Jump to content

ՏՏՀ/Վիրակապ բժշկական

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վիրակապ բժշկական
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 336
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՎԻՐԱԿԱՊ բժշկական, նախատեսված է վիրակապման նյութերի ամրացման (ամրացնող Վ.), մարմնի որևէ մասի վրա ճնշում գործադրելու համար՝ հիմնականում արյունահոսության դադարեցման, հյուսվածքների այտուցի կանխման նպատակով (սեղմող Վ.), վերջույթները կամ մարմնի այլ մասերն անշարժ պահելու համար (անշարժացնող Վ.)։

Առավել տարածված են բինտային Վ-երը։ Ճիշտ արված Վ. պետք է ամբողջությամբ ծածկի վնասվածքը (օրինակ, վերքը), չանհանգստացնի հիվանդին, չսահի, ամուր չսեղմի վիրակապված տեղը (չխախտի արյան շրջանառությունը և ցավ չպատճառի)։ Մարմնի վիրակապվող մասը պետք է մերկացվի և հարմար դիրքի բերվի։ Օրինակ, ոտքը պետք է ձգված լինի և ծնկամասում չծալված, իսկ ոտնաթաթը ուղիղ անկյան տակ, ձեռքը պետք է արմունկի մասում ուղիղ անկյունով ծալված լինի, ուսը փոքր-ինչ հետ տարված, ձեռքի մատները թեթևակի ծալված։

Վիրակապումը հարկավոր է սկսել մարմնի ավելի բարակ մասից (օրինակ, ծեռքերինը և ոտքերինը՝ ներքևից վերև)։ Մի ձեռքով պետք է պահել բինտով արված փաթույթը, մյուսով մարմնի մակերեսը փաթաթել բինտով ձախից աջ (ժամացույցի սլաքի ուղղությամբ)։ Բինտի առաջին և երկրորդ փաթույթները պետք է համընկնեն, իսկ յուրաքանչյուր հաջորդը պետք է բինտի լայնության կիսով չափ ծածկի նախորդը։ Եթե վիրակապման ընթացքում բինտը շեղվում է և չի ծածկում նախորդ փաթույթը, ապա հարկավոր է այն շուռ տալ, փոքր-ինչ ներքև թեքել և շարունակել վիրակապումը։ Վերջում բինտի ծայրը պետք է մեջտեղից պատռել կամ կտրել և հանգուցակապել (ոչ վերքի վրա)։

Որոշ դեպքերում կիրառում են եռանկյունի Վ.՝ վիրակապման նյութերը պահելու համար բինտի փոխարեն օգտագործելով եռանկյունի շոր։ Կիրառում են նաև ցանցային Վ-եր և այրվածքների դեպքում օգտագործվող հատուկ Վ-եր։