ՏՏՀ/Տաքդեղ (աճեցումը)
ՏԱՔԴԵՂ (աճեցումը), մորմազգիների ընտանիքի բույս։ Ցողունը՝ կլոր կամ հինգ անկյունանի, առատ ճյուղավորվող, ներքևի մասում շուտ փայտացող, իսկ վերևում՝ դալար։ Բույսն ինքնափոշոտվող է, սակայն ՀՀ հարավի պայմաններում լինում է նաև խաչաձև փոշոտում։ Պտուղները՝ կլոր-տափակավուն, գնդաձև, կոնաձև, քառանկյունի, եռանկյունի, եղջերաձև և այլ ձևերի։
Տեխնիկական հասունացման վիճակում պտուղները լինում են կանաչ, դեղնականաչ, սպիտակականաչ, լրիվ հասունացած վիճակում՝ կարմիր և նարնջագույն։ Պտղի զանգվածը սորտից կախված՝ 5-200 գր և ավելի։
Սածիլը տնկելուց 60-70 օր հետո սկսվում է Տ-ի առաջին պտուղների տեխնիկական հասունացումը և բերքահավաքը։ Ծաղկումն ու պտղաբերությունը շարունակվում են մինչև աշնան ցրտահարությունները։ Տ-ի բերքահավաքը պետք է կատարել մեծ զգուշությամբ, որովհետև ճյուղերը շատ նուրբ են և հեշտությամբ կոտրվում են։ Տարբերում են կծու, կիսակծու և քաղցր սորտեր։ Բոլոր տեսակներից էլ մշակում են ՀՀ-ում. քաղցր սորտերից՝ Բուլղարական քաղցրը, Նովոչերկասկի 35-ը, կիսակծուներից՝ փղի կնճիթը, կծուներից՝ Կայենյանը։
Տ-ի մշակության համար լավագույնը օրգանական նյութերով հարուստ կավավազային և ավազակավային հողերն են, ինչպես նաև ՀՀ լեռնային սևահողերը։ Թթու, ճահճոտ և ծանր կավային հողերում Տ. լավ չի աճում։ Ցանքաշրջանառության մեջ լավ նախորդներ են վարունգը, կաղամբը, բոստանային բույսերը և ընդավորները։ Արարատյան դաշտում լավ նախորդներ են նաև աշնանացան սպանախը, սոխը և այլն։ ՀՀ-ում Տ. մշակում են բացառապես սածիլներով։ Արարատյան դաշտում սածիլներն աճեցնում են տաքացվող և արևային ջերմոցներում ու բաց սածիլանոցներում, իսկ նախալեռնային և լեռնային շրջաններում՝ տաքացվող ջերմոցներում։
Փոքր տարածություններում Տ. մշակում են մարգերով։ Գարնան փխրեցումից կամ կրկնափորից հետո, դաշտը փոցխում են և մարգոցում, մարգի լայնությունը պետք է լինի 1,5-2 մ, երկարությունը ըստ ջրելու հնարավորության։ Մարգերի մեջ հողը պետք է հարթել, հավաքել մոլախոտերի մնացորդները և ջրել։ Տ. տնկում են 50-60 սմ միջշարային, 30-40 սմ միջբուսային հեռավորությամբ։ Սածիլները տնկելու համար շարքերը նշագծում են, հետո բացում փոսիկներ և տնկում, մարգը լրանալուց հետո ջրում։ Սածիլները տնկում են մինչև արմատավզիկի խորությունը։ Սածիլելուց 3-4 օր հետո չկպած սածիլների տեղը լրացնում են և ջրում, որից հետո 10-15 օր չեն ջրում։ Հուլիս-օգոստոս ամիսներին բույսերի փարթամ աճի և պտղաբերման շրջանում ջրում են 5-7 օրը մեկ։ Վեգետացիայի ընթացքում Տ. քաղհանում են 3-4 և փխրեցնում 2-3 անգամ։ Սածիլումից 15-20 օր հետո սնուցում են գոմաղբահեղուկով կամ հանքային պարարտանյութերով (ազոտական, ֆոսֆորական և կալիումական)։ Երկրորդ սնուցումը կատարում են առաջին սնուցումից 20-25 օր, երրորդը՝ դրանից մեկ ամիս հետո։ Բերքը հավաքում են պարբերաբար՝ 3-4 օրը մեկ, օրվա հով ժամերին։