ՏՏՀ/Վարունգ (աճեցումը)
ՎԱՐՈՒՆԳ (աճեցումը), դդմազգիների ընտանիքի բույս։ Ցողունը սողացող է կամ մագլցող։ Միատուն է։ Պտուղը տարբեր ձևի (կլոր, ձվաձև, գլանաձև, օձաձև ևն) և չափի։ Ուտում են կանաչ վիճակում, երբ դեռ սերմերը չեն հասունացել։ Պտուղը մատղաշ վիճակում ծածկված է փշիկներով՝ սև կամ սպիտակ։ Տեխնիկական հասունացման ժամանակ պտուղը կանաչ է՝ սպիտակավուն ճառագայթաձև զոլերով, իսկ հասունացած սերմացու պտուղը՝ սպիտակականաչ, բաց դեղին, նարնջադեղին և բաց շագանակագույն։ Պահանջկոտ է ջերմության և խոնավության նկատմամբ։ Վեգետացիոն շրջանի կարճատևության շնորհիվ մշակում են ՀՀ գրեթե բոլոր կլիմայական գոտիներում։ Շրջանացված են հետևյալ սորտերը. Կոտայքի տեղական, միջահաս է, պտուղը համեղ։ Ծլելուց մինչև առաջին բերքահավաքը տևում է 60-65 օր։ Նեժինյան, միջահաս է, մշակում են լեռնային շրջաններում, հիմնականում թթու դնելու նպատակով։ Ծլելուց մինչև առաջին բերքահավաքը տևում է 47-55 օր, բարձր բերքատու է, պտուղները համեղ են, բայց շուտ են դեղնում։ Դրուժբա 60, վաղահաս է, մշակում են թարմ գործածության համար, շրջանացված է նախալեռնային և լեռնային շրջաններում։ Ծլելուց մինչև առաջին բերքահավաքը տևում է 44-46 օր։ Բերքատվությունը բարձր է։
Վ. պետք է մշակել լավ լուսավորված, թեթև, թափանցիկ, օրգանական նյութերով հարուստ հողերում։ Լավ նախորդներ են կաղամբը, լոլիկը, սմբուկը, տաքդեղը, կարտոֆիլը և ընդավորները։ Աշնանը հողը փորում են բահով, գարնանը փոցխում, պարարտացնում օրգանական և հանքային պարարտանյութերով. 10-12 կգ գոմաղբ կամ կոմպոստ, 20 գ միզանյութ, 30 գ սուպերֆոսֆատ և 10 գ կալիումի քլորիդ (1 մ²-ին)։ Կալիումական և ֆոսֆորական պարարտանյութերի փոխարեն կարելի է օգտագործել մոխիր։ Վ. մշակում են հարթ մարգերում կամ թմբերի վրա։ Անջրդի պայմաններում կամ լեռնային շրջանների սակավաջուր հողերում Վ. կարելի է մշակել հարթ մարգերում, իսկ դաշտավայրային և նախալեռնային շրջաններում՝ թմբերի վրա։ Ցանում են թմբի երկու, իսկ թեք հողամասերում՝ մեկ կողմից։ Առաջին դեպքում թմբի լայնությունը 120 սմ է, ակոսի լայնությունը՝ 100 սմ, միջբուսային հեռավորությունը՝ 30-40 սմ։ Երկրորդում համապատասխանաբար՝ 100, 50 և 30-40 սմ։ Վ-ի սերմերը ցանում են նախօրոք թրջած և ծլեցրած։ Առաջին անգամ ջրում են ծլելուց 15-20 օր հետո, ապա քաղհանում ու փխրեցնում։ Ծլելուց 7-10 օր հետո կատարում են առաջին նոսրացումը՝ ամեն բնում թողնելով 2 բույս, որից հետո կատարում են բուկլից։ 4-5 տերև առաջանալուց հետո կատարում են վերջին նոսրացումը՝ թողնելով ամեն մի բնում մեկական բույս, հետո կտրում են նրանց աճման կոնը (ծերատում) ու կատարում խոր բուկլից և քաղհան։ Դրանից հետո չեն ջրում մինչև ծաղկելը։ Պտղաբերության շրջանում կարելի է 4-5 օրը մեկ ջրել՝ ըստ բույսի պահանջի։ Վ-ի քաղհանումը և փխրեցումը պետք է ավարտել մինչև առաջին բերքահավաքը։ Վեգետացիայի ընթացքում կատարում են 1-2 սնուցում։ 1 մ²–ին պետք է տալ թռչնաղբի հեղուկ (1:10 հարաբերությամբ) կամ գոմաղբահեղուկ (1:5 հարաբերությամբ)։ Հանքային պարարտանյութերով սնուցելիս 10 լ ջրի մեջ լուծում են 15 գ միզանյութ (կամ 20 գ ամոնիակային բորակ), 30 գ սուպերֆոսֆատ և 20 գ կալիումի սուլֆատ (1 մ²–ին՝ 5 լ լուծույթ)։ Սնուցումից հետո բույսերը պետք է ջրել մաքուր ջրով, որպեսզի տերևները լվացվեն-մաքրվեն պարարտանյութերի մնացորդներից և չայրվեն։ Առաջին սնուցումը կատարում են բուկլիցի ժամանակ, երկրորդը՝ 1-2 անգամ բերքը հավաքելուց հետո։ Բերքը հավաքելիս պտուղները կտրում են դանակով՝ պտղակոթի հետ։
Սովորականից 20-25 օր շուտ բերք ստանալու համար օգտագործում են ջերմոցներում տորֆաբուսահողային թաղանթներում աճեցրած սածիլները։ Թաղարներում աճեցրած 25-30 օրական բույսերը սովորական ժամկետում փոխադրում են դաշտ։ Բերքն ստացվում է սերմերով ցանքից մեկ ամիս շուտ։ Արարատյան դաշտում ցանք կատարում են 2 ժամկետում. գարնանը՝ ապրիլի 25-ից մայիսի 15-ը և ամռանը՝ օգոստոսի 1-10-ը։