ՏՏՀ/Տեսախցիկ
ՏԵՍԱԽՑԻԿ, կենցաղային, բլոկավոր սարք, կազմված է հեռուստախցիկից (որի լուսաընդունիչը լիցքային կապով կիսահաղորդչային սարք է) և որոշակի ֆորմատով աշխատող պարկուճային տեսամագնիտոֆոնից:
Հեռուստախցիկը հեռուստատեսային ազդանշանի տվիչի վրա (նախատեսված է պատկերը էլեկտրական ազդանշանի փոխակերպելու համար) ստեղծում է նկարահանվող առարկայի օպտիկական պատկերը։
Հեռուստախցիկի օպտիկական գլխիկը (նրանից է կախված ստացվող պատկերի որակը) բարդ օպտիկամեխանիկական համալիրների ամբողջություն է և կազմված է վարիոօբյեկտիվից (փոփոխական կիզակետային հեռավորությամբ օբյեկտիվ), ավտոմատ կառավարման համակարգից։ Որոշ Տ-ների հեռուստախցիկը հանդերձված է նաև գունաբաժանիչ բլոկով։
Վարիոօբյեկտիվի կարևոր բնութագրերն են կիզակետային հեռավորությունը, հարաբերական բացվածքը, լուծունակությունը։
Կենցաղային Տ-ներում սովորաբար օգտագործում են լայնանկյուն վարիոօբյեկտիվներ (տրանսֆոկատորներ)։
Դիտոցը (տեսափնտրիչը) նախատեսված է հեռուստակադրի սահմանները և հեռուստակադրում պատկերի տեղը որոշելու, ինչպես նաև օբյեկտիվի կիզակետման (որոշ Տ-ներում կիզակետումը կատարվում է ավտոմատ) համար։ Մասնագիտական Տ-ներն ունեն մեծ տեսափնտրիչ և մեծ լուծունակությամբ գունավոր մոնիտոր։
Տ-ի գլխավոր առանձնահատկությունները պայծառության և գունավորության ազդանշանների գրանցման անջատ համակարգերն են և գունավորության ազդանշանների ժամանակային խտացման կիրառումը։ Տարբերում են նմանակային (VHS, VHS-C, Super VHS.Beta, 8 մմ Video Hi8) և (DV) Տ-ներ: DV ֆորմատի ներդրմամբ ներկա սերնդի Տ-ները ապահովում են ձայնի և պատկերի բարձր որակ։ Թվանշանային խտացման տեխնոլոգիան հնարավորություն է ընձեռում էապես կատարելագործել նախորդ սերունդների Տ-ների տեսագրանցման միջոցների պարամետրերը։ Նվազագույն լուսավորվածությունը, որի դեպքում հնարավոր է Տ-ով իրականացնել նկարահանումը, հասնում է 0,5 լյուքսի։
Տ-ի մեծ մասը հանդերձված է էլեկտրասնուցման ավտոմատ խնայարարով և ավտոմատ անջատման համակարգով։
Որոշ Տ-ների հեռուստապատկերի մշակման էլեկտրոնային համակարգն ունի նաև պատկերի կայունարար։ Բազմաթիվ Տ-ներ ունեն ծրագրավորվող ինքնալուսակայման համակարգ (սպորտ, դիմանկար, ցածր լուսավորվածություն)։ Լավագույն Տ-ները իրականացնում են նաև Hi-Fi դասի ծավալահնչական ձայնագրում, ներդիրների և ձայնագրումների հավաքակցում (մոնտաժում), ունեն հեռակառավարման ինֆրակարմիր վահան։