Jump to content

ՏՏՀ/Վարդկակաչ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՎԱՐԴԿԱԿԱՉ, շուշանազգիների ընտանիքի բազմամյա սոխուկավոր խոտաբույսերի ցեղ։ Ընդգրկում է շուրջ 140 տեսակ։ ՀՀ-ում հայտնի է Վ-ի 7 տեսակ (Երկծաղկավոր, Խճճված, Յուլիայի, Վայրի ևն), որոնք աճում են ստորին և միջին լեռնային գոտիների (հիմնականում՝ Մեղրի, Զանգեզուր) քարքարոտ լեռնալանջերին, նոսր անտառներում, մացառուտներում։ 6 տեսակը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Մշակովի (պարտեզային) Վ-ներն ունեն մոտ 10 հզ. սորտ։ Ըստ ծաղկման ժամկետի և ծաղկի կազմության առանձնահատկությունների սորտերը բաժանվում են 15 դասի։ Բաց գրունտում աճեցնելու համար առավել պիտանի են հետևյալ դասերում խմբավորված սորտերը:

Պարզ վաղահաս Վ-ներն ունեն ծաղկման վաղ ժամկետներ։ Ցողունը բարձր չէ (25-40 սմ), ծաղիկները թասաձև են կամ լայն գավաթաձև՝ հիմնականում դեղին և կարմիր գույների։ Կարելի է նախաճեցնել հունվար-փետրվարին։

Տրիումֆ Վ-ները բարձրաճ են, խոշոր գավաթաձև, բազմագույն ծաղիկներով, լավ են բազմանում։

Դարվինյան հիբրիդները բարձրաճ են, խոշոր գավաթաձև, առավելապես ալ կարմիր, երբեմն դեղին, երկգույն ծաղիկներով։ Ունեն ծաղկման վաղ ժամկետներ, բազմացման բարձր գործակից, կարելի է նախաճեցնել, կայուն են հիվանդությունների նկատմամբ։

Պարզ ուշահաս սորտերը միջ- և բարձրաճ են՝ տարբեր ձևի խոշոր ծաղիկներով։

Շուշանածաղկայիններն ունեն նրբագեղ, երկարավուն ծաղիկներ՝ նեղ, սուր, դեպի դուրս ծալված, վառ գույնի պսակաթերթիկներով։

Ուշահաս լիաթերթ Վ-ներն ունեն խիտ լիաթերթ, քաջվարդաձև, սպիտակ, դեղին, կարմիր, մանուշակագույն ծաղիկներ։ Ծաղկում են Տրիումֆ Վ-ների հետ միաժամանակ։

Տեղի ընտրությունը. Վ. լավ է աճում լուսավոր, հարթ, ուժեղ քամիներից պաշտպանված հողամասերում։ Արեգակի լույսի անբավարարությունից ցողունները ձգվում են և ծռվում, սոխուկները մանրանում են և այլասերվում։ Ուժեղ և սառը քամիներից կրճատվում է ծաղկման տևողությունը, ցողունները կոտրտվում են, վատանում է բույսի արտաքին տեսքը։ Ուշահաս սորտերը կարելի է տնկել կիսաստվերում, այդ դեպքում ավելի երկար են ծաղկում։

Հողը պետք է լինի լավ ոռոգելի, թեթև, ջրանցիկ, խոնավատար, հումուսով հարուստ, չեզոք կամ թույլ հիմնային ռեակցիայով։ Պիտանի չեն գրունտային ջրերի բարձր մակարդակով, ինչպես նաև ծանր կավային հողերը։ Տնկելուց 2-3 ամիս առաջ հողը պետք է վերափորել 25-30 սմ խորությամբ, փխրեցնել, հարթեցնել և պարարտացնել։ Տնկելուց մեկ շաբաթ առաջ նորից վերափորել։

Պարարտանյութերը կիրառել հողը նախապատրաստելիս։ Առաջին վերափորի ժամանակ պարարտացնել փտած գոմաղբով (1 մ²–ին՝ 4-7 կգ) կամ կոմպոստով (1 մ²–ին՝ 3-5 կգ), 2-րդի դեպքում՝ ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով (1 մ²–ին համապատասխանաբար՝ 30, 60 և 40 գ)։ Վաղ գարնան ձնհալի ժամանակ կիրառել ազոտական պարարտանյութեր (1 մ²–ին՝ 25-30 գ)։ Կոկոնակալման շրջանում տալ 2-րդ սնուցումը ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր (1 մ²–ին՝ 30-40 գ և 40-50 գ)։ 3-րդը լրիվ ծաղկման փուլում (1 մ²–ին՝ 40-50 գ կալիումի սուլֆատ)։ Ծանր հողերում պետք է մեծացնել ազոտի բաժնեչափը և փոքրացնել ֆոսֆորինը, թեթևում ընդհակառակը։ Լավ ներգործություն են ունենում միկրոպարարտանյութերը` մանգանը, թորը, ցինկը, որոնք պետք է օգտագործել սնուցումների ժամանակ` ավելացնելով 10 լ ջրին` 8-10 գ մանգանի սուլֆատ, 5-10 գ բորաթթու, 1-3 գ ցինկի սուլֆատ։ Բույսերը գերսնուցելիս սոխուկները լավ չեն հասունանում, իսկ պահելիս՝ հեշտությամբ հիվանդանում են։

Տնկումը խորհուրդ է տրվում կատարել այն հաշվով, որ մինչև սառնամանիքների սկսվելը բույսերը լավ արմատակալեն։ Արմատների առաջացման համար առավել բարենպաստ է հողի 6-10°C ջերմաստիճանը։ ՀՀ-ում պետք է տնկել սեպտեմբերի սկզբներից հոկտեմբերի կեսերը։

Բույսերը պետք է տնկել մեկ-մեկ, շարքերով, մանր սոխուկները ակոսներուն։ Միջսոխուկային, միջշարային հեռավորությունը, ինչպես նաև տնկման խորությունը կախված են սոխուկների չափերից, որքան խոշոր է սոխուկը, այնքան սնման մեծ մակերես է պահանջում։ Սովորաբար միջշարային հեռավորությունը 20-25 սմ է, խոշոր սոխուկներինը՝ 8-10 սմ, տնկման խորությունը պետք է կազմի սոխուկի 3 բարձրությունը։ Թեթև հողերում կարելի է տնկել ավելի խոր, ծանրում՝ մակերեսորեն։ Կայուն սառնամանիքներից հետո, երբ հողի վերին շերտը սառչում է, հողամասը պետք է ծածկել տորֆով, կիսափտած կոմպոստով (5-10 սմ շերտով), տերևներով, ծղոտով (1 մ²–ին՝ 1 կգ)։ Գարնանը տերևներն ու ծղոտը պարտադիր կերպով հավաքել։ Ցածկելը նպաստում է առողջ բույսերի պահպանմանը, գեղազարդիչ հատկությունների բարձրացմանը։ Վ. նախկին տեղում կարելի է տնկել 4-5 տարի հետո, ավելի շուտ տնկելիս հողը պետք է փոխել։

Խնամքը պետք է սկսել վաղ գարնանից։ Հիվանդ բույսերը հեռացնել հողագնդով։ Դա սեզոնի ընթացքում կրկնել մի քանի անգամ։ Վեգետացիայի շրջանում բույսերը սնուցել, մոլախոտերը քաղհանել, հողը փխրեցնել, կանոնավոր կերպով ջրել, առանձնապես կոկոնակալման, ծաղկման և թառամելու (2-3 շաբաթ) շրջանում։ Լավ տնկանյութ ստանալու համար ծաղկման սկզբում ծաղկագլխիկները պոկել։

Սոխուկների հողից հանումը և պահումը. Վ. պետք է ամեն տարի հողից հանել (տերևների դեղնումից հետո)։ Հունիսի վերջերին սոխուկների ծածկութային թեփուկները դառնում են բաց դարչնագույն, բայց ամբողջովին չեն չորանում։ Սոխուկները պետք է հանել պարտեզային եղանակներով և մեկ շերտով դասավորել արկղերի կամ այլ ամանների մեջ։ 1-2 օր թողնել բաց վիճակում՝ ծածկի տակ, այնուհետև վրայի հողը թափ տալ, հին արմատներն ու թեփուկները զգուշորեն հեռացնել, տեղավորել արկղերում և 25-30 օր պահել շինությունում, որտեղ ջերմաստիճանը 20 °C–ից ցածր չպետք է լինի, խոնավությունը 70 %-ից ոչ ավելի, անհրաժեշտ է հաճախակի օդափոխել։ Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում սոխուկի ծաղկաբողբոջի զարգացումը դադարում է։ Մինչև տնկելը սոխուկները պետք է պահել մթության մեջ, մոտ 18°C ջերմաստիճանում, պարբերաբար ստուգել և հիվանդ սոխուկները հեռացնել։

Վ-ի նախաճեցումը. սոխուկները հողից հանելուց հետո կարևոր նշանակություն ունի ջերմաստիճանային ռեժիմը, որն ընդգրկում է 2 փուլ. նախ պետք է ներգործել բարձր ջերմաստիճանով (23-25°C, պահման սկզբից մինչև օգոստոսի կեսերը), այնուհետև ցածրով։ Եթե սոխուկները նախատեսված են վաղ նախաճեցման (հունվար) համար, ապա դրանք մեկ շաբաթ պետք է պահել 34°C ջերմաստիճանում, որն արագացնում է ծաղկաբողբոջների ձևավորումը։

Օգոստոսի սկզբներին սոխուկները տեղափոխել այլ տեղ, ուր ջերմաստիճանը 9°C է։ Ցածր ջերմաստիճանն անհրաժեշտ պայման է ծաղկացողունի բնականոն զարգացման համար։ Եթե բույսերը նախատեսված են ուշ նախաճեցման (մայիս) համար, ապա սոխուկները հողից հանելուց հետո մինչև սեպտեմբեր պետք է պահել 23°C, այնուհետև, մինչև տնկելը (հոկտեմբերի կեսերը), 17°C պայմաններում։

Տնկելու համար նախատեսված սոխուկները պետք է լինեն միանգամայն առողջ, մաշկն առանց մեխանիկական վնասվածքների, կլորավուն, 4-5 պահեստային թեփուկներով, առնվազն 3,5 սմ տրամագծով և ավելի քան 30 գ զանգվածով։ Տնկման հիմնանյութ կարող են ծառայել մաքուր գետային ավազը, տորֆը, ավազի և տորֆի, գետային ավազի և պարտեզային հողի խառնուրդը։ Քանի որ սննդանյութերի առկայությունը նպաստում է սոխուկների լավ պահպանմանը, ուստի սնուցումը պետք է կատարել սառը շինությունից սենյակ կամ ջերմոց տեղափոխելուց 10-12 օր հետո, օգտագործելով 10 լ ջրում լուծված 40 գ կալիումի սուլֆատ և 20 գ ամոնիակային բորակ։

Հոկտեմբերի կեսերին սոխուկները պետք է տնկել թաղարների, արկղերի մեջ (սորտերը չխառնել)։ Արկղի 2/3-ը լցնել հիմնանյութ և 1,5-2 սմ հեռավորության վրա սոխուկները տնկել՝ տակերը թեթևակի ներս սեղմելով։ Այնուհետև սոխուկների գագաթներին լցնել նույն հիմնանյութը, լավ ջրել և տեղափոխել նկուղ, որտեղ անհրաժեշտ է ապահովել 5-9°C ջերմաստիճան, մթություն, բարձր խոնավություն և շաբաթը 2 անգամ ջրել։ Արմատակալումը և ծլումը տևում է 16–22 շաբաթ (կախված սորտից)։ Սենյակ կամ ջերմոց տեղափոխել, երբ ծիլերը կունենան 5-7 սմ բարձրություն, իսկ ստորին մասում կշոշափվեն կոկոնները։ Սովորաբար դա արվում է ծաղկումից 3 շաբաթ առաջ։

Արմատակալած բույսերով արկղերը պետք է տեղափոխել 15-20°C ջերմաստիճան ունեցող շինություն։ Որպեսզի ցողուններն ավելի երկարեն, առաջին 3-4 օրը բույսերը պահպանել մուգ գույնի թղթե ծածկի տակ։ Աճումն ու ծաղկումը արագացնում է նաև օրը 2-3 անգամ գոլ ջուր ցողելը (մինչև տերևների բացվելը)։ Օդի խոնավությունը միշտ պետք է բարձր լինի։ Տնային պայմաններում թաղարների մոտ կարելի է թասերով ջուր դնել։ Երբ կոկոնները գունավորվում են, բույսերը պետք է դնել զով տեղ (պատուհանագոգի վրա, ապակուն մոտ)։ Դա կերկարացնի ծաղկման ժամանակը, ծաղիկներն ավելի կայուն կլինեն։ Վ-ով արկղերն ու թաղարները պետք է ջրել մինչև տերևների թառամելը, որից հետո այլևս չջրել։ Սոխուկները հողից հանել, մաքրել հին թեփուկներից, չորացնել 20°C պայմաններում և պահել ինչպես բաց գրունտից հանելուց առաջ։ Սեպտեմբերին դրանք պետք է տնկել բաց գրունտում։

Նախաճեցման համար նախատեսված Վ-ների սորտերը արմատակալման շրջանում տարբեր պահանջ ունեն սոխուկների սառեցման նկատմամբ։ Մեծամասնության համար այդ ժամկետը կազմում է 16-20 շաբաթ, որը բավարար է փետրվար-մարտին ծաղկած բույսեր ստանալու համար։ Ավելի վաղ նախաճեցման համար կարելի է օգտագործել վաղ ծաղկող սորտերը, որոնց սառեցման շրջանը կազմում է 16 շաբաթ։ Ավելի լավ է ընտրել այնպիսի սորտեր, որոնք կարող են ծաղկել նպատակադրված ժամկետին։

Եթե նախաճեցման բոլոր կանոնները չեն պահպանվում, ապա կարող են զարգանալ այսպես կոչված «կույր բողբոջներ»։ Ակտիվ վեգետացիայի շրջանում ծաղկակիրը կարող է թեքվել, որը հողում կալցիումի անբավարարության հետևանքով առաջացած հիվանդություն է։ Դրանից խուսափելու համար այդ շրջանում բույսերը պետք է ջրել կալցիումի նիտրատի 1,5 %-անոց լուծույթով կամ տնկումից առաջ հիմնանյութին ավելացնել կալցիում պարունակող պարարտանյութեր։

Հիվանդությունները. Վ-ներն ախտահարվում են սնկային, բակտերիային և վիրուսային հիվանդություններով։ Սնկային հիվանդություններից է մոխրագույն փտումը, որի դեպքում ախտահարվում են (զարգացման բոլոր փուլերում) բույսերի սոխուկներն ու վերգետնյա օրգանները։ Վերջիններիս վրա գոյանում են թեթևակի ներս ընկած դեղնամոխրագույն բծեր մուգ գույնի ջրային եզրերով։ Բնորոշ հատկանիշ է ախտահարված օրգանների ծռմռվելը։ Կոկոնները սովորաբար չեն զարգանում։ Սոխուկներն ունենում են դեղնավուն կամ մոխրագույն ներս ընկած բծեր՝ կարմրագորշավուն, բարձր եզրերով։ Սոխուկների հյուսվածքները փափկում են և կնճռոտվում։ Հիվանդության զարգացմանը նպաստում են բարձր խոնավությունը, անբավարար լուսավորությունը, օդի ցածր ջերմաստիճանը, ավելցուկային ազոտային սնուցումը, բույսերի խիտ տնկումը։

Պայքարի միջոցները. պահելուց առաջ սոխուկները մշակել։ Վեգետացիայի շրջանում ծիլերի առաջացման փուլում և ծաղկումից անմիջապես հետո բույսերը 1-2 անգամ մշակել 1,5 %-անոց ծծմբի կախույթով կամ էուպորենի 0,5-1%-անոց լուծույթով։

Տարբերում են սկլերոտինային (կարծրացումային) փտման մի քանի տեսակ. աճման կետի և սոխուկի վզիկի ախտահարում, որոնք պատվում են սպիտակ փառով։ Փտումն աստիճանաբար անցնում է ամբողջ սոխուկին և ոչնչացնում։ Հիվանդության մեկ այլ տեսակը դրսևորվում է վեգետացիայի շրջանի վաղ փուլում, որի ժամանակ ևս սոխուկները ոչնչանում են։

Պայքարի միջոցները. հողը մշակել կարբոթիոնի 2,5-3 %-անոց լուծույթով՝ 1 մ²–ին՝ 10 լ հաշվով, տնկելուց մեկ ամիս առաջ սոխուկներն ախտահանել սնդիկ պարունակող պատրաստուկներով (գրանոզան, ցերեզան, պանոգեն) և ֆորմալինով։

Հիվանդության տարատեսակ է տիֆուլյոզը, որի սկզբնական փուլում բույսերը լավ չեն աճում, կոկոնները չեն զարգանում։ Նկատվում է ախտահարված Վ-ների արմատների դեղնություն, որոնց շուրջ առաջանում է կանաչագորշավուն եզրակում, այնուհետև արմատները մահանում են։ Փտումն աստիճանաբար ընդգրկում է ամբողջ սոխուկը և բույսը ոչնչանում է։ Հիվանդության զարգացմանը նպաստում է ցածր դրական ջերմաստիճանը և բարձր խոնավությունը։

Պայքարի միջոցները. տնկելուց առաջ սոխուկները մշակել էուպորենով, ծծմբով։

Ֆուզարիոզն առավել հաճախ ի հայտ է գալիս վեգետացիայի վերջում։ Հիվանդ բույսերը վատ են ծաղկում, ծաղկակիրները մնում են կարճ, բարակ, ծաղիկները՝ մանր, կտրելուց հետո քիչ են դիմանում։ Արմատները մուգ են, թույլ զարգացած, սոխուկները պահելիս փտում են։ Ախտահարումն առավել հաճախ սկսվում է տակից, բաց գորշավուն բծերի ձևով, որոնք աստիճանաբար մեծանում են, դառնում դեղնադարչնագույն, ախտահարվում է ամբողջ սոխուկը, որը փտում է՝ արձակելով յուրահատուկ սուր հոտ։ Հիվանդության զարգացմանը նպաստում են բարձր ջերմաստիճանն ու օդի բարձր խոնավությունը։

Պայքարի միջոցները. տնկելուց անմիջապես առաջ սոխուկներն ախտահանել 0,1-0,2 %-անոց պատրաստուկներով (ֆունդազոլ, բենլայտ, ուզգեն)։ Պետք է դրանք թրջել 30 րոպե կամ խոնավ սոխուկները փոշեպատել փոշիով (1 կգ սոխուկներին՝ 2 գ փոշի)։

Պենիցիլյոզը դրսևորվում է դեղնագորշավուն բծերի ձևով, կանաչաերկնագույն առատ փառով։ Նկատվում է վեգետացիայի շրջանում բարձր խոնավության դեպքում։ Սովորաբար ախտահարվում են սոխուկների արտաքին թեփուկները։

Պայքարի միջոցները նույնն են, ինչ մոխրագույն փտման դեպքում։

Մյուս հիվանդություններից են արմատային փտումը, սոխուկների բակտերիային փտումը, ֆիտոֆտորոզը, ժանգը։

Վիրուսային հիվանդություններից է պսակաթերթիկների խայտաբղետությունը. հարուցիչը խայտաբղետության վիրուսն է։ Խախտվում է ներկող գունանյութի՝ անտոցիանի առաջացման գործընթացը։ Կարմիր, մանուշակագույն, վարդագույն Վ-ների միագունությունը կորչում է։ Հայտնվում են փետրաձև երանգներ թերթիկների եզրերում և անհամաչափ դասավորված շերտեր կենտրոնում՝ նախնական գույնի հատվածներով։ Մուգ կարմիր և ծիրանագույն սորտերի գունավորումն ուժեղանում է խոշոր կամ մանր մուգ գծերի ձևով։ Բույսերի չափերը փոքրանում են, ցողունները ծռմռվում, ծաղիկները մանրանում, պսակաթերթիկները նեղանում են (առանձնապես ստորին մասում), տերևների և ցողունների վրա հայտնվում են բաց կանաչավուն, թույլ արտահայտված զոլեր։ Վեգետացիայի շրջանում վիրուսի փոխանցողներ են տարբեր տեսակի լվիճները։ Վարակումը կարող է տեղի ունենալ նաև կտրող գործիքների միջոցով (ծաղիկները կտրելիս հիվանդ բույսերի հյութի միջոցով)։

Պայքարի միջոցները. ախտահարված բույսերը սոխուկների հետ միասին հեռացնել և ոչնչացնել։ Դրանք լցնել խոր փոսերի մեջ և վրան լցնել չհանգած կիր։

Օգոստոսյան հիվանդություն. հարուցում է ծխախոտի մեռուկացման վիրուսը, որն ախտահարում է վաղահաս սորտերը և Վ-ների մի քանի տեսակները։ Հիվանդ բույսերը լավ չեն աճում, վաղ ախտահարվելիս արագ ոչնչանում են։ Տերևների և ցողունների վրա առաջանում են երկայնական շարքերով դասավորված դարչնագույն գծեր։ Ուժեղ ախտահարվելիս տերևները ոլորվում են և չորանում։ Մեռուկացում նկատվում է նաև ծաղիկների վրա։ Սոխուկների վրա հայտնվում են ներս ընկած գունատ բծեր, որոնք հետագայում դառնում են դարչնագույն։ Վիրուսը փոխանցվում է սնկի միջոցով, որի սնկամարմինը գտնվում է մոլախոտերի և որոշ մշակովի բույսերի (կարտոֆիլ, ընդավորներ, ծխախոտ, ցորեն) արմատների վրա։

Պայքարի միջոցները. հիվանդ բույսերի հեռացում, մոլախոտերի ոչնչացում։

Վնասատուներից արմատային սոխային տիզը 0,7-0,8 մմ երկարությամբ, բաց դեղնավուն, փայլուն միջատ է, բնակվում է թեփուկների արանքում, կրծոտելով անցքեր է բացում հյուսվածքների մեջ։ Տարածվում է հողի, տնկանյութի, պարտեզային գործիքների միջոցով։ Սոխուկ է թափանցում տակից։

Պայքարի միջոցները. կանխարգելիչ նպատակով Վ-ից հետո հողամասում աճեցնել ոջլախոտ, լոլիկ, ամսական բողկ, որոնք կայուն են վնասատուի նկատմամբ։ Ախտահարված և կասկածելի սոխուկների հեռացում, տնկելուց առաջ դրանց ախտահանում։ Վեգետացիայի շրջանում տիզ հայտնաբերելիս բույսերը սրսկել կելտանի կամ ռոգորի 0,2 %-անոց լուծույթով։ Ամենամեծ վնասը հասցնում են մանուշակագույն բվիկի թրթուրները, որոնք ունեն մինչև 5 սմ երկարություն, կարմրամանուշակագույն են, մեջքին կարմիր զոլերով, կողքերին գորտնուկներով։ Միջատը հարսնեկավորվում է հուլիս-օգոստոսին՝ հողային բոժոժի մեջ, 6-8 սմ խորության վրա։ Կրծոտում է ցողունը արմատավզիկի մոտ և անցքեր բացում։ Բույսերը հաճախ ոչնչանում են։

Պայքարի միջոցները. վաղ գարնանը բույսերը փոշոտել նավթազինով, քլորոֆոսով, սայֆոսով, բովերինով։ Մշակումը կրկնել մինչև վնասատուի լրիվ անհետանալը։

Սոխային ճանճի թրթուրները վնասում են բոլոր սոխուկավոր բույսերը։ Դրանք կանաչամոխրագույն են, մինչև 1 սմ երկարությամբ, կնճռոտ, ծայրերում դարչնագույն ելուստներով ևն։ Ձմեռում են հողում և սոխուկներում։

Պայքարի միջոցները. աշնանային խոր վերափոր՝ հողի շերտը շրջելով, տնկաբույսերը ծածկել տորֆով (վերջինիս վրա ճանճերը չեն ձվադրում)։ Տնկելուց առաջ սոխուկները մշակել թունաքիմիկատներով։ Հողը փոշեպատել նավթազինով (1 բույսին՝ 3-5 գ)։

Մայիսյան բզեզի թրթուրներն ունեն 4-6 սմ երկարություն, սպիտակ են, հաստ, մուգ դարչնագույն գլխիկով և 3 զույգ ոտքերով։ Վնասում են բույսի արմատներն ու սոխուկները։ Հասուն միջատը կարմրագորշավուն է, սև մարմնով։ Սնվում է տերևներով։

Պայքարի միջոցները. հողի խոր վերափոր, հաճախակի փխրեցում, թրթուրները հեռացնել, վարակված հողամասերում կիրառել հատիկավորված հեքսաքլորան (1 մ²–ին՝ 15-20 գ)։ Վ-ին վնասում են նաև սովորական արջուկները (իշախառանչները), լարաորդերը, մկնանման կրծողները։

Վ. օգտագործվում է գեղազարդիչ պարտեզագործության մեջ, ծաղկային ձևավորումներում, կտրած ծաղիկներ ունենալու համար։