ՏՏՀ/Սնուցում երեխաների և դեռահասների
ՍՆՈՒՑՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ, ճիշտ կազմակերպված սնուցումը մեծ նշանակություն ունի երեխայի և դեռահասի բնականոն ֆիզիկական և մտավոր զարգացման համար։ Ոչ բավարար սնուցումն արգելակում է աճը և զարգացումը, թուլացնում օրգանիզմի դիմադրողականությունը, իսկ գերսնուցումն առաջացնում է նյութափոխանակության և մարսողության խանգարում։ Սնուցումը ճիշտ կազմակերպելու համար պետք է հաշվի առնել հիմնական սննդանյութերի նկատմամբ երեխայի և դեռահասի օրգանիզմի տարիքային պահանջը, ինչպես նաև այդ սննդանյութերի ճիշտ հարաբերակցությունը։
Կրտսեր տարիքի երեխաների (1-3 տարեկան) սննդի օրաբաժնում հատկապես կարևոր են կաթնամթերքը, միսը, ձուն, որոնք հարուստ են սպիտակուցներով։ Մսուրային տարիքի երեխան օրական պետք է խմի առնվազն 600-800 մլ կաթ, իսկ դպրոցականը՝ 400-500 մլ։ Ճարպերի նկատմամբ մանուկների պահանջը պետք է բավարարվի հիմնականում լավ յուրացվող ձեթերով (արևածաղկի, եգիպտացորենի)։ Նպատակահարմար է բանջարեղենի խյուսը և սալաթները համեմել ձեթով։ Երեխաների սննդի մեջ առանձնակի նշանակություն ունեն դյուրամարս ածխաջրերը, որոնք պարունակվում են հատապտուղների, մրգերի և դրանցից պատրաստված ուտելիքի մեջ։ Կրտսեր տարիքի երեխաների սննդի մեջ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի լավագույն հարաբերակցությունն է 1:1:3, ավագ տարիքի երեխաների համար՝ 1:1:4։ Այս նորմերից զգալիորեն շեղվելն անբարենպաստ է ազդում առողջության վրա՝ անգամ սննդի մեջ սննդանյութերի և վիտամինների բավարար քանակության դեպքում։ Այսպես, օրինակ, ճարպերի (հատկապես կենդանական) ավելցուկը հանգեցնում է նյութափոխանակության և մարսողության խանգարման՝ գիրացման։ Ածխաջրերի ավելցուկը նույնպես հանգեցնում է նյութափոխանակության խանգարման, ճարպակալման, իսկ չափից ավելի քաղցր օգտագործելը՝ շաքարախտի զարգացման։
Երեխաների և դեռահասների սնունդը պետք է լինի բազմազան, միօրինակ սնունդը վատացնում է ախորժակը։ Մինչև 14 տարեկան երեխաները վատ են յուրացնում յուղոտ, թերի տապակած կամ ապխտած միսը։ Դժվարամարս են նաև ապխտած և չափից ավելի համեմած մսի և ձկան կերակուրները։ Մինչև 8-10 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում օգտագործել պղպեղ, մանանեխ և քացախ։ Բոլոր տեսակի ոգելից խմիչքները (գարեջուր, տնական թրմօղի ևն) վնասակար են երեխային և դեռահասին։ Գրգռիչ են նաև թունդ սուրճը, թեյը, կակաոն, ինչպես նաև մեծ քանակությամբ շոկոլադը (հատկապես մինչև 3 տարեկան երեխաների համար)։
Երեխաները և դեռահասները պետք է սնվեն օրական չորս անգամ։ Սնունդը բաշխվում է հետևյալ կերպ. նախաճաշ՝ 30 %, 2-րդ նախաճաշ՝ 10 %, ճաշ՝ 40– 45 %, ընթրիք՝ 15-20 %: Վերջին անգամ երեխան պետք է ուտի քնելուց 1,5-2 ժամ առաջ։