Jump to content

ՏՏՀ/Վարդենի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՎԱՐԴԵՆԻ, վարդազգիների ընտանիքի զարդարիկ բույսերի ցեղ, հայտնի է մոտ 350 տեսակ։ Վ-ի բազմաթիվ սորտերն ու զարդարիկ ձևերը ստորաբաժանվում են 30-ից ավելի պարտեզային խմբերի։ ՀՀ–ում բաց գրունտում աճեցնում են.

Հիբրիդ թեյավարդեր. ուղիղ, հազվադեպ ճյուղավորված 60-80 սմ բարձրության թփեր են։ Տերևները խոշոր են, կաշեկերպ, փայլուն կամ փայլատ, վառ կանաչից բրոնզակարմիր։ Ծաղիկները խոշոր են (10-12 սմ տրամագծով), կոնաձև, գավաթաձև կամ բաժակաձև, բազմաթերթ, տարբեր գույնի, դուրեկան բույրով։ Ծաղկում են մայիսից մինչև ուշ աշուն։ Կան կարմիր, նարնջակարմիր և դեղին բազմաթիվ սորտեր։

Պոլիանտ վարդեր. ցածր (30-50 սմ), հավաք թփեր են, յուրաքանչյուր ընձյուղը վերջանում է հուրանաձև ծաղկաբույլով։ Տերևները մանր են, կաշեկերպ։ Ծաղիկները մանր են (3-5 սմ տրամագծով), միջին կամ խիտ բազմաթերթ, կարմիր, նարնջագույն, վարդագույն։ Ձմեռադիմացկուն են, հիվանդությունների նկատմամբ՝ կայուն։ Հեշտ են բազմանում կանաչ կտրոնների արմատակալմամբ։

Ֆլորիբունդա. 40-100 սմ բարձրության թփեր են։ Տերևները կաշեկերպ են, փայլուն, կանաչ և կարմիր բրոնզագույն։ Ծաղիկները պարզ են, կիսաբազմաթերթ, մանր և խոշոր, տափակ, բաժակաձև և գավաթաձև։ Ծաղկաբույլերը նման են պոլիանտ վարդերին՝ հուրանաձև են, բայց ծաղիկներն ավելի փոքր են։ Այս խմբի սորտերն աչքի են ընկնում ծաղիկների գույների բազմազանությամբ, մի քանիսը խիստ բուրումնավետ են։ Ծաղկում են առատ և տևական։ Ձմեռադիմացկուն են և հիվանդությունների նկատմամբ կայուն։ Կան կարմիր, նարնջագույն, վարդագույն, սպիտակ բազմաթիվ սորտեր։

Պարկային վարդեր. այս խմբին են պատկանում վայրի աճող մասրենու առավել զարդարիկ տեսակները, դրանց պարկային ձևերն ու հիբրիդները։ Դրանք ուժեղ աճող, սակավապահանջ, 200 սմ բարձրության թփեր են։ Արժեքավոր տեսակներից է կնճռոտ վարդը (Վ. ռուգոզա), որն ունի բազմաթիվ տարատեսակներ և ձևեր՝ վառ կարմիր, սպիտակ, պարզ և բազմաթերթ ծաղիկներով։ Ծաղկում է տևական, ունի կրկնածաղկման հատկություն։

Վ. տնկում են խմբերով, եզրածուներում և եզրազարդերում։ Խմբական տնկումների համար նպատակահարմար են հիբրիդ թեյավարդերը և պարկային վարդերը, եզրազարդերի և եզրածուների համար՝ ֆլորիբունդան, պոլիանտ վարդերը։ Պարկային Վ. հարմար են նաև միայնակ տնկելու համար։

Տեղի ընտրությունը։ Վ-ու համար պետք է ընտրել բաց, արևոտ, քամիներից պաշտպանված տեղ։ Ստվերում վատ է աճում, թույլ ծաղկում, ավելի ուժեղ վարակվում վնասատուներով և հիվանդություններով, վատ ձմեռում։

Հողը։ Վ-ու համար պիտանի են մշակված (կուլտուրացված), բերրի, չեզոք ռեակցիայով հողերը։ Աշնանը հողը վարում են 40-50 սմ խորությամբ և պարարտացնում օրգանական պարարտանյութերի մեծ չափաքանակով (1,5-2 կգ գոմաղբ, կոմպոստ՝ յուրաքանչյուր թփին)։ Տնկումից առաջ տալիս են հանքային պարարտանյութեր, յուրաքանչյուր թփին՝ 20-25 գ։ Օգտակար է վառարանային մոխիրը (20-25 գ թփին)։ Տրված պարարտանյութերը բավարարում են Վ-ուն առաջին երկու տարիներին։ Հետո պետք է սնուցել վեգետացիայի ընթացքում։

Տնկումը. լավագույն ժամկետը վաղ գարունն է (մինչև բողբոջների արձակումը)։ Տնկումից առաջ պետք է կտրել ընձյուղները՝ կարճ, արմատները՝ աննշան։ Հիբրիդ թեյավարդերի, պոլիանտ վարդերի, ֆլորիբունդայի վրա թողնում են 3-5 աչք, պարկային վարդերը կարճացնում են երկարությունը 1/3-1/4-ով։ Լավ կպչելու համար արմատները կարելի է թրջել կավի և գոմաղբի խառնուրդով (3:1 հարաբերությամբ)՝ 1 դույլ խառնուրդին ավելացնելով (ջրում լուծված հետերոաուքսինի 1 հաբ)։ Վ. պետք է տնկել այնպիսի փոսիկում, որ արմատներն ազատ տեղավորվեն։ Թփերը պետք է առատ ջրել և բակլից անել, որը կարևոր ագրոտեխնիկական միջոցառում է. առանց դրա կտրված ընձյուղները կարող են չորանալ։

Խնամքը. ամռանը Վ. պետք է կանոնավոր ջրել, սնուցել, փխրեցնել և բուկլից անել։ Յուրաքանչյուր 7-10 օր մեկ ջրելը նպաստում է Վ-ու անընդհատ աճին և ծաղկմանը։ Հողը պետք է միշտ փուխր պահել, որպեսզի կեղև չառաջանա։ Ցողունի ստորին մասը պետք է բուկլից անել (7-10 սմ), որը նպաստում է մերձարմատային խոնավության պահպանմանը և կանխում մատղաշ ընձյուղների չորացումը։ Սեզոնի ընթացքում պետք է սնուցել 3-4 անգամ։ Առաջին սնուցումը կատարում են գարնանը, բույսերի աճի սկզբում (20-30 գ ազոտական, 40-50 գ ֆոսֆորական և 10-15 գ կալիումական պարարտանյութեր), երկրորդը՝ կոկոնակալման շրջանում, գոմաղբի թուրմով (1 դույլին՝ 10-15 գ կալիումական պարարտանյութ), երրորդը՝ երկրորդ ծաղկման սկզբում, գոմաղբի թուրմով՝ ավելացնելով 10-15 գ ազոտական, 50-60 գ ֆոսֆորական, 10-15 գ կալիումական պարարտանյութեր։ Չորրորդ սնուցումը կատարվում է ամառվա վերջում (50-60 գ սուպերֆոսֆատ, 30-40 գ կալիումական աղ)։ Մատղաշ բույսերի սնուցման նորման. 2-3 բույսին՝ 1 դույլ, հասակավորներին՝ 1 դույլ՝ 1 թփին։

Վարդենու ձմեռային ծածկումը. աշնան կեսերին դադարեցնում են ծաղիկների քաղը, որը նպաստում է ընձյուղների հասունացմանը, հետևաբար, նաև՝ լավ ձմեռելուն։ Այդ ժամանակ անհրաժեշտ է դադարեցնել ջրելը և փխրեցումը, բայց պետք է քաղհանել։ Առաջին ցրտահարություններն սկսվելիս թփերը պետք է բուկլից անել տորֆով կամ փուխր հողով (15-20 սմ բարձրությամբ)։ Նոյեմբերին պետք է կտրել բոլոր տերևները, թույլ և վնասված ընձյուղները մինչև հիմքը, իսկ առողջ և ուժեղները՝ 40-50 սմ բարձրությամբ։ Թույլ ցրտահարություն սկսվելուց առաջ, երբ հողն սկսում է սառչել, Վ-ու թփերը պետք է ծածկել պոլիէթիլենային թաղանթով 20-30 սմ բարձրությամբ, վրայից լցնել հող կամ տորֆ (բարակ շերտով)։ Նպատակահարմար է Վ-ու ծածկման չոր եղանակը. մարգերի երկարությամբ դնում են 30-40 սմ բարձրության փայտե հենակներ, դրանց վրա՝ վահանիկներ («տան ձևով») կամ տախտակներ, որոնք ծածկում են տոլով։

Ծածկի բացումը գարնանը. լավ ծածկված Վ. կարող է ոչնչանալ, եթե գարնանը բացումը ճիշտ չկատարվի։ Տաք, ձյունոտ ձմռանը նկատվում է ընձյուղների փտում։ Վ. փտումից և տամկացումից պահպանելու համար արդեն մարտ ամսին ձնհալի ջրերի համար հեռացնող առվակներ են սարքում։ Որպեսզի արագացնեն թփերի և հիմնակմախքի ձյան հալչելը, վրան լցնում են տորֆ կամ մոխիր։ Օդափոխության համար մի օրով մարգերը բացում են ճակատամասից, երբ ձյունը հալչում է, տոլը և թաղանթը հանում են։ Եթե Վ. ծածկված է թաղանթով, պետք է այն հանել և զգուշորեն փխրեցնել տաքացնող նյութի վերևի շերտը։ Որոշ ժամանակ հետո անհրաժեշտ է հանել տաքացնող նյութի չոր մասը և նորից փխրեցնել։ Եղանակը տաքանալուց հետո ծածկը պետք է լրիվ հանել, տեղամասը մաքրել աղբից, իսկ ընձյուղները նորից ծածկել խսիրով, թղթով, թաղանթով։ Այս միջոցառումները պահպանում են ընձյուղներն ուժեղ քամուց և արևի ճառագայթներից։ Մարտի վերջերին ապրիլի սկզբներին կարելի է Վ. էտել։

Գարնանային էտ. առաջին հերթին պետք է հեռացնել ցրտահարված ծայրերը, սևացած և սառնամանիքից ու տամկացումից մահացած ընձյուղները, հետո սկսել թփի ձևավորումը։ Ուժեղ կամ կարճ էտի դեպքում պետք է հեռացնել գրեթե ամբողջ ընձյուղը՝ թողնելով 2-3 լավ զարգացած ստորին բողբոջները։ Միջին էտի դեպքում ընձյուղի վրա թողնում են 4-6 ստորին բողբոջներ, թույլ կամ երկար էտի դեպքում հեռացնում են միայն ձմեռած ընձյուղի փոքր մասը և թողնում 6-10 բողբոջ։ Թեյավարդերի և ֆլորիբունդա խմբի Վ-ների ընձյուղները վաղահաս են. դրանց գարնանային էտը պետք է կատարել տարբերակված. 1-2 ընձյուղ պետք է երկար էտել՝ թողնելով 6-8 բողբոջ, իսկ մեկ ընձյուղ էտել կարճ՝ թողնելով 2-3 բողբոջ։ Այդ դեպքում առաջիններն առատ կծաղկեն, իսկ կարճ ընձյուղի ստորին բողբոջից կզարգանա հզոր ընձյուղ-փոխարինողը՝ հաջորդ տարվա ծաղկման հիմքը։ Ուստի բոլոր ընձյուղները չպետք է էտել կարճ կամ երկար, այլ պետք է ձևավորել թուփը և կատարել սանդղաձև էտ։ Պոլիանտ Վ. պետք է էտել կարճ՝ թողնելով 2-3 բողբոջ։ Այդ դեպքում ամռան ընթացքում ստորին բողբոջներից կզարգանան մի քանի ուժեղ ընձյուղներ, որոնք ամռան կեսերից մինչև խոր աշուն կծաղկեն։ Գարնանը որքան կարճ էտեն անցած տարվա ընձյուղները, այնքան դրանք շատ կզարգանան, և ծաղկումը կլինի փարթամ։

Վնասատուները. առավել տարածված են Վ-ու ցողունի և տերևի, ավելի քիչ՝ կոկոնների և ծաղիկների վնասատուները: Դրանցից են Վ-ու տերևոլորը, սղոցողը, լվիճը, ոստայնատիզը։

Հիվանդություններից են ալրացողը, մոխրագույն փտախտը, բակտերիային քաղցկեղը։