ՏՏՀ/Վինեգրետ
ՎԻՆԵԳՐԵՏ, խառնախորտիկ, սառը խորտիկ։ Մսեղենի հետ կարող է օգտագործվել նաև որպես խավարտ։
Վ. բանջարեղենով. առանձին-առանձին, առանց մաքրելու խաշում են կարտոֆիլը, ճակնդեղը, գազարը։ Հովանալուց հետո կեղևած բանջարեղենը մանր կտրտում են, լցնում լայն ամանի մեջ, ավելացնում կեղևած և կտրտած թթու վարունգ, մանր կտրտած գլուխ կամ կանաչ սոխ, պղպեղ, աղ, շաքարավազ։ Համեմում են ձեթով, քացախով (նաև թթվասերով կամ մայոնեզով) և լցնում սալաթամանի մեջ։ Կարելի է զարդարել եփած ձվի շերտերով, մանր կտրտած կանաչ սոխով և կանաչ ոլոռով։ Երբեմն ավելացնում են թարմ բանջարեղեն (հազար, վարունգ), թթու դրած սունկ (կամ սնկի մարինադ), եփած լոբի։ Թթու վարունգի փոխարեն կարելի է օգտագործել թթու կաղամբ։
1 կգ Վ-ի համար՝ 4-5 կարտոֆիլ, 2-3 փոքր ճակնդեղ, 2-3 գազար, 1-2 թթու վարունգ (կամ 150 գ թթու կաղամբ), 2 ճաշի գդալ ձեթ (կամ 1/3 բաժակ թթվասեր), աղը, քացախը, աղացած պղպեղը և շաքարավազը՝ ըստ ճաշակի։
Վ. մսով (կամ ձկով)։ Բանջարեղենով Վ-ին (չհամեմած) ավելացնում են կտրտած միս (եփած կամ տապակած) կամ ձուկ և համեմում ձեթով ու քացախով (կամ թթվասերով)։