ՏՏՀ/Վաֆլեկաղապար էլեկտրական
ՎԱՖԼԵԿԱՂԱՊԱՐ էլեկտրական, նախատեսված է տանը վաֆլի թխելու համար։ Բաղկացած է հոդակապով միացված և պատյանի մեջ տեղավորված ալյումինե կիսակաղապարներից։ Յուրաքանչյուր կիսակաղապար տաքանում է 400 Վտ հզորության խողովակաձև էլեկտրատաքացիչ տարրով։ Վաֆլի թխում են 160-180°C ջերմաստիճանում։ Թողարկվող Վ-ները տարբերվում են գլխավորապես աշխատանքային մակերևույթների չափերով և ձևով։ Վ-ի զանգվածը 3,5-4 կգ է։ Աշխատանքային մակերևույթների ջերմաստիճանը կարգավորում է ջերմասահմանափակիչը (160-200°C սահմաններում)։ Վաֆլի թխելիս Վ. նախապես միացնում են էլեկտրացանցին և տաքացնում 7-10 րոպե։ Այնուհետև այն բացում են և տաքացված կիսակաղապարների մակերևույթին յուղ քսում։ Ներքևի կաղապարի վրա բարակ շերտով 2-3 ճաշի գդալ խմոր են լցնում և վերևի կաղապարը ծածկում։ Թխվում է 1-3 րոպեում (խմորի բաղադրությունից կախված)։ Թխված վաֆլին հանում են և տաք վիճակում մասերի բաժանում (անհրաժեշտ ձևի և չափի) կամ փաթաթում խողովակաձև։
Անալի վաֆլի. դեղնուցը, աղը և սողան հարում են, ավելացնում 1/2 բաժակ ջուր, ալյուր և խնամքով խառնում՝ աստիճանաբար ավելացնելով մնացած ջուրը։ Քաղցր վաֆլի ստանալու համար ավելացնում են 1–2 ճաշի գդալ շաքարավազ։
7 վաֆլիի համար՝ 1 բաժակ ալյուր, 1 ձու, 0,75 լ ջուր, թեյի գդալի ծայրով սոդա, աղ։
Փխրուն վաֆլի. կարագը (սենյակային ջերմաստիճանի) շաքարավազի հետ խառնում են, ավելացնում ձու, աղ, սոդա, վանիլին և հարում։ Լցնում են անհրաժեշտ ջրի կեսը, ալյուր և խնամքով խառնում՝ աստիճանաբար ավելացնելով մնացած ջուրը։
10 վաֆլիի համար՝ 2 բաժակ ալյուր, 1/2 բաժակ շաքարավազ, 1 ձու, 30 գ կարագ, 0,5 լ ջուր, թեյի գդալի ծայրով աղ և սոդա, վանիլինը՝ ըստ ճաշակի։
Փխրուն վաֆլի կարելի է թխել նաև խմորիչով։ Խմորիչը մանրացնում են և շաքարավազի հետ խառնում, լցնում անհրաժեշտ կաթի կեսը, ալյուր և խառնում՝ ավելացնելով մնացած կաթը։ Տաք տեղում թողնում են 1 ժամ։
10 վաֆլիի համար՝ 1 բաժակ ալյուր, 1 բաժակ կաթ, 20 գ խմորիչ, 100 գ կարագ, 1/2 թեյի գդալ շաքարավազ։
Վաֆլու խողովակները լցոնում են եփովի սառած կրեմով: