Jump to content

ՏՏՀ/Սոխ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՍՈԽ, տարբերում են գլուխ Ս., ձմեռվա կամ սնամեջ Ս., սեզատերև Ս., սոխուկ, եղջերասխտոր ևն։

Առավել տարածված է գլուխ Մ., որն առաջացնում է սոխուկ (գլխիկ) և փետրատերև։ Սոխուկը պարունակում է սպիտակուցներ, թաղանթանյութ, հանքային աղեր, 10 մգ % C վիտամին։ Կան գլուխ Ս-ի կծու, կիսակծու և քաղցրահամ սորտեր։ Կծվությունը պայմանավորված է սոխուկում և տերևներում պարունակվող եթերայուղով։ Ունի վարակազերծիչ (մանրէասպան) և հակալնդախտային հատկություն։

Քաղցր սորտերն ավելի վատ են պահպանվում քան կիսակծուները և կծուները։ Ս. հավաքում են աշնանը, չոր եղանակին, երբ տերևներն սկսում են թառամել։ Ս. հողից հանում են, տերևները կտրում, թողնում միայն վզիկը, չորացնում և պահեստավորում չոր և մութ զետեղարաններում (0-3°C և օդի 70-75% հարաբերական խոնավության պայմաններում)։

Կծու սորտերի չորացրած սոխուկները լավ պահպանվում են չոր, սառը զետեղարաններում և տնային պայմաններում՝ մինչև նոր բերքի ստացվելը։ Հասուն սոխուկը արտաքինից ծածկված է չոր թեփուկներով, որը պաշտպանում է նրան ջրազրկումից և փչանալուց։ Որքան շատ և խիտ են սոխուկի չոր թեփուկները, այնքան Ս. լավ է պահվում։ Գլուխ Ս. օգտագործում են թարմ, եփած, տապակած, պահածոյած և չորացրած։ Ս. կտրտելիս խորհուրդ է տրվում դանակը հաճախակի թրջել սառը ջրով, որպեսզի աչքերը չարցունքոտվեն։

Լայնորեն օգտագործվում է նաև կանաչ սոխը՝ գլուխ կամ բազմամյա Ս-երի (սնամեջ Ս., սոխուկ ևն) տերևները։ Լավագույն կանաչ Ս. ստանում են գլուխ Ս-ի մանր սոխուկներից (սերմնաբույսից): Կանաչ Ս. մշակում են Հայաստանի բոլոր գոտիներում։ Կանաչ Ս. պարունակում է 30 մգ % C վիտամին և կարոտին (A նախավիտամին)։ Կանաչ Ս. կարելի է աճեցնել ամբողջ տարվա ընթացքում։ Օգտագործում են թարմ, ինչպես նաև լցոններ պատրաստելու համար։ Կանաչ Ս. հավաքում են, երբ տերևները 35-40 սմ են։ Դրանք կարելի է պահել սառը տեղերում, ամռանը՝ մինչև 3 օր, քանի որ արագ թառամում և դեղնում են։ 0°C–ի ջերմաստիճանում հնարավոր է առանց արտաքին տեսքի և համային հատկությունների փոփոխման պահպանել մինչև 10 օր։

Ձմեռվա կամ սնամեջ Ս. օգտագործում են հիմնականում դրա տերևները, որոնք տեսքով և համով նման են գլուխ Ս-ի տերևներին, բայց ավելի կոպիտ են։ Դրա որոշ տարատեսակներ տարբերվում են տերևներում C վիտամինի բարձր պարունակությամբ (մինչև 90 մգ %): Ցրտադիմացկուն է, պահանջկոտ չէ, ձմեռում է բաց հողում և գնահատվում որպես ամենավաղահաս Ս.։ Տերևները կարելի է հավաքել գարնան սկզբին։ Կանաչ տերևները կտրտուն են մի քանի անգամ ամռանը, սակայն օգոստոսի առաջին կեսից ոչ ուշ, այլապես կվնասվի հաջորդ տարվա բերքը։

Սեզատերև Ս. Հայաստանում առավել տարածված է Կարատալյան սորտը։ Ունի երկար, տափակ կանաչ տերևներ և հաստ, կեղծ, սպիտակ ցողուն (ոտիկ)։ Սննդի մեջ օգտագործում են ոտիկը (թարմ, եփած, չորացրած, աղ դրած) և մատղաշ տերևները։ Հարուստ է B1, B2, PP, C (30 մգ %) վիտամիններով։ Բերքը հավաքում են ուշ աշնանը։ Երկար պահելու համար կտրում են տերևների վերնամասերը (երկարության 2/3-ը), պահեստավորում են սառը տեղում և արմատները ծածկում խոնավ ավազով։ 0 °C և օդի 90 % հարաբերական խոնավության պայմաններում սեզատերև Ս. կարելի է պահել մինչև 3 ամիս։

Սոխուկն ունի մանր մախաթանման տերևներ, որոնք պարունակում են C վիտամին (7-105 մգ %) և կարոտին։ Մատղաշ տերևները նուրբ են, հյութալի, սակայն հասունացման ընթացքում արագ կոշտանում են։ Ցրտադիմացկուն է և վաղահաս։ Մշակում են սահմանափակ, երբեմն որպես զարդարիկ և մեղրատու բույս։

Սխտորուկ. սննդի մեջ օգտագործում են մատղաշ սոխուկները և տերևները (թարմ և թթու դրած)։ Տերևները տափակ խողովականման են՝ ծածկված մոմային բարակ փառով։ Սոխուկները մանր են, նուրբ, ոչ կծու։ Պարունակում են մոտ 13 % շաքարներ (տերևներում՝ մոտ 5,5 %): Ցրտադիմացկուն է, ցանում են ձմեռնամուտին, բերքը ստանում վաղ գարնանը։

Սոխուկները կարելի է պահել ձեղնահարկում [ցածր ջերմաստիճանում (-20 °C) չի փոխում համը]։