Jump to content

ՏՏՀ/Տենդ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տենդ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 340
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՏԵՆԴ, օրգանիզմի պաշտպանական ռեակցիան մի շարք հիվանդությունների դեպքում։ Արտահայտվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ։ Դա յուրօրինակ հարմարողական մեխանիզմ է, որի շնորհիվ ակտիվանում են օրգանիզմի պաշտպանական ուժերը։ Տ. առաջանում է ի պատասխան ջերմածին ազդակների (մանրէներ, դրանց թույներ, օտարածին սպիտակուցներ, այդ թվում շիճուկներ, վակցինաներ, որոշ քիմիական նյութեր), ինչպես վարակիչ, այնպես էլ ոչ վարակիչ (թունավորումներ, ալերգիական վիճակներ և այլն) հիվանդությունների դեպքում։ Տ. օրգանիզմի համար օգտակար ռեակցիա է, սակայն որոշ դեպքերում կարող է ունենալ բացասական ներգործություն։ Տ. ուղեկցվում է (առանձնապես ծանր դեպքերում) տարբեր օրգանների և նյարդային (գլխացավ, գլխապտույտ, գիտակցության մթագնում), սիրտանոթային և շնչառական (սրտխփոց, շնչառության հաճախացում) համակարգերի գործունեության, նյութափոխանակության խանգարումներով, միզարձակման նվազեցմամբ և այլն։ Ջերմաստիճանի բարձրացումը սովորաբար կախված է ջերմածին ազդակի «բաժնաչափից», սակայն 40,5-41 °C–ից վեր չի բարձրանում։ Տ. թույլ է արտահայտված նորածինների, տարեց և ծեր մարդկանց մոտ։ Տ. ընթանում է 3 փուլով. ջերմաստիճանի բարձրացում (հիվանդը սարսուռ է զգում), բարձր (առավելագույն) ջերմաստիճանի կայուն պահպանում (մաշկի գունատությունը փոխարինվում է կարմրությամբ, առաջանում է ջերմության զգացում) և ջերմաստիճանի նվազում (կտրուկ, մի քանի ժամվա ընթացքում կամ աստիճանաբար)։

Զանազան հիվանդությունների ժամանակ Տ-ի բնույթը տարբեր է, որն արտահայտվում է ջերմաստիճանային ոչ միատեսակ ձևի կորերով և ունի ախտորոշիչ նշանակություն (օրինակ, մալարիային բնորոշ է խիստ որոշակի ժամանակամիջոցում ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը և նույնպիսի կտրուկ իջեցումը, թոքերի բորբոքման դեպքում բարձր (39-40 °C) ջերմաստիճանը պահպանվում է որոշակի ժամանակ)։ Մարմնի բարձր ջերմաստիճանի արհեստական իջեցումը նպատակահարմար չէ, իսկ երբեմն նույնիսկ վնասակար է։ Ուստի առանց բժշկի խորհրդի չի կարելի օգտագործել ջերմությունն իջեցնող դեղանյութեր։