Jump to content

ՏՏՀ/Տամա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՏԱՄԱ, սեղանի հայկական ժողովրդական խաղ։ Հայտնի են «տամա», «գիլու (գայլի) տամա», «ռեզ» (շարք) և այլ տարբերակներ։ Ամենատարածվածը սովորական Տ. է, որ խաղում են երկուսով, երկգույն 16-ական «քարերով»։ Տ-ի խաղատախտակը (նկ.) քառակուսի է՝ բաժանված 64 վանդակի, որոնք համարակալվում են վարից վեր, ձախից աջ։ Նախքան խաղն սկսելը «քարերը» դասավորվում են 2-3-րդ և 6-7-րդ շարքերի վանդակներում՝ յուրաքանչյուրում մեկական «քար»։

Խաղի կանոնները։ Առաջին քայլը կատարվում է վիճակահանությամբ, ապա հերթականությամբ։ «Քարը» շարժվում է ազատ վանդակներով, մեկ քայլ առաջ կամ կողմ։ Բոլոր խաղաքարերը մինչև «տամա» դառնալը (վերջին վանդակաշարին հասնելուց հետո, երբ «քարը» կարող է ուղղագիծ շարժվել տախտակի ցանկացած ուղղությամբ և հեռավորությամբ) հավասարարժեք են։ Մրցակցի «քարը» կարելի է վերցնել ցանկացած ուղղությամբ, եթե այն անպաշտպան է թիկունքից կամ կողքից։ Վերցնող «քարը» ցատկում է մրցակցի հարվածվող «քարի» վրայով և կանգնում հաջորդ ազատ վանդակում։ Թույլատրվում է միաժամանակ վերցնել հնարավոր թվով «քարեր», եթե դրանք վանդակներում դասավորված են մեկընդմեջ և անպաշտպան են։ Մրցակցի հարվածի ենթակա «քարը» վերցնելը պարտադիր է։ Հարվածի տակ գտնվող հակառակորդի «քարերը» վերցնելու մի քանի հնարավոր տարբերակներից պետք է ընտրել առավելագույն թվով «քար» վերցնելու տարբերակը, անկախ այն բանից, թե դրանից հետո հարձակվողի համար ինչ դրություն կստեղծվի խաղատախտակի վրա։ Հաղթում է մրցակցի բոլոր «քարերը» վերցնող խաղացողը։ Ոչ-ոքի է արձանագրվում խաղատախտակին մեկական «քար» մնալիս։

Տ-ի գիլու (գայլի) տարբերակի խաղատախտակը քառակուսի է՝ բաժանված երեք հորիզոնական և երեք ուղղահայաց գծերով 16 համահավասար վանդակի։ Վանդակները անկյունագծերով հատվում են։ Խաղացողներից մեկն ունի երկու «քար»՝ «գայլեր», իսկ մյուսը 20 «քար»՝ «ոչխարներ» (նկ.)։

Խաղի կանոնները։ Սկզբում «քարերը» դասավորվում են ինչպես ցույց է տրված նկ-ում։ Խաղի ընթացքում «գայլերի» խնդիրն է «ուտել»՝ դաշտից դուրս բերել «ոչխարներին», իսկ «ոչխարներինը»՝ շրջափակել «գայլերին»։ Շարժվել կարելի է միայն մեկ վանդակ՝ գծերի մի հատման կետից մյուսը։ «Գայլերը» կարող են շարժվել ցանկացած ուղղությամբ և վերցնել («ուտել») անպաշտպան «ոչխարներին» (որոնք կողքերից և թիկունքից պաշտպանված չեն)։ Միաժամանակ կարելի է վերցնել մեկ կամ մի քանի «ոչխար», եթե դրանք դասավորված են մեկընդմեջ և պաշտպանված չեն։ Խաղն սկսում են «գայլերը»։ Խաղասկզբում «ոչխարները» կարող են քայլել միայն դեպի առաջ, իսկ երբ խաղի մեջ է մտել 15 «ոչխար», իսկ հինգը դասավորված են ելակետերում՝ յուրաքանչյուր կետում մեկը, նաև դեպի կողմ և անկյունագծերով։ Եթե «գայլերին» հաջողվի 13 «ոչխար» «ուտել», խաղն ավարտվում է նրանց հաղթանակով։ Եթե «ոչխարներին» հաջողվի «գայլերին» զրկել քայլ կատարելու հնարավորությունից, ապա հաղթում են «ոչխարները»։

Տ-ի ռեզ (շարք) տարբերակի խաղատախտակը իրար մեջ դասավորված երեք քառակուսիներ են, որոնք կապվում են ուղղագծերով (նկ.)։ Խաղում են երկու հոգով՝ յուրաքանչյուրն ունենալով իննական «քար»։ Խաղը սկսվում է վիճակահանությամբ։

Խաղի կանոնները։ Խաղացողները իրենց «քարերը» հերթականությամբ դասավորում են գծերի հատման կետերում մի շարքի վրա՝ խնդիր ունենալով երեք «քար» դասավորել մի գծով, այսինքն՝ երեք հատման կետերում մի շարքի վրա։ Եթե խաղացողներից մեկին դա հաջողվում է, ապա նա իրավունք է ստանում վիրցնել հակառակորդի ցանկացած «քարերից» մեկը, բացառությամբ մեկ շարք կազմած քարերի։ Այնուհետև քայլ է կատարում «քար» կորցրած խաղացողը։ Եթե խաղացողներից մեկին մնացել է միայն երեք «քար», նա իրավունք ունի իր խաղաքարերը փոխադրել ցանկացած ուղղությամբ և տեղավորել ցանկացած կետում, եթե, իհարկե, տեղն ազատ է։ Քայլերը կատարվում են մի կետից մյուսն անցնելով, բոլոր ուղղություններով։ Նույն շարքը կարելի է կազմել անսահմանափակ անգամ։ Դա հնարավոր է, քանի որ կազմված շարքի «քարերից» մեկը կարող է հեռանալ կողմ և այնուհետև կրկին վերադառնալ իր տեղը՝ կազմելով շարք, և իրավունք ստանալ վերցնել հակառակորդի «քարերից» մեկը։ Տարվում է այն խաղացողը, ում երեքից պակաս «քար» է մնում և դրանցով հնարավոր չէ շարք կազմել

Հայաստանի Հանրապետությունում անցկացվում են Տ-ի շրջանային, քաղաքային և հանրապետական մրցումներ։ 1990-ին կազմավորվել է Տ-ի հանրապետական ֆեդերացիան։