Jump to content

ՏՏՀ/Սերկևիլ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՍԵՐԿԵՎԻԼ, Հայաստանում աճեցնում են Արարատյան, նախալեռնային, հյուսիսարևելյան և Զանգեզուրի գյուղատնտեսական գոտիներում։ Վաղահաս սորտերի պտուղները սովորաբար հավաքում են սեպտեմբերին, իսկ ուշ ձմեռայիններինը՝ հոկտեմբերին և ավելի ուշ: Պտուղը պատող բաց դեղին խավը նրան պաշտպանում է ցրտից մինչև ցրտահարությունները։ Պտուղները պահում են մինչև փետրվար-մարտ, 0–1 °C ջերմաստիճանում։ Ուշահաս սորտերի պտուղները պահելիս դառնում են ավելի վառ դեղին կամ բաց նարնջագույն, պտղամսի կոպտությունը և թթվատտիպությունը նվազում է, իսկ բուրավետությունը՝ զգալիորեն ավելանում։

Ս. պարունակում է շաքար, օրգանական թթուներ, աղաղային և պեկտինային նյութեր, 10-30 մգ % C վիտամին։

Շատ սորտերի թարմ պտուղները, խիստ տտիպության և պտղամսի կոշտության պատճառով ուտելի չեն։ Լավագույն սորտերից են Արարատի 1, Արարատի 10, Մեղրու 2, Անի, Ալէմա, Մուսկատային ևն։

Ս. մուրաբա, ջեմ, դոնդող, պովիդլո եփելու լավագույն պտուղներից է և պարունակում է պեկտինային նյութեր, որոնք եփելիս վերածվում են թանձր դոնդողանման զանգվածի։ Արժեքավոր անուշահոտ նյութերը հիմնականում պարունակվում են կեղևում և ենթակեղևային շերտում, ուստի մաքրելիս կեղևը չպետք է թափել։ Կեղևը միջուկի մնացորդների հետ կարելի է օգտագործել դոնդող, իսկ կեղևների եփուկը (մուրաբա կամ կոմպոտ եփելիս)՝ շաքարի օշարակ պատրաստելու համար։

Ս. օգտագործում են նաև խորոված և շոգեխաշած (մատուցելիս սովորաբար վրան շաքարավազ են ցանում կամ թրջում մեղրով), ինչպես նաև տարբեր կերակրատեսակներում (տոլմա, ապուր ևն)։

Միսը Ս-ով. միսը մանր կտրտել, տապակել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել այնքան ջուր (կամ արգանակ), որ միսը ծածկվի և եփել մոտ 1 ժամ։ Դրանից հետո ավելացնել կեղևը և միջուկը մաքրած, շերտերով կտրտած Ս., տապակած սոխ (սոխառած), աղ, ծեծած պղպեղ և շոգեխաշել։

Մատուցելիս վրան ցանել մանր կտրտած մաղադանոս և սամիթ։

Ս-ի խավարտ. Ս. լվանալ, կտրտել ձևավոր դանակով, հեռացնել միջուկը, լցնել կաթսայի կամ թավայի մեջ, ավելացնել ջուր և շոգեխաշել մինչև փափկի, վրան շաքարավազ ցանել և ժամանակ առ ժամանակ խառնել մինչև Ս-ի վարդագունելը, ավելացնել կարագ, թողնել կրակի վրա 5-10 րոպե։

1 կգ Ս-ին՝ 0,5 բաժակ ջուր, 4-5 ճաշի գդալ շաքարավազ, 50 գ կարագ։

Ընկույզով լցոնած Ս., Ս. լվանալ, պտղակոթի հատվածից հեռացնել միջուկը, լցոնել և դասավորել յուղ քսած կաթսայի կամ թավայի մեջ և եփել ջեռոցում։

Լցոնը՝ աղացած ընկույզ, շաքարավազ և դարչին։

10-15 Ս-ին՝ 1 բաժակ աղացած ընկույզ, 3/4 բաժակ շաքարավազ, դարչինը՝ ըստ ճաշակի։