ՏՏՀ/Վաղենակ
ՎԱՂԵՆԱԿ, նարգիզ, կալենդուլա, աստղածաղկազգիների ընտանիքի բազմամյա և միամյա բույսերի ցեղ։ Ընդգրկում է 15 տեսակ։ ՀՀ-ում բնական պայմաններում հայտնի է մեկ տեսակ՝ պարսկական Վ., որն աճում է Զանգեզուրի չոր, քարքարոտ լեռնալանջերին։ Թավշածաղիկի պես Վ. ևս խորհուրդ է տրվում ընդգրկել ցանքաշրջանառության մեջ։ Գեղազարդիչ պարտեզագործության մեջ առավել տարածված է դեղատու Վ., որն օգտագործվում է որպես միամյա։ Բարձրությունը 20-75 սմ է։ Թփերը ճյուղատարած են կամ հավաք։ Ծաղկաբույլերը՝ խոշոր (5-8 սմ տրամագծով), մանր (3-5 սմ), լիաթերթ, կիսալիաթերթ, պարզ, տափակ կամ կիսագնդաձև, միագույն և երկնագույն։ Վ–ի ցողունները, տերևները, ծաղիկներն ունեն յուրահատուկ հոտ։
Վ. լուսասեր, ցրտադիմացկուն բույս է, լավ է աճում ոռոգելի հողերում, հատուկ խնամք չի պահանջում։ Ծաղկաթափ եղած ծաղկաբույլերը մշտապես հեռացնելու դեպքում ծաղկում է մինչև ուժեղ սառնամանիքներ։ Չոր ամռանը պետք է ջրել, այլապես ծաղկաբույլերը կմանրանան։
Հեշտորեն բազմանում է ինքնացանքով (աշնանը, գարնանը կամ վաղ ամռանը սերմերը բաց գրունտում ցանելով)։ Ծիլերը 2-3 անգամ պետք է նոսրացնել. հանված բույսերը կարելի է օգտագործել որպես սածիլներ։ Սնուցման մակերեսը՝ 25x25 սմ։
Վ. ախտահարվում է տարբեր տեսակի փտումներով, ալրացողով, ժանգով (հարուցում են սնկերը), բծավորությամբ (հարուցում են վիրուսները)։
Բույսին վնասում՝ են որոշ տեսակի լվիճները, մարգագետնային մլուկը, բվիկները, լորձախխունջները, լարաորդերը։
Պայքարի միջոցները նույնն են, ինչ մյուս բույսերինը։ ՀՀ-ում մշակության մեջ տարածված է դեղատու Վ. իր երեք սորտերով (Մետեոր, Գրանդիֆլորա պլենա, Ռանունկուլաիդես), որոնք ունեն գեղազարդիչ և դեղագործական նշանակություն։