Jump to content

ՏՏՀ/Վիտամիններ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վիտամիններ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 334
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՎԻՏԱՄԻՆՆԵՐ, կենսաբանորեն ակտիվ օրգանական միացություններ, որոնք մեծ նշանակություն ունեն օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար և անփոխարինելի են։ Վ-ի մեծ մասը մարդը ստանում է սննդի հետ, և սոսկ մի քանիսն են սինթեզվում օրգանիզմում։ Կան կազմությամբ Վ-ին մոտ նյութեր, այսպես կոչված նախավիտամիններ, որոնք, մտնելով մարդու օրգանիզմ, փոխարկվում են Վ-ի։ Որոշ սննդամթերքներ հարուստ են մեկ կամ մի քանի Վ-ով, բայց զուրկ են մյուսներից։ Ուստի միօրինակ սնվելիս կամ վիտամինազուրկ սննդամթերք օգտագործելիս, ինչպես նաև օրգանիզմի կողմից Վ-ի յուրացման գործընթացի խանգարման դեպքում կարող է առաջանալ վիտամինային անբավարարություն (թերվիտամինոզ, ավիտամինոզ)։ Վ-ի ավելցուկային ընդունումը նույնպես կարող է հանգեցնել հիվանդությունների՝ գերվիտամինոզների։ Դրանք կարող են առաջանալ որևէ վիտամինի մեծ բաժնաչափի միանվագ ընդունումից (սովորաբար վիտամինային պատրաստուկի ձևով) կամ օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները գերազանցող քանակությամբ երկարատև օգտագործելիս։ Առավել հաճախ գերվիտամինոզը հանդիպում է վաղ հասակի երեխաների մոտ, երբ ծնողներն առանց նախապես բժշկի հետ խորհրդակցելու երեխային տալիս են վիտամինային պատրաստուկներ կամ մեծացնում են բժշկի նշանակած բաժնաչափը։ Վ-ի ընդունումը պետք է խստորեն համապատասխանի օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջներին։

Վ-ի պահանջը բարձրանում է օրգանիզմի աճման, հղիության, կրծքով կերակրման շրջանում, հիվանդության ժամանակ և հետո, ֆիզիկական ու մտավոր ծանրաբեռնվածության (օրինակ, սպորտով պարապելիս, նյարդահուզական մեծ լարվածություն պահանջող աշխատանքներ կատարելիս), ինչպես նաև ցրտի երկարատև ազդեցության դեպքում։ Մեծահասակների օրգանիզմում Վ-ի յուրացումը դժվարանում է։

Վ-ի մեծ մասը պայմանականորեն նշանակվում է լատինական տառերով (օրինակ, A, B, C և այլն), բացի այդ, դրանք ունեն նաև քիմիական կազմությունն արտահայտող հատուկ անվանումներ։

Տարբեր սննդամթերքներում պարունակվող որոշ Վ. կարող են մասնակիորեն քայքայվել մի շարք արտաքին գործոնների ներգործությունից։ Թարմ մթերքներն ավելի հարուստ են Վ-ով, քան պահածոյվածները։ Սննդամթերքը երկարատև պահելիս, չորացնելիս, եփելիս տարբեր Վ. (հատկապես ամենաանկայուն վիտամին C) մասնակիորեն քայքայվում են։ Ուստի անհրաժեշտ է իմանալ և պահպանել սննդամթերք պահելու և դրա խոհարարական մշակման կանոնները։

Վիտամին A (ռետինոլ), անհրաժեշտ է լիարժեք տեսողության համար, ապահովում է օրգանիզմի բնականոն աճը։ Վիտամին A–ի անբավարարությունից մաշկը գունատվում է, չորանում, թեփոտում, առաջանում են պզուկներ, թարախաբշտիկային հիվանդություններ, մազերը չորանում են և խամրում, եղունգները դառնում դյուրաբեկ։ Անբավարարության հիմնական հատկանիշը լուսավախությունն է, գիշերային կուրությունը (հավկուրությունը)։ Վիտամին A-ն պարունակվում է միայն կենդանական ծագման մթերքներում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, պանիրում, ձվի դեղնուցում։ Բուսական մթերքներում պարունակվում է նախավիտամինների՝ գունակների (պիգմենտների), կարոտինոիդների ձևով, որոնցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, սալաթը (մշակովի հազարը), մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն։ Կարոտինոիդներն օրգանիզմում լավ են յուրացվում ճարպերի զուգակցությամբ, ուստի ավելի օգտակար է բանջարեղենը ուտել սալաթների ձևով համեմված թթվասերով կամ բուսական յուղով։ Մթերքները սովորական ձևով եփելիս, թթու դնելիս վիտամին A–ն և կարոտինոիդները լավ են պահպանվում, իսկ չորացնելիս, ճարպերը կծվելիս արագ քայքայվում են։

Վիտամին B1, (թիամին). անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն, հատկապես ածխաջրերի նյութափոխանակության համար։ Անբավարարության դեպքում նկատվում է դյուրագրգռելիություն, հոգնածություն, մարսողության խանգարում։ Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի։ Վիտամին B1-ով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը։ Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց։ Օրգանիզմի վիտամին B1-ի պահանջը զգալիորեն մեծանում է ֆիզիկական և մտավոր գերծանրաբեռնվածությունից, ցրտից։

Վիտամին B2 (ռիբոֆլավին), անհրաժեշտ է օրգանիզմի աճման համար։ Այն մասնակցում է կենսաբանական օքսիդացման գործընթացներին։ Նպաստում է վերքերի լավացմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը։ Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը։ Մեծ քանակությամբ վիտամին B2 պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում։ Վիտամին B2–ը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությունից։

Վիտամին B6 (պիրիդօքսին), մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը, որոնք սպիտակուցների բաղկացուցիչ մասն են։ Անբավարարությունից առաջանում է վաղ մանկական տարիքի երեխաների աճի կասեցում, սակավարյունություն, գերգրգռվածություն, հղիների մոտ՝ դեմքի, պարանոցի, կրծքի, գլխի մաշկի բորբոքում:

Վիտամինների պարունակությունը սննդամթերքներում

Մթերքի անվանումը Կարոտին և
ռետինոլ (մգ)
B1
մգ
B2
մգ
B5
մգ
PP
մգ
C
մգ
D
մգ
E
մգ
K
մգ
B12
մգ
Ֆոլաթթու
մգ
Տարեկանի հաց 0,18 0,11 0,22 0,67 16,0
Բուլկի քաղաքային
(1-ին տեսակի ալյուրից)
0,16 0,08 0,12 1,58 20,0
Սպիտակաձավար 0,14 0,07 1,0 13,0
Հնդկաձավար 0,53 0,20 0,40 4,19
Բրնձաձավար 0,88 0,04 0,32 1,60 5,9
Վարսակի փաթիլներ
«Հերկուլես»
0,45 0,10 1,00 23,0
Կորեկաձավար 0,15 0,62 0,04 1,55 21,0
Տավարի միս հետքեր 0,06 0,15 0,35 2,8 հետքեր 0,5 40 10,0
Ոչխարի միս 0,08 0,14 0,3 2,5 հետքեր 6,0 4,7
Խոզի միս 0,52 0,14 0,42 2,4 հետքեր 3,0 3,2
Հավի ձու (0,35) 0,07 0,44 0,12 0,19 7,0 2,0 3,2
Ծածան (թարմ) (0,02) 0,14 0,13 1,5 հետքեր
Խեկ (թարմ սառեցրած) 0,12 0,1 1,0 1,0 3,2
Կաթ (0,01) 0,03 0,13 0,05 0,1 1,0 0,03 0,6 0,03 0,6 9,8
Պանիր հոլանդական 0,17 0,03 0,38 0,09 0,40 2,8 0,14 1,2 10
Կաթնաշոռ (յուղալի) 0,06 0,05 0,30 0,30 0,5
Ձմերուկ 0,10 0,04 0,33 0,24 7,0
Բակլա 0,05 0,06 0,10 0,9 0,6 20
Կանաչ ոլոռ 0,40 0,34 0,19 0,15 2,0 25,0 5 0,28 23,0
Կաղամբ 0,02 0,06 0,08 0,11 0,40 50,0 0,2 4,0 22,0
Ծաղկակաղամբ 0,02 0,10 0,10 0,20 0,60 70,0 0,15 4,0 18,0
Կարտոֆիլ 0,02 0,12 0,05 հետքեր 0,90 20,0 0,06 14,0
Կանաչ սոխ 2,00 0,02 0,10 0,30 30 0,2 13,0
Գազար 9,00 0,06 0,07 0,9 1,00 5,0 0,45 0,2 11,0
Վարունգ (գրունտի) 0,06 0,03 0,04 0,20 10,0 0,1 10,5
Տաքդեղ, կարմիր (քաղցր) 2,00 0,1 0,08 1,0 25,0 1,6 10,0
Մաղադանոս (կանաչ) 1,70 0,05 0,05 0,7 150 1,8 38,0
Սալաթ (մշակովի հազար) 1,75 0,03 0,08 0,2 0,65 15 0,6 27,0
Ճակնդեղ 0,01 0,02 0,04 0,20 10
Լոլիկ (գրունտի) 1,2 0,06 0,04 0,1 0,53 25 1,3 8
Սամիթ 1 0,03 0,10 0,60 100
Թրթնջուկ 2,5 0,19 0,10 0,3 43,0
Ծիրան 1,60 0,03 0,06 0,70 10 0,8 5
Նարինջ 0,05 0,04 0,03 0,05 0,20 60,0 5
Բանան 0,12 0,04 0,05 0,5 0,6 10,0 10
Խաղող հետքեր 0,05 0,02 0,30 6,0 4
Բալ 0,10 0,03 0,03 0,04 0,40 15,0 0,13 8
Մորի (պարտեզային) 0,03 0,03 0,05 0,05 0,30 60,0 0,7 0,1 4,6
Լոռամրգի հետքեր 0,02 0,02 0,15 15,0 1,7
Կիտրոն 0,01 0,04 0,02 0,10 40,0
Ազնվամորի 0,20 0,02 0,05 0,60 25,0 1,0 5,1
Չիչխան 10,0 0,10 0,05 0,60 200 7,0
Սալոր 0,10 0,06 0,04 0,60 10,0 1,3 3
Սև հաղարջ 0,10 0,02 0,02 0,30 200 0,5 1,8 16
Հապալաս հետքեր 0,01 0,02 0,30 10,0
Մասուր (չոր) 6,7 0,15 0,84 1,50 1200,0 3,4 0,4
Խնձոր 0,03 0,01 0,03 0,04 0,30 13,0 0,4 2

Վիտամին B6ը պարունակվում է մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում։ Սովորական սնվելիս վիտամին B6–ի անբավարարություն չի առաջանում, իսկ աճման, հղիության և կրծքով կերակրման շրջանում դրա պահանջը կարող է մեծանալ։

Վիտամին B12 (ցիանակոբալամին). մասնակցում է արյունաստեղծմանը։ Անբավարարության դեպքում զարգանում է սակավարյունություն։ Զգալի քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, ձկնեղենում (հատկապես լյարդում և խավիարում), քիչ քանակությամբ մսում, կաթում, կաթնաշոռում, պանրում, ձվի դեղնուցում։

Վիտամին B15 (կալցիումի պանգամատ). քիմիական կազմությունը և ազդեցության մեխանիզմը անբավարար է ուսումնասիրված։ Բուժիչ նպատակով կիրառում են աթերոսկլերոզի, արյան շրջանառության խանգարումների, լյարդաբորբերի և այլ հիվանդությունների ժամանակ։

Վիտամին C (ասկորբինաթթու). կարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման գործընթացներում։ Անբավարարության դեպքում զարգանում է լնդախտ (ցինգա)։ Ավելցուկային բաժնաչափերը (օրական մի քանի գ) նույնպես վնասակար են օրգանիզմի համար և կարող են առաջացնել ծանր բարդություններ (օրինակ, երիկամաքարային հիվանդություն)։ Վիտամին C-ի անհրաժեշտ քանակությունը (մեծահասակների համար օրական 50-100 մգ, երեխաներինը՝ 30-70 մգ) օրգանիզմը պետք է ստանա սննդի հետ։ Ասկորբինաթթվի հիմնական աղբյուր են հատապտուղները, բանջարեղենը և մրգերը։ Օրական պահանջը լրացվում է կաղամբի, կարտոֆիլի, կանաչ սոխի, լոլիկի հաշվին։ Վիտամին C-ի առավելագույն քանակությունը (մինչև 1200 մգ) պարունակվում է մասուրում, սև հաղարջում (մինչև 200 մգ), կարմիր տաքդեղում (մինչև 250 մգ), ինչպես նաև չիչխանի հատապտուղներում, նարինջում, կիտրոնում, շատ քիչ՝ կենդանական մթերքներում։ Վիտամին C-ն լավ է լուծվում ջրում, այն ամենաանկայունն է, հեշտությամբ օքսիդանում է հատկապես բարձր ջերմաստիճանում և մետաղի (հիմնականում պղնձի) ներկայությամբ։ Բանջարեղենը եփելիս կորչում է վիտամին C-ի մոտ 1/3-ը։ Սնունդը տաքացնելիս և երկարատև պահելիս կորուստը մեծանում է։ Տապակելիս աննշան է քայքայվում, իսկ թթու դնելիս պահպանվում է։ Թարմ սառեցրած միրգը և բանջարեղենը հալվելիս վիտամին C-ն դառնում է անկայուն, ուստի պետք է արագ օգտագործել։ Գարնանը խորհուրդ են տրվում թարմ կանաչ սոխը և որոշ պահածոյված մթերքներ (լոլիկի մածուկ, կանաչ ոլոռ), որոնցում վիտամին C-ն լավ է պահպանվում։ Վիտամին C-ի պարունակության մասին տես Բանջարեղեն, Միրգ, ինչպես նաև առանձին մթերքներին վերաբերող հոդվածներում։

Վիտամին D (կալցիֆերոլներ) օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը։ Վիտամին D-ի մեծ պահանջ ունեն հատկապես 3-4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը), ինչպես նաև հղի և կրծքով կերակրող կանայք։ Սովորաբար վիտամին D-ն առաջանում է մարդու մաշկում անդրամանուշակագույն ճառագայթների ներգործության տակ։ Վիտամին D-ի աղբյուր է թյունոսի, ձողաձկան և այլ ձկների լյարդի ճարպը։ Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում։ Մյուս կենդանական մթերքներն աղքատ են այս վիտամինից, իսկ բուսական մթերքները, որպես կանոն, բոլորովին չեն պարունակում։

Մեծահասակ մարդկանց պահանջը վիտամին D-ի նկատմամբ մեծ չէ, սակայն այն մեծանում է ցերեկային լույսի պակասի դեպքում (ստորգետնյա աշխատանքներ կատարելիս, հյուսիսում ապրելիս)։ Ձմռանը օրգանիզմում վիտամին D-ի առաջացումը կարելի է խթանել քվարցով ճառագայթահարելիս։ Կանխարգելիչ նպատակով վաղ մանկական տարիքի երեխաներին հաճախ նշանակում են վիտամին D-ի պատրաստուկներ, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի հսկողությամբ, քանի որ բաժնաչափը գերազանցելիս կարող են բարդություններ առաջանալ։

Վիտամին E (տոկոֆերոլներ). խթանում է մկանային գործունեությունը և սեռական գեղձերի ֆունկցիաները։ Պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, սալաթում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում։

Վիտամին K (ֆիլոքինոններ). մասնակցում է արյան մակարդմանը։ Պարունակվում է սպանախի, կաղամբի, եղինջի և այլ բույսերի կանաչ մասերում, գազարում, լոլիկում։ Կենդանական ծագման մթերքները (բացի լյարդից) վիտամին K գրեթե չեն պարունակում։

Վիտամին P (կենսաֆլավոնոիդներ). նյութերի խումբ, որոնք բարձրացնում են մազանոթների պատերի կայունությունը, վերացնում դրանց բարձր թափանցելիությունը։ Այդ նյութերից են ռուտինը, տանինը։ Առավել արդյունավետ են վիտամին C-ի զուգակցությամբ։ Պարունակվում են թեյում (առանձնապես կանաչ), մասուրում, կիտրոնում, խուրմայում, սև հաղարջում, սև արոսենու պտուղներում, խաղողում, սալորում, տաքդեղում, հնդկաձավարում։

Վիտամին PP (նիկոտինամիդ, նիկոտինաթթու), անհրաժեշտ է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացման գործընթացների համար։ Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում։ Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքներից։

Ֆոլաթթու (ֆոլացին). սերտորեն կապված է արյունաստեղծման հետ։ Հիմնականում պարունակվում է կանաչ տերևներով բանջարեղենում (լատիներեն ֆոլիում-տերև), ինչպես նաև լոլիկում, խնձորում, կարտոֆիլում, լյարդում, երիկամներում, խմորիչներում, սպանախում, մաղադանոսում, կաղամբում, ծաղկակաղամբում։

Պանտոտենաթթուն մասնակցում է նյութափոխանակության կարևորագույն ռեակցիաներին։ Պարունակվում է կենդանական և բուսական ծագման շատ մթերքներում։ Օրական պահանջը լրացվում է սովորական, խառը սնուցման դեպքում։