Jump to content

ՏՏՀ/Վարակազերծում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վարակազերծում
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 333
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄ, ախտահանում, վարակիչ հիվանդությունների հարուցիչների միկրոօրգանիզմների, լայն իմաստով՝ նաև վնասակար միջատների և կրծողների ոչնչացում։ Տարբերում են օջախային (այսպես կոչված, համաճարակային օջախում վարակիչ հիվանդի գտնվելու վայրում), եզրափակիչ (իրականացնում են բուժաշխատողները հիվանդին հիվանդանոց փոխադրելուց հետո) և ընթացիկ (օջախում գտնվող հիվանդի շրջապատում) Վ.։ Վ–ման համար կիրառվում են թե՛ ֆիզիկական (օրինակ, եռացում), թե՛ քիմիական (վարակազերծիչ միջոցների օգտագործում) մեթոդներ։ Հագուստը և անկողնային պարագաները մշակվում են հատուկ վարակազերծիչ խցիկներում։ Վ-ման մեթոդները, վարակազերծիչ միջոցների խտությունը և ախտահանման տևողությունն ընտրում են՝ ելնելով վարակի հարուցիչի կայունությունից։

Ընթացիկ Վ-ման ժամանակ (մինչև հիվանդին հիվանդանոց փոխադրելը կամ նրան տանը թողնելու դեպքում) բնակարանը պետք է մաքրել տաք օճառաջրով կամ լվացքի փոշու տաք լուծույթով թրջած շորով, հիվանդի օգտագործած ամանեղենը եռացնել սոդայի 2 %-անոց լուծույթում, իսկ սպիտակեղենը լվացքի փոշու կամ սոդայի 2 %-անոց լուծույթում։ Կահույքի և հիվանդի խնամքի առարկաները, դռների բռնակները հարկավոր է լվանալ տաք օճառաջրով, լվացքի փոշու տաք լուծույթով կամ մշակել քլորամինի լուծույթով։ Անկողնային պարագաներն անհրաժեշտ է մաքրել փոշեծծիչով կամ քլորամինի լուծույթով թրջած խոզանակով։ Փայլուն կահույքը հարկավոր է սրբել նավթով թրջած լաթով կամ հատուկ հեղուկներով։ Հիվանդի պետքամանի մեջ պետք է լցնել քլորամինի լուծույթ։ Տես նաև Վարակազերծիչ միջոցներ, Մանկական վարակիչ հիվանդություններ, Աղիքային վարակիչ հիվանդություններ: