ՏՏՀ/Վարակազերծիչ միջոցներ
ՎԱՐԱԿԱԶԵՐԾԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ, վարակազերծման միջոցներ, օգտագործում են արտաքին միջավայրում ախտահարույց միկրոօրգանիզմների ոչնչացման համար։ Վ.մ. ընտրելիս, դրանց քանակը, խտությունը և իրի մշակման տևողությունը որոշելիս հաշվի են առնում հիվանդության հարուցիչի հատկությունները և վարակազերծվող առարկայի առանձնահատկությունները։ Առավել տարածված քիմիական Վ.մ–ից են քլորամինը, քլորակիրը, կալցիումի հիպոքլորիտը, ֆորմալինը։
Քլորամինը սպիտակ կամ դեղնավուն փոշի է։ Պահում են մութ տեղում՝ մուգ գույնի փակ շշում կամ պոլիէթիլենե տոպրակում։ Առավել հաճախ կիրառվում է դրա 0,2-3 %-անոց լուծույթը բնակարանի, ամանեղենի և այլ իրերի վարակազերծման համար (մշակման տևողությունը 30-60 րոպե)։ Քլորամինի լուծույթը կարելի է պահել մինչև 15 օր։ Քլորակիրը սպիտակ փոշի է։ Ջերմության, լույսի և խոնավության ազդեցությամբ արագ քայքայվում է, ուստի այն հարկավոր է պահել հերմետիկորեն փակվող լուսանթափանց, կոռոզիայի չենթարկվող ամանում, 20 °C–ից ոչ բարձր ջերմաստիճանում, չոր տեղում։ Կիրառում են ինչպես չոր վիճակում (հիվանդների արտաթորանքի վարակազերծման համար 1:5 հարաբերությամբ, մինչև 1 ժամ տևողությամբ), այնպես էլ 10-20 %-անոց կրային կախույթի (զուգարանների, աղբափոսերի, աղբարկղերի վարակազերծման, պատերի ներկման համար) և 0,5-1 %-անոց պարզեցված լուծույթի տեսքով շինությունների, կահավորանքի առարկաների, ամանեղենի, զուգարանային առարկաների վարակազերծման համար (մշակման տևողությունը՝ 30-60 րոպե)։ Քլորակրի լուծույթները կայուն չեն, ուստի դրանք հարկավոր է պատրաստել օգտագործելուց անմիջապես առաջ։ Քանի որ գործվածքները և մետաղները (առանց հատուկ ծածկույթի) քլորակրի և նրա լուծույթների ներգործության հետևանքով փչանում են, դրանք վարակազերծում են քիմիական այլ միջոցներով։ Խոնավ և վատ օդափոխվող շինություններում նույնպես խորհուրդ չի տրվում քլորակիր կիրառել։ Կալցիումի հիպոքլորիտը սպիտակ բյուրեղային փոշի է։ Այն կիրառվում է 0,1-1 %-անոց լուծույթի տեսքով՝ ամանեղենի, լոգնոցի, լվացարանի վարակազերծման համար (մշակման տևողությունը 30-60 րոպե), ինչպես նաև չոր վիճակում հիվանդների արտաթորանքի վարակազերծման համար (1:5 կամ 1:10 հարաբերությամբ)։ Ֆորմալինը ֆորմալդեհիդի 40 %-անոց լուծույթ է, բնորոշ սուր հոտով։ Կիրառում են խցիկային ախտահանման, ինչպես նաև մաշկի սնկիկային հիվանդությունների դեպքում՝ կոշիկների ու ձեռնոցների ախտահանման նպատակով (կոշիկների և ձեռնոցների ներքին մակերևույթը մաքրում են ֆորմալինի 25 %-անոց կամ քացախաթթվի 40 %-անոց լուծույթով թրջած բամբակով)։ Այնուհետև կոշիկները (ձեռնոցները) 3 ժամ դնում են պոլիէթիլենե տոպրակի մեջ, ապա 10-12 ժամ թողնում օդափոխվելու։
Ապակե, ռետինե և պոլիմերային այլ նյութերից պատրաստված իրերի վարակազերծման համար կարող է օգտագործվել նաև ջրածնի գերօքսիդի 3 %-անոց լուծույթ կամ այդ լուծույթը՝ որոշ լվացամիջոցներով։ Իրերն անհրաժեշտ է երկու անգամ մաքրել նշված լուծույթով՝ 10-15 րոպե ընդմիջումով։