Jump to content

ՏՏՀ/Սկումբրիա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՍԿՈՒՄԲՐԻԱ, ծովաձուկ։ Տարբերում են սովորական Ս. (ապրում է Ատլանտյան օվկիանոսի տաք ջրերում, Սև ծովում) և ճապոնական Ս. (ապրում է Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների տաք ջրերում, անցնում է նաև Սև ծով)։ Սովորական Ս-ի զանգվածը միջին հաշվով 250 գ է, ճապոնականինը՝ 500գ - 1,2 կգ։ Սովորական Ս., որպես կանոն, վաճառվում է տաք և սառը ապխտած, հազվադեպ՝ թույլ աղ դրած կամ սառեցրած, իսկ ճապոնական Ս.՝ պահածոյած (արգանակում, յուղի մեջ), աղ դրած։ Թարմ Ս-ից կարելի է պատրաստել տարբեր կերակրատեսակներ։

Ս. սոխի սոուսով. ձուկը մաքրել, փորոտիքը հանել, թավալել աղ ու պղպեղ խառնած ալյուրի մեջ։ Կլոր շերտերով կտրտած սոխը տապակել հալեցրած կարագով տապակի մեջ։ Նույն ամանի մեջ տապակել ձուկը (երկու կողմից 10-ական րոպե), ապա լցնել 1/4 բաժակ ջուր, ծածկել կափարիչով և 5 րոպե դնել մարմանդ կրակի վրա։ Մատուցելուց առաջ վրան ցանել մանր կտրտած մաղադանոս կամ սամիթ։

8 հատ Ս-ին՝ 1/2 բաժակ ալյուր, 1 1/2 թեյի գդալ աղ, 1/4 թեյի գդալ աղացած սև պղպեղ, 2 ճաշի գդալ կարագ, 2 գլուխ սոխ։