Jump to content

ՏՏՀ/Սխտոր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՍԽՏՈՐ, ունի սուր համ և յուրահատուկ ուժեղ հոտ։ Բերքահավաքից առաջ Ս-ի տերևները ոլորում կամ կապում են, և երբ «վզիկը» (կեղծ ցողունը) չորանում է, հանում են սոխուկները, թափ տալիս հողը, գլխիկից 2 սմ վեր թողնելով վզիկը՝ կտրում արմատները և տերևները։ Սոխուկները ավելի լավ պահպանելու համար թեթևակի չորացնում են։

Ս. անհրաժեշտ է պահել չոր և զով տեղում 30 °C ջերմաստիճանում։ Ս. պարունակում է B խմբի, C (սոխուկում՝ 10 մգ %, տերևներում՝ 55 մգ %) և D վիտամիններ, յոդ, ճարպեր, թաղանթանյութ և այլ նյութեր։ Ս-ի յուրահատուկ հոտը պայմանավորված է նրանում պարունակվող եթերայուղերով։

Խոհարարության մեջ Ս. օգտագործում են որպես համեմունք՝ սալաթներ, կերակրատեսակներ պատրաստելու, թթուներ և աղ դնելու համար։ Ս. խոզի, ոչխարի մսից պատրաստած տարբեր կերակուրների (հատկապես խաշի) համար լավ համեմունք է։ Թռչնի միսը շոգեխաշելիս խորհուրդ է տրվում Ս. օգտագործել խնձորի թթու սորտերի (Անտոնովկա ևն) կամ սալորի (շլորի ևն) հետ։ Մեծ քանակությամբ Ս. օգտագործվում է ասիական և հարավեվրոպական ազգային խոհանոցների կերակրատեսակներում։ Հաճելի և նուրբ բույր ստանալու համար խորհուրդ է տրվում մանր կտրտած Ս. կաթսայում եփվող կերակրին ավելացնել (կրակը մարելուց հետո) մատուցելուց 3-4 րոպե առաջ։ Ս. կիրառվում է նաև բժշկության մեջ, որպես մանրէասպան միջոց։ Ժողովրդական բժշկության մեջ Ս. հնուց ի վեր օգտագործվում է մի շարք հիվանդություններ բուժելու համար, ինչպես նաև որպես հակալնդախտային կանխարգելիչ միջոց։

Հայաստանում տարածված է Ս-ի վայրի տեսակը՝ արջասխտորը (արջի Ս., վայրի Ս.), որը պարունակում է մինչև 100 մգ % C վիտամին։ Մատղաշ արջասխտորը նույնպես կարելի է օգտագործել թարմ սալաթների մեջ, սունկը աղ դնելիս ևն։ Կանաչ արջասխտորն ունի խիստ սուր հոտ, որը մեղմացնելու համար չորացնում կամ թթու են դնում։

Ս-ի մարինադ. Ս. բաժանել առանձին պճեղների, մաքրել, վրան թեթևակի աղի եռջուր լցնել, փռել մաղի մեջ, հովացնել (մի քանի րոպե ընկղմել սառը ջրի մեջ)։ Պատրաստի Ս. լցնել ապակե ամանների մեջ, վրան ավելացնել մարինադի լուծույթը։

Մարինադի պատրաստումը. 1 կգ Ս-ին՝ 200 գ քացախ, 200 գ ջուր, 20 գ աղ, 50 գ շաքար, 5 գ դարչին, 2 հատիկ սև պղպեղ, 5 հատիկ հոտավետ պղպեղ, 3 դափնետերև։

Ս-ով կաթնաշոռ. 200 գ կաթնաշոռը և 50 գ կարագը լավ խառնել, ավելացնել մանր կտրտած սխտոր և սամիթ, աղը՝ ըստ ճաշակի։ Ստացված զանգվածից պատրաստել փոքրիկ գնդիկներ (ընկույզի մեծության) և մատուցել։