպանակները դնում են ափսեի առաջ։ Տոնական սեղանի ըմպելիքների բազմազանության դեպքում յուրաքանչյուր սպասքի մոտ դրվող ըմպանակների թիվը կարող է հասնել 5-ի։ Դրանք դասավորում են երկու շարքով, առաջինում՝ թունդ խմիչքի, մադերայի կամ պորտվեյնի ըմպանակները և հանքային ջրի գավաթը, երկրորդում՝ սեղանի սպիտակ գինու ըմպանակը և շամպայնի գավաթը։ Աղանդերի դանակը, պատառաքաղը և գդալը կարելի է մատուցել ճաշկերույթի վերջում՝ աղանդերի ափսեի հետ։
Բոլոր գինիները (շամպայնից բացի) սեղանին են դնում խցանահանած։ Սովորական խցանները կարելի է փոխարինել հատուկ ձևավոր խցաններով։ Շամպայնը բացում են լցնելուց անմիջապես առաջ։ Բոլոր ուտեստների և խորտիկների հետ դնում են գդալ, պատառաքաղ, թիակ կամ ունելի։