ՏՏՀ/Սենյակային բույսեր
ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐ (ընտրությունը, բազմացումը և խնամքը), սենյակում աճեցվող բույսերի ճիշտ ընտրության համար հարկավոր է իմանալ դրանց կյանքի անհրաժեշտ պայմանները (լուսավորություն, ջերմություն և օդի խոնավություն), և դրանք առավելագույն չափով մոտեցնել բնականին։ Բույսի կյանքի և զարգացման հիմնական պայմաններից մեկը լուսավորությունն է։ Տարբերում են լուսասեր, ստվերադիմացկուն և ցրված լուսավորություն պահանջող բույսեր։
Լուսասեր բույսերից են անապատային և լեռնային շրջաններում աճող բոլոր բույսերը՝ կակտուսները և չորաբնակ այլ բույսերը (սուկուլենտներ), որոնց տերևները կամ ցողունները պարունակում են մեծ քանակությամբ պահեստային ջուր, ինչպես նաև գեղեցիկ ծաղկող բույսերի մեծ մասը՝ շքանարգիզը, հասմիկը, հերձաբույսը, ծովանարգեսը, խորդենին: Լուսասեր են նաև խայտաբղետ տերևներով շատ բույսեր, որոնք մթության մեջ կամ ստվերում կորցնում են գույների պայծառությունը (օրինակ, պատենենին, կրոտոնը, սետկրեազեան, կորդիլինեն, ստրոբիլանտեսը)։
Ցրված լուսավորություն պահանջող բույսեր են՝ ծնեբեկը, բեգոնիան, լեզվաբույսը, ուզումբարական մանուշակը, ֆուքսիան, էուխարիսը, պղպեղուկը, Ամերիկայի արևադարձային անտառների ցածրաճ խոտերը՝ նետարմատները, կալատեան, ստրոմանտեն, կտենանտեն, ֆիտոնիան, բրոմելիաների ընտանիքի շատ էպիֆիտ բույսեր, որոնք ապրում են մեկ այլ բույսի (էխմեա, ֆրեզիա, բիլբերգիա, արեգելիա, կրիպտանտուս) վրա և առնչություն չունեն հողի հետ։
Ստվերադիմացկուն բույսերից են՝ պտերները, մկնափուշը, ծոփորը, ֆիլոդենդրոնը, սինգոնիումը, սցինդապտուսը, սպատիֆիլյումը, ռուելիան, օձաբույսը, բաղեղը, տրադեսկանցիան, զեբրինան, սարկոկոկը, սողացող ֆիկուսը, Վուանի խաղողը, շատ փշատերևավորներ ևն։
Բույսերի համար կարևոր նշանակության ունի նաև ջերմությունը։
Ջերմասեր են արևադարձային բույսերը բեգոնիան, պղպեղուկը, նվիկազգիների ընտանիքի բոլոր բույսերը (անթուրիում, ագլաոնեմ, դիֆենբախիա, սինգոնիում), կորդիլինեն, վիշապածառը, բրոմելիաների և գեսներազգիների ընտանիքի բոլոր բույսերը ևն։ Դրանք ձմռանը լավ են աճում 20-25 °C ջերմաստիճանի պայմաններում։ Շատ մերձարևադարձային բույսեր՝ կակտուսները և այլ հյութալի բույսեր, քլորոֆիտումը, իլենին, ֆատսիան, բաղեղը, դափնին, մկնափուշը, մյուլհենբեկիան, ձմռանը լավ են աճում 6-12 °C ջերմաստիճանի պայմաններում։ Ջերմաստիճանի խիստ տատանումից նշված բույսերը դեղնում են և տերևաթափ լինում։
Բույսերի դասավորությունը սենյակում։ Շատ տարածված է սենյակային բույսերի խմբով տնկումները։ Խմբով տնկելիս բույսերը քիչ տարածություն են զբաղեցնում, և ավելի հեշտ է խնամել, որովհետև խմբում ընդգրկվում են միանման խնամք պահանջող բույսեր։ Անհրաժեշտ է ընտրել չափերով և աճման ձևով ներդաշնակ բույսեր։ Խմբում բույսերից մեկը պետք է լինի բարձր և խոշոր (սանսևիերա, վիշապածառ, կորդիլինե, աուկուբա, ֆատսիա), որի հիմքը կարելի է քողարկել սողացող կանթեղային բույսերով (հելեքսին, փեղուկներ, պղպեղուկներ, սողացող ֆիկուս, բաղեղ)։ Այդպիսի ձևավորումներում ցանկալի է օգտագործել տարբեր բնական նյութեր՝ քարեր, ծուռումուռ ոստաշատ կոճղեր, որոնք բնորոշ են բույսերի բնական աճման պայմաններին։ Անհրաժեշտ է հաշվի առնել խմբում ընդգրկված բույսերի տերևների գունավորումը և ստեղծել գույների ցայտերանգություն, ցանկալի է ընդգրկել գեղազարդ տերևավոր և խայտաբղետ տերևավոր բույսեր։
Խոշոր բույսերը պետք է տնկել առանձին տակառներում կամ հատուկ պատվանդանի վրա դրված արկղերում։
Կանթեղային բույսերը գեղեցիկ տեսք ունեն դարակների վրա և պատից կախված թաղարներում։ Ջերմոցից ձեռք բերված բույսերը սկզբնական շրջանում կարող են հիվանդանալ (չորանալ, տերևաթափ լինել), բայց ճիշտ խնամքի դեպքում վերականգնվում են և նոր ընձյուղներ տալիս։ Խորհուրդ է տրվում ձեռք բերել երիտասարդ բույսեր, դրանք ավելի արագ և հեշտ են հարմարվում նոր պայմաններին, բայց ավելի լավ է ինքնուրույն աճեցնել սերմերով կամ կտրոններով։
Սենյակային բույսերի հողը։ Բույսերի տարբեր խմբեր աճում են տարբեր բաղադրության հողերում։ Օգտագործում են կոմպոստային, տերևային, տորֆային, ջերմոցի, կավաճմային հողերի խառնուրդներ և ավազ։
Կոմպոստային հողը պատրաստում են բույսերի մնացորդներից, խոտից, թափված տերևներից ևն։ Պետք է դրանք կույտ անել կան լցնել փոսի մեջ, այնուհետև վրան լցնել օճառաջուր, գոմաղբաջուր։ Փտելն արագացնելու համար կոմպոստը անհրաժեշտ է բահով շուռումուռ տալ 3-5 անգամ։ 2-3 տարի անց այն կարելի է օգտագործել։ Այս հողը սովորաբար ավելացնում են աղքատ հողերին (դրանց բերրիությունը բարձրացնելու համար)։
Տերևահողը պատրաստում են ծառերի (բացառությամբ կաղնու) թափված, փտած տերևներից։ Տերևները պետք է փոցխով հավաքել, կիտել, իսկ գարնանը և ամռանը 2-3 անգամ բահով շուռ տալ։ 2-3 տարի անց այդ հողը կարելի է օգտագործել։
Տորֆահող պատրաստելու համար պետք է ճահճային մարգագետինների քայքայված տորֆը կիտել, չծածկել, թողնել 1-2 տարի, որպեսզի բույսի վրա վնասակար ազդեցություն ունեցող հողի թթուները վերանան։
Ջերմոցային հոդը կան բուսահողը (հումուսահող) ստանում են ջերմոցներում օգտագործված կիտված և լավ փտած (սովորաբար 2 տարի) գոմաղբից։
Կավահողը վերցնում են կավահողային մարգագետիններից, կիտում և թողնում ձմեռելու, իսկ գարնանը բահով այն մի քանի անգամ պետք է շուռ տալ։
Ճմահողը պատրաստում են հետևյալ կերպ. ամռանը կամ վաղ աշնանը կտրած ճիմի կտորները (10-15 սմ լայնության և 30-35 սմ երկարության) շարում են իրար վրա այնպես, որ մեկի կանաչ կողմը ծածկվի մյուսի նույն կողմով, իսկ հողային կողմին լցնում 2-3 սմ շերտով գոմաղբ և դնում նոր ճիմ՝ նույն հերթականությամբ հասցնելով մինչև 1 մ-ի։ Փտելուց հետո (1 տարի անց) հողը կարելի է օգտագործել։ Տարբերում են թեթև ճմահող (որի մեջ գերակշռում են փտած բուսամասերը) և ծանր կամ կավաճմային (գերակշռում է կավահողը)։ Հողախառնուրդների մեծ մասին ավելացնում են գետի ավազ՝ մաքուր, սպիտակ։
Կախված բույսի տեսակից, տարիքից և զարգացման փուլից՝ նշված հողերը խառնում են տարբեր հարաբերություններով։
Բույսերի ջրումը։ Սենյակային բույսեր աճեցնողները սովորաբար դրանք չեն չորացնում, ավելի հաճախ են ջրում, որից արմատները փտում են։ Բույսերը պետք է ջրել սենյակի ջերմաստիճանի կամ դրանից 5-7 °C բարձր ջերմաստիճանի ջրով։ Կարելի է ջրել անձրևի, ձնհալի, արհեստական լճակների կամ ջրմուղի ջրով (որը նախապես պետք է լցնել և թողնել բաց ամանում, որպեսզի քլորը գոլորշիանա)։ Բույսերը պետք է ջրել այնպես, որ թաղարի ամբողջ հողը թրջվի և ջուրը թափվի տակդիրի մեջ։ Ծանր հողում աճող բույսերի տակդիրից պետք է ջուրն անմիջապես դատարկել, իսկ թեթև հողում աճող բույսերինը՝ 30 րոպեից մինչև մեկ ժամ հետո։ Որոշ՝ հատկապես խոնավասեր բույսերի (դուն) տակդիրում պետք է միշտ ջուր լինի։ Եթե հողախառնուրդը շատ է չորացել, ապա կարելի է թաղարը մինչև եզրը ընկղմել ջրի մեջ և թողնել մինչև թաղարի ամբողջ հողը թրջվի, օդի պղպջակները դադարեն դուրս գալուց։ Ջրելիս ցնցուղի քիթը պետք է դնել թաղարի եզրին։ Բույսը, որի սոխուկները կամ պալարները հողից դուրս են, պետք է հետևել, որ դրանց վրա ջուր չթափվի կամ ջրել տակդիրից։
Բացի ջրելուց, հարկավոր է նաև հեղուկացիրով ցողել հատկապես տաք եղանակներին։
Բույսերի տերևները պետք է երկու կողմից սրբել գոլ ջրով թրջած սպունգով կամ բամբակով, իսկ ակոսիկավորները մաս առ մաս սրբել փափուկ վրձնով։ Խիտ մազածածկով բույսերի (մի քանի տեսակի բեգոնիաներ, գլոքսինիաներ) տերևներից փոշին կարելի է հեռացնել խոզանակով կամ վրձնով։ Բույսերն անհրաժեշտ է շաբաթը մեկ անգամ սրբել, որովհետև փոշին խցանում է տերևների հերձանցքերը։ Բացի այդ՝ կեղտոտված բույսերը հաճախակի վարակվում են հիվանդություններով և հարուցիչներով։
Ծաղկամաններից լավագույններն են սովորական կամ տափակ կավե թաղարները, որոնց պատերի ծակոտկենության շնորհիվ թթվածինը մատչելի է բույսերի արմատներին։ Մետաղե կամ ջնարակված ամաններ չի կարելի օգտագործել։ Կակտուսները և հյութալի այլ բույսեր կարելի է մշակել պլաստմասսայե խորանարդիկներում։ Ամանը նախապես պետք է լավ լվանալ տաք ջրով ու օճառով և ախտահանել՝ խուսափելու համար բույսի հնարավոր վարակումից։
Բույսերի վերատնկումը և տեղափոխումը։ Ժամանակի ընթացքում թաղարի հողը աստիճանաբար աղքատանում է հանքային աղերից, ուստի բույսերը պարբերաբար պետք է վերատնկել թարմ հողի մեջ։ Բույսերը անհրաժեշտ է վերատնկել նաև, երբ դրանք վատ են աճում, տերևները թառամում են, արմատները պատում են թաղարի ամբողջ հողը կամ արմատամազիկները «թաղիք» են առաջացնում։
Նախքան վերատնկելը հարկավոր է բույսը առատ ջրել (բացառությամբ հյութալի բույսերի), որպեսզի թաղարի հողն ամբողջությամբ թրջվի։ Բույսը հողով թաղարից հանելով կարելի է որոշել վերատնկման անհրաժեշտությունը։ Եթե վերատնկելու հարկ չկա, ապա պետք է հողը թողնել նույնությամբ, իսկ բույսը տեղափոխել 2-3 սմ-ով մեծ թաղարի մեջ և հող ավելացնել։ Կարելի է տեղափոխել նաև ծաղկման ժամանակ, դրանից բույսի զարգացումը չի դանդաղում։ Նոր թաղարի կամ տակառի չափերը, չպետք է շատ գերազանցեն նախկինի չափերը։ Վերատնկում են սովորաբար գարնանը՝ մարտ-ապրիլ ամիսներին։ Փոքր թաղարի հատակին հարկավոր է խեցու կտոր դնել, իսկ մեծի հատակին՝ խեցու կամ մանր քարերի շերտ (ցամաքուրդ), որի վրա լավ է դնել կտրտած տորֆամամուռ։ Վերջինս պաշտպանում է թաղարի հատակի ջրհոս անցքը խցանումից։ Վերատնկման ժամանակ շատ կարևոր է, որ արմատավզիկը հողով չծածկվի, ինչպես նաև դուրս չմնա հողից։ Ջրհոս անցք չունեցող արկղում բույսերը խմբով վերատնկելու դեպքում հարկավոր է ստեղծել լավ ցամաքուրդ, և բույսը զգուշորեն պետք է ջրել։ Վերատնկելուց կամ տեղափոխելուց հետո պետք է ցողունի շուրջը հողը փայտիկով կամ մատերով սեղմել և թաղարի եզրերը ջրելու համար ազատ թողնել։ Այնուհետև հարկավոր է բույսը ջրել, ցողել և դնել միջանցիկ քամուց և արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված տեղում։
Բույսերի սնուցումը։ Սննդանյութերի նկատմամբ բույսերի պահանջը բավարարելու համար անհրաժեշտ է հողը պարբերաբար պարարտացնել հանքային և օրգանական պարարտանյութերով։ Դրանք լուծույթի ձևով տրվում են (1-2 շաբաթը մեկ) աճման և ծաղկման շրջանում։ Նոր վերատնկած կամ հիվանդ բույսերը հարկավոր չէ սնուցել։ Սնուցելուց 2 ժամ առաջ բույսը պետք է առատ ջրել մաքուր ջրով, որպեսզի հողը լավ թրջվի և պարարտանյութի լուծույթը չհոսի տակդիրի մեջ։ Որպես հանքային պարարտանյութ օգտագործվում են ամոնիումի կամ կալիումի բորակը, կալիումական աղը, սուպերֆոսֆատը։ Աճման շրջանում բույսը պետք է ջրել ամոնիումի բորակի (2 1/2 թեյի գդալ), սուպերֆոսֆատի (1 թեյի գդալ), կալիումի բորակի (1/2 թեյի գդալ) խառնուրդով՝ լուծված 10-12 լ ջրում, նախքան ծաղկելը և ծաղկելու ընթացքում՝ ամոնիումի բորակի (1/2 թեյի գդալ), սուպերֆոսֆատի (2 1/2 թեյի գդալ) և կալիումի բորակի (1 թեյի գդալ) խառնուրդով՝ լուծված 10 լ ջրում։ Խորհուրդ է տրվում օգտագործել նաև պատրաստի պարարտանյութերի խառնուրդ (կցվում է բացատրագիր)։
Օրգանական պարարտանյութերը նույնպես դրական ազդեցություն են ունենում բույսի աճման և զարգացման վրա, սակայն դրանք դժվար է տանը պատրաստել և օգտագործել։ Լրացուցիչ սնուցում է նաև թարմ մսի լվանալուց մնացած ջուրը։
Բույսերի բազմացումը։ Սենյակային բույսերը բազմացվում են սերմերով կամ բույսի տարբեր մասերով՝ կտրոններով (ցողունային, տերևային, արմատային), կոճղարմատի, պալարի, սոխուկի բաժանումով, արմատային ընձյուղներով, անդալիսով։
Բույսերի բազմացումը օրգաններով (վեգետատիվ բազմացում)։ Ս. բ. ավելի հաճախ բազմանում են իրենց օրգաններով, քան սերմերով, որովհետև այս ձևով առավել կարճ ժամկետում կարելի է ստանալ հասուն բույս։ Անհրաժեշտ է կտրոնները վերցնել երիտասարդ, առողջ, զարգացած բույսերից։ Երիտասարդ ընձյուղները (1-3, հազվադեպ ավելի շատ) տերևներով պետք է թեք կտրել հանգույցի տակից։ Կտրոնից հարկավոր է 1-2 տերև կտրել կամ կիսով չափ կարճացնել տերևները (գոլորշիացումը պակասեցնելու նպատակով), տնկել չեզոք տորֆի և ավազի խառնուրդի մեջ (ոչ խորը, բայց պնդացրած)՝ հողը կողքերից սեղմելով կտրոնի շուրջը։ Որպեսզի կտրոններն արմատակալեն, անհրաժեշտ է դրանք բարակ թաղանթով կամ ապակիով ծածկել, այնուհետև դնել լույսի տակ և մինչև արմատակալելը պաշտպանել արևի ճառագայթների ուղղակի ազդեցությունից։ Ապակին օրը մի քանի անգամ պետք է հանել և սրբել, իսկ կտրոնները՝ օրը 2-3 անգամ ցողել։ Երբ կտրոնները սկսում են աճել, ապակին պետք է բարձրացնել, իսկ հետո ընդհանրապես վերցնել։ Կախված բույսի տեսակից՝ արմատակալումը տևում է 3 օրից մինչև 2 ամիս։ Կան բույսեր, որոնց կտրոնները լավ հավելյալ արմատներ են տալիս ջրում (օրինակ, ուզամբարական մանուշակը, սցինդապսուսը, բաղեղը)։ Որոշ բույսեր (օրինակ, բեգոնիայի տարբեր տեսակներ) կարելի է բազմացնել տերևային կտրոններով՝ տերևները խոնավ ավազի վրա դնելով, փայտե գամասեղներով ամրացնելով և ապակիով ծածկելով։ Արմատակալումն արագացնելու համար խորհուրդ է տրվում տերևի ստորին կողմից խոշոր ջղերի վրա թեթև կտրվածքներ անել։ Կտրոնների արմատակալման լավագույն ջերմաստիճանն է 25 °C։
Կոճղարմատներով բազմացնում են բազմամյա խոտաբույսեր՝ օձաբույսը, դունը, պտերները ևն։ Գարնանը հարկավոր է բույսը հանել թաղարից և սուր դանակով կոճղարմատը բաժանել մի քանի մասի։ Պալարանման կոճղարմատներն անհրաժեշտ է բաժանել այնպես, որ յուրաքանչյուր մասն ունենա աճման բողբոջ։ Արմատային ծիլեր տվող բույսերը վերատնկելիս խորհուրդ է տրվում դրանք բաժանել և տնկել առանձին թաղարներում։ Սոխուկավոր բույսերի սոխուկի ստորին մասում առաջանում են «ձագուկ» սոխուկներ, որոնք վերատնկելիս պետք է առանձնացնել։
Սերմերով կարելի է բազմացնել բոլոր բույսերը։ Դժվար ծլող սերմերը (արմավենի, դափնի) ցանում են հունվար-փետրվարին, մյուսները՝ մարտապրիլին։ Ավելի ուշ ցանելիս, երիտասարդ սերմնաբույսերը մինչև աշուն չեն հասցնում ամրանալ։ Ցանքի համար նախատեսված թաղարը պետք է ունենա ցամաքուրդի շերտ, ջրհոս անցքը պետք է փակել խեցու կտորով։ Ցանքի համար անհրաժեշտ է վերցնել նախապես լավ թրջած, մաղած հողի, տորֆի և ավազի խառնուրդ։ Խոշոր սերմերը պետք է դասավորել հողի մակերևույթին արված ակոսիկների մեջ և ծածկել հողի բարակ շերտով, իսկ մանրերը պետք է հավասարաչափ շաղ տալ հողի մակերևույթին և ջրել հեղուկացիրով։ Ցանքը պետք է ծածկել ապակիով և դնել տաք տեղում, իսկ օդափոխման նպատակով ապակին ժամանակ առ ժամանակ վերցնել։ Ծիլերը դուրս գալուց հետո ապակին պետք է ընդհանրապես վերցնել, և բույսը դնել լուսավոր տեղում։ Որոշ բույսերի ծլման ժամկետը 2 շաբաթից մինչև 8 ամիս է։ Ծլելուց հետո հարկավոր է սերմնաբույսը տնկել լվացած հողով և թեթև ավազով լցված ոչ մեծ թաղարի, տափակ ամանի կամ արկղի մեջ։ Սածիլելիս (տես նկարը) կարելի է օգտվել սածիլման բրիկից, որը կարելի է հեշտությամբ պատրաստել։ Բույսը պետք է հողով ծածկել մինչև սերմնաշաքիլը և կողքերից հողը ամուր սեղմել, այնուհետև ցողել հեղուկացիրով և ծածկել ապակիով։ Խոշոր սերմնաբույսերը կարելի է տնկել թաղարում 1-2-ական։ Ընդ որում խոտաբույսերի գլխավոր արմատի 1/3 կարելի է կտրել, որպեսզի հավելյալ արմատները լավ աճեն։ Ս. բ. հիդրոպոնիկայի եղանակով մշակելիս հողը փոխարինվում է հատուկ սննդարար լուծույթով՝ խոնավ մանրէազերծ միջավայրով (ավազ, մանրախիճ, կերամզիտ)։
Սենյակային բույսերի վնասատուները և հիվանդությունները։ Բույսի ճնշված տեսքը, վկայում է դրա վատ վիճակի մասին, որի պատճառը մշակման անբարենպաստ պայմաններն են և սխալ կամ անկանոն խնամքը։ Լույսի անբավարարությունը, շատ խոնավությունը կամ չորությունը, միջանցիկ քամին, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, ինչպես նաև չափից ավելի սնուցումը թուլացնում են բույսը և հիվանդությունների ու հարուցիչների զարգացման համար ստեղծում բարենպաստ պայմաններ։
Ճիշտ խնամելիս, որպես կանոն, Ս. բ. չեն հիվանդանում, թեև վարակը կամ հարուցիչը կարող է տարածվել նոր կտրոնների, առանձին բույսերի միջոցով։ Որոշ վնասատուների դժվար է անմիջապես նկատել, որի հետևանքով այդ միջատները բույսին մեծ վնաս են հասցնում։ Ս. բ-ի ամենամեծ վնասատուները ծծող միջատներն են՝ լվիճը, ոստայնատիզը, վահանակիրը, կեղծ վահանակիրը, ալրավոր որդանը։
Լվիճը վառ կանաչ կամ դեղին գույնի, մինչև 2 մմ երկարության միջատ է, որի գաղութները բնակվում են բույսի երիտասարդ մասերում (տերև, կոթուն, բողբոջ, ընձյուղի գագաթ)։ Լինում են անթև և թևավոր առանձնյակներ։ Թևավոր լվիճները թռչելով բույսից-բույս վարակը տարածում են։ Վարակված բույսի տերևները ոլորվում են և դեղնում, բողբոջները չեն բացվում, ծաղիկները չեն ծաղկում։ Լվիճները (հատկապես գարնանը և վաղ ամռանը) վարակում են համարյա բոլոր սենյակային բույսերին (բացի արմավենիներից)։
Պայքարի միջոցները. բույսը պետք է մշակել ֆիտոնցիդային հատկությամբ օժտված որոշ բույսերի թավշածաղկի, պոմիդորի, ծխածաղկի, դլփնակի, երիցուկի տերևների, ցողունների և արմատների թուրմով։ Երիցուկի թուրմ պատրաստելու համար 10 գ փոշին հարկավոր է լցնել 1 լ ջրի մեջ, կարելի է ավելացնել նաև օճառ (1 լ ջրին՝ 10 գ)։ Լվիճների դեմ կարելի է պայքարել նաև ծխախոտի թուրմով. ծխախոտի փոշին լուծելով ջրում (1 լ ջրին՝ 10 գ), թողնել մեկ օր, այնուհետև քամել։ Օգտագործելուց առաջ թուրմը պետք է նոսրացնել ջրով (1:3)՝ ավելացնելով կանաչ կամ տնտեսական օճառ (1 լ-ին՝ 10 գ), և այնուհետև սրսկել վարակված բույսերը։ Կարելի է նաև օգտագործել սոխի, սոխի կճեպի, սխտորի, պոմիդորի տերևների թուրմ։ Վարակված բույսերի մշակումը պետք է կրկնել 3 անգամ, 8-10 օր ընդմիջումով։
Ոստայնատիզի հասուն միջատի մարմինը ձվաձև-ուռուցիկ է, սպիտակադեղնավուն, չհատվածավորված՝ ծածկված երկարավուն (նոսր) մազմզուկներով։ Երկարությունը՝ 0,3-0,4 սմ։ Ամրանում է տերևների ստորին մակերևույթին, բույսի ուժեղ վարակվածության դեպքում՝ նաև ցողունի կանաչ մասերին և դնում կլորավուն, կիսաթափանցիկ ձվեր։ Բույսի տերևները դառնում են մարմարանման և ծածկվում բարակ սարդոստայնանման ցանցով, դեղնում են և ժամանակից շուտ թափվում։ Ս. բ. ոստայնատիզով կարող են վարակվել ամբողջ տարին։ Բույսը թույլ է զարգանում և կորցնում է իր գեղազարդ տեսքը։ Դրանց զարգացմանը նպաստում են բարձր ջերմաստիճանը և չոր օդը։ Ոստայնատիզը նազվարդի, արմավենիների, դրախտավարդի, օձաբույսի, վարդի, արևադարձի, ֆուքսիայի, խոլորձների, կակտուսների և այլ բույսերի վնասատու է։
Պայքարի միջոցները, բույսը պետք է սրսկել երիցուկի լուծույթով (1 լ ջրին՝ 2-3 գ) 5 անգամ, 7 օր ընդմիջումով։ Բույսը սրսկելուց հետո կարելի է վրան շաղ տալ չորացրած երիցուկի կամ ծծմբի փոշի, ինչպես նաև սրբել կամ սրսկել սոխի (նաև կճեպի) կամ սխտորի 1 օրվա թարմով (1 թեյի գդալ մանր կտրտած սոխ կամ սխտոր՝ 1 բաժակ ջրին)։ Եթե բույսը չի կարելի սրսկել, ապա խորհուրդ է տրվում կտրտած սխտոր կամ քիչ քանակությամբ բևեկնայուղով անոթ դնել բույսի մոտ և ծածկել պոլիէթիլենային տոպրակով (մի քանի ժամ)։
Տրիպսները մանր, 1-1,5 մմ երկարության շարժուն միջատներ են։ Մարմինը երկարավուն է, սև կան մուգ դարչնագույն, թրթուրները՝ սպիտակ։ Բնակվելով տերևի ստորին կողմում, ջղերի երկայնքով՝ առաջացնում են մեծաքանակ գաղութներ, որտեղ հայտնվում են գորշ դարչնագույն, իսկ վերին կողմում՝ սպիտակավուն բծեր։ Որոշ ժամանակ անց տերևները դառնում են ժանգագույն և թափվում։
Վնասատուի զարգացմանը նպաստում են բարձր ջերմաստիճանը և օդի ցածր խոնավությունը։ Տրիպսները նազվարդի, վիշապածառի, օձաբույսի, ֆիկուսի, արջտակի, կիտրոնի և այլ բույսերի վնասատուներ են։
Կիրառվում են ոստայնատիզի դեմ պայքարի նույն միջոցները։
Սպիտակաթևը մանր, 1-1,5 մմ երկարության թռչող միջատ է, մարմինը՝ դեղնավուն, թևերը ծածկված են սպիտակ փոշենման փառով։ Թրթուրը ձվաձև է, բաց կանաչ։ Սովորաբար բնակվում է տերևի ստորին կողմում և հատկապես ամռանը խիստ վնասում է չինական վարդին, ֆուքսիային, խորդենուն, հասմիկին։ Դիմացկուն է թույների նկատմամբ։
Պայքարի միջոցները, տերևների ստորին կողմերը պետք է սրսկել կանաչ օճառի լուծույթով (1 լ ջրին՝ 10-15 գ) 3-5 անգամ, 6-7 օր ընդմիջումով։
Ալրավոր որդանները մինչև 5 մմ երկարության, դանդաղաշարժ միջատներ են, մարմինը երկարավուն-ձվաձև է (եզրերին՝ երկարավուն մազմզուկներով)՝ ծածկված փոշենման մոմափառի շերտով։ Էգերը ձուն դնում են սպիտակ, բամբականման, խավոտ գոյացության մեջ, որը լավ նկատելի է տերևների ստորին կողմում, տերևանութներում, ջղերի երկայնքով։ Կարող են արտադրել կպչուն հեղուկ՝ մեղրացող, որի վրա զարգանում է սապրոֆիտ սունկը և աղտոտում բույսը։ Սրանց մեծ մասը վնասում է բույսերի ընձյուղը, տերևը, բողբոջը, մի քանիսը (կակտուսների արմատային որդաններ)՝ արմատները։ Ալրավոր որդանները արմավենիների, նազվարդի, ակալիֆների, ծնեբեկների, կիտրոնի և շատ այլ բույսերի վնասատուներ են։
Պայքարի միջոցներ. փափուկ խոնավ խոզանակով պետք է բույսը մաքրել ալրավոր որդանից և դրանց բամբականման գոյացություններից, այնուհետև բույսը պահել ջրի շիթի տակ։ Կարելի է նաև տերևները և ցողունները լվանալ օճառաջրով, 7 օրը մեկ, սոխի կամ սխտորի հյութով, նարնջի կամ մանդարինի կեղևներից պատրաստված 1-2 օրվա թուրմով։
Վահանակիրները և կեղծ վահանակիրները 1,5-4 մմ երկարության մարմինը ամուր վահանիկով ծածկված, դեղինից մինչև կարմրաշագանակագույն միջատներ են։ Ապրում են տերևների, ճյուղերի վրա և բույսերի բներին։ Ս. բ-ին ավելի հաճախ վարակում է փափուկ կեղծ վահանակիրը (մարմինը լայն ձվաձև, անհամաչափ, բաց դարչնագույնից մուգ դարչնագույն, մեջքին ոչ պարզ կետգծերով) և բաղեղային վահանակիրը (մարմինը կլորավուն է, սպիտակագորշ, առանձնացած վահանիկից, որը ձվաձև, դեղին գույնի է)։ Միայն երիտասարդ թրթուրներն («թափառաշրջիկներ») են առանձին ապրում՝ կպչելով բույսի տարբեր մասերին։ Ուժեղ վարակի դեպքում տպավորություն է ստեղծվում, որ բույսի տերևները (ջղերի երկայնքով) և բունը ծածկված են փառով, այնինչ դա վահանակիրների մեծ կուտակումներ են։ Վարակված բույսերը դանդաղ են աճում և զարգանում, տերևները դեղնում են և թափվում։ Այս միջատներն արտադրում են կպչուն հեղուկ՝ մեղրացող, որի վրա բնակվող սապրոֆիտ սնկերը ավելի են թուլացնում բույսը։ Արմավենիների, կիտրոնի, պտերների, ծնեբեկների և այլ բույսերի վնասատուներ են։
Պայքարի միջոցները. անհրաժեշտ է բույսը մաքրել հարուցիչներից (ավելի լավ է ատամի փափուկ խոզանակով), վնասված մասերը սրբել սպիրտով կամ սոխի խյուսով։ Բույսը կարելի է մշակել կերոսինաօճառային լուծույթով. 25 գ կանաչ կամ 40 գ տնտեսական օճառը պետք է լուծել 1 լ ջրում, ավելացնել 5 կաթիլ կերոսին և լավ թափահարել: Ստացված լուծույթը կարելի է քսել բույսի վնասված մասերին կամ հեղուկացիրով սրսկել։ Չի կարելի սրսկել ցերեկը, արևի տակ, որպեսզի տերևների վրա այրվածքներ չառաջանան։
Ոտնապոչիկները սպիտակ, 1-2 մմ երկարության անթև միջատներ են։ Զարգանում են հողում, սնվում բուսական մնացորդներով, բույսերի մանր արմատիկներով։ Բույսի խիստ վարակման դեպքում ոտնապոչիկները կարող են հայտնվել թաղարի հատակին, ջրատար անցքի մոտ։ Բույսը ջրելիս դրանք բարձրանում են հողի մակերևույթ՝ սպիտակ զանգվածի տեսքով։ Այս վնասատուներն ի հայտ են գալիս և բազմանում են հաճախակի, առատ ջրելուց։
Պայքարի միջոցները. անհրաժեշտ է բույսը չափավոր ջրել, խորհուրդ է տրվում հողի վերին շերտը (2-3 սմ) զգուշորեն հանել։
Սենյակային պայմաններում բույսերը սնկային հիվանդություններով հազվադեպ են վարակվում, որոնք մեծ վնաս են հասցնում բույսերին՝ առաջացնելով ալրացող, գորշ փտախտ, սոխուկի, արմատի և ցողունի հիմքի փտախտ։
Ալրացող։ Բույսերի հյուսվածքներում (տերևներ, երիտասարդ ընձյուղներ, բողբոջներ) մակաբուծելով՝ ստորակարգ սնկերը առաջացնում են սպիտակ ալրանման, աստիճանաբար գորշացող փառի տեսքով հիվանդություն։ Վարակված տերևներն աստիճանաբար ոլորվում են և թոշնում, բույսը չի աճում, ընձյուղները և բողբոջները չեն զարգանում։ Վարակը երկար է պահպանվում և փոխանցվում է սպորներով՝ օդով, կտրոնների և հողի միջոցով։ Ալրացողը դրախտավարդի, բեգոնիաների, գարնանածաղկի, քրիզանթեմի և այլ սենյակային բույսերի վնասատու է։
Պայքարի միջոցները. պետք է հեռացնել վարակված մասերը, բույսի վրա ծծմբափոշի շաղ տալ արևոտ եղանակին (20 °C–ից ոչ պակաս ջերմաստիճանի պայմաններում)։ Բույսը նախապես պետք է ջրցողել։ Կարելի է գործածել նաև պղնձարջասպաօճառային լուծույթ, որի 1 լ պատրաստելու համար անհրաժեշտ է 2 գ պղնձարջասպը լուծել քիչ քանակության տաք ջրում, այնուհետև 10 գ կանաչ կամ 40 գ տնտեսական օճառը լուծել 1 լ ջրում և երկու լուծույթները լավ խառնել իրար։ Պատրաստի լուծույթը չի կարելի պահել։
Գորշ փտախտն առաջացնում են անկատար սնկերը։ Բույսի վարակված մասերը գորշանում (առաջանում է խիտ գորշ փառ), փափկում և փտում են։ Հիվանդության զարգացմանը նպաստում է օդի բարձր խոնավությունը։ Գորշ փտախտով վարակվում են սենպոլիաները, գարնանածաղիկը, արջտակը, բեգոնիաները։
Արմատի, սոխուկի և ցողունի հիմքի փտախտը հարուցում են սնկերի և բակտերիաների տարբեր տեսակները։ Ծաղիկները թոշնում են, բույսը հյուծվում, դեղնում և չորանում է։ Ցողունի հիմքը փափկում է, դառնում դարչնագույն-սև, արմատները և սոխուկները՝ գորշ, և փտում են։ Փտախտով վարակվում են սենպոլիան, նազվարդը, անթուրիումը, կակտուսները, արջտակը և այլ բույսեր։ Վարակված բույսերը պետք է սրսկել բորդոյան հեղուկով (պղնձարջասպի լուծույթի և կրաջրի խառնուրդը՝ 2:1)։ Թույներ օգտագործելիս անհրաժեշտ է զգույշ լինել, բույսերի սրսկումը չի կարելի վստահել երեխաներին։ Ձմռանը սենյակում բույսերը կարելի է հեղուկով կամ փոշիով սրսկել միայն օդանցքը բացած, իսկ ամռանը՝ դրսում, որից հետո հարկավոր է լավ լվացվել օճառով։