ՏՏՀ/Սիգեր
ՍԻԳԵՐ, սիգազգիներ, ապրում են լճերում, գետերում, կան նաև գաղթող ձկներ։ Դրանցից են նաև նելման, չիրը, օմուլը, մուքսունը, մանրաձուկը, տուգունը ևն։
Օմուլը գաղթող ձուկ է. ապրում է Հյուսիսիային Սառուցյալ օվկիանոսում, ձվադրման շրջանում մտնում է Սիբիրի գետերը (բացի Օբից), առանձին տեսակներ ապրում են նաև Բայկալ լճում։ Զանգվածը՝ 500 գ - 3 կգ։ Պելյադը, մուքսանը և բայկալյան Ս. մոտավորապես նույն զանգվածն ունեն։ Նևայում և Ֆիննական ծոցում հանդիպում է Նևայի սիգը. Չուդ լճում՝ սիգ-լուդոգան։ Լադոգա և Օնեգա լճերում ապրում են Ս-ի մի քանի տեսակներ, որոնց զանգվածը 400 գ - 2 կգ է։
Նելման և սպիտակաձուկը ամենախոշոր Ս. են (զանգվածը՝ 30-35, հազվադեպ՝ մինչև 40 կգ)։ Նելման տարածված է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ավազանի գետերում, իսկ սպիտակաձուկը՝ միայն Կասպից ծովի ավազանում և հազվադեպ է որսվում։ Սիբիրի գետերում ապրում է Չիրը, որը խոշոր սիգ է (զանգվածը՝ սովորաբար 4-6 կգ)՝ նուրբ, համեղ մսով։
Տուգունը ամենափոքր սիգն է (զանգվածը՝ 30-90 գ), ապրում է Սիբիրի գետերում։ Արտաքինով նման է կիլկային, բայց տարբերվում է ավելի լայն մեջքով և ճարպային լողակով։ Որպես կանոն օգտագործում են համեմած-աղ դրած։
Մանր Ս-ից է նաև մանրաձուկը։
Եվրոպական մանրաձուկը տարածված է Սպիտակ և Բալթիկ ծովերի ավազաններում։ Զանգվածը՝ 25-50 գ։ Լադոգա լճի նույն ձուկն անվանում են ռիպուսոմ, զանգվածը՝ 50-90 գ (երբեմն՝ մինչև 400 գ), Օնեգա լճինը՝ կիլեց, զանգվածը՝ սովորաբար 100 գ (երբեմն՝ մինչև 460 գ)։ Սիբիրյան մանրաձուկն ապրում է Սիբիրի գետերում, զանգվածը՝ 150–250գ, երբեմն՝ 500 գ։
Սևանա լճում ապրում է սևանյան սիգը, որը բերվել է Լադոգա և Չուդ լճերից։ Զանգվածը՝ մինչև 3,5 կգ։
Ս-ի մեծ մասից պատրաստում են ապխտած և աղ դրած նրբախորտիկներ։ Մսով կարելի է տարբեր կերակրատեսակներ պատրաստել։
Բանջարեղենով Ս. ձուկը մաքրել, փորոտիքը հեռացնել, լվանալ, գլուխը և պոչը կտրել, կտորների բաժանել և եփել։ Գլխից և պոչից արգանակ եփել և քամել։
Գազարը և գլուխ սոխը մանր կտրտել, յուղով տապակել, ավելացնել տոմատախյուս և տապակել ևս 5-7 րոպե։
Բոված ալյուրը բացել ձկան արգանակով, ավելացնել տապակած բանջարեղենը, ծեծած սխտոր, աղ, պղպեղ, դնել կրակին և թողնել, որ եռա։ Ստացված խյուսը լցնել եփած ձկան վրա և դարձյալ եռացենել: Սիգը մատուցել սկուտեղի մեջ՝ վրան մաղադանոս ցանած:
1կգ Ս-ին՝ 2 գազար, 2 գլուխ սոխ, 4 ճաշի գդալ տոմատախյուս, 4 ճաշի գդալ հալած յուղ, 2 թեյի գդալ ալյուր, 4 պճեղ սխտոր, 1 1/2 բաժակ ձկան արգանակ, աղը, պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի։