Jump to content

ՏՏՀ/Տափակաթաթություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տափակաթաթություն
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 337
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՏԱՓԱԿԱԹԱԹՈՒԹՅՈՒՆ, հարթաթաթություն, մեկ կամ երկու ոտնաթաթի երկայնական կամ լայնական կամարի տափակումը։ Երբեմն ձևախախտման երկու տեսակները զուգակցվում են և ոտնաթաթը ներբանային ողջ մակերևույթով հպվում է հատակին (գետնին), իսկ նրա դրոշմը զուրկ է բնորոշ ներքին փոսիկից։

Տ. հաճախ զարգանում է մանկական տարիքում, երբ ոտնաթաթի բեռնվածությունը չի համապատասխանում նրա մկանների, կապանների և ոսկրերի դիմացկունությանը։ Դրան նպաստում են ռախիտը, երեխայի մարմնի ավելցուկային զանգվածը և այլն։ Մեծահասակների Տ-յանը նպաստում են ոտքի վրա երկար մնալը, ծանր ֆիզիկական աշխատանքը, կոշիկների ոչ ճիշտ ընտրությունը, ոտնաթաթի, սրունք-թաթային հոդի, նավակոսկրի և այլ վնասվածքները։ Բնածին Տ. լինում է հազվադեպ։

Տ-յան առավել վաղ ախտանշաններն են. ոտնաթաթի, սրունքի, ազդրի մկանների, գոտկատեղի մղկտացող ցավերը։ Երեկոյան կարող է առաջանալ ոտնաթաթի այտուց, որն անհետանում է գիշերը։

Հետագայում ոտնաթաթը ձևափոխվում է, միջնամասում երկարում և լայնանում։ Տ-յան ծանր դեպքերում քայլվածքը բավականին փոխվում է, դառնում անշնորհք, կաշկանդված։

Տ-յան կանխարգելման համար մեծ նշանակություն ունի ֆիզկուլտուրայով և սպորտով կանոնավոր զբաղվելը։

Տ–յան հանդեպ նախատրամադրվածության առկայության դեպքում խորհուրդ է տրվում զբաղվել լողով, իսկ ոտքերի բեռնվածությունն ուժեղացնող մարզաձևերը (օրինակ, ծանր աթլետիկան, վազքը, դահուկավազքը և այլն) բացառվում են։ Շոգ եղանակին օգտակար է ավազի, փափուկ հողի վրա ոտաբոբիկ քայլելը։ Կանգնած երկարատև աշխատանքի դեպքում (վարսավիրներ, վաճառողներ, փոստատարներ) խորհուրդ է տրվում օրական մի քանի անգամ ոտնաթաթերը զուգահեռ դրած հանգստանալ՝ հենվելով ոտնաթաթի դրսային եզրերին։ Տ-յան կանխարգելման համար կարևոր է կոշիկի ճիշտ ընտրությունը, դրա չափսերը պետք է ճշտորեն համապատասխանեն ոտնաթաթի ձևին, լինեն ոչ շատ կիպ կամ լայն։ Կրունկի բարձրությունը պետք է լինի 3-4 սմ։ Բարձրակրունկ կոշիկները նպաստում են լայնական Տ-յան առաջացմանը։ Երեխաները պետք է հագնեն պինդ ներբանով, ոչ բարձր (1-2 սմ) և դիմացկուն կրնկամասով կոշիկ։ Անհրաժեշտ է հետևել երեխայի կեցվածքին, ուշադրություն դարձնել, որ նրանք միշտ իրանն ու գլուխն ուղիղ պահեն, քայլելիս ոտնաթաթի ծայրերն իրարից հեռու չդնեն։

Տ-յան բուժումն ու կանխարգելումն առավել արդյունավետ են մանկական տարիքում։ Տ-յան նշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժիշկ-օրթոպեդի։ Երեխայի տարիքից, զարգացումից, ոտնաթաթի տափակության աստիճանից կախված բժիշկը նշանակում է հատուկ մարմնամարզություն, որը պետք է անցկացնել տանը ծնողների հսկողությամբ։ Անհատականորեն ընտրած վարժությունները հարկավոր է զուգակցել ոտքերի մկանները և կապաններն ամրացնող վարժությունների հետ։ Խորհուրդ է տրվում նաև ոտքերի ամենօրյա տաք (35-36 °C) լոգանքներ և մերսում (շոյում, շփում)։ Հարկավոր է մերսել առավելապես սրունքի ներսային և ոտնաթաթի ներբանային մակերևույթները։ Սրունքի մերսումը կատարում են սրունքթաթային հոդից դեպի ծնկահոդը, իսկ ոտնաթաթինը մատերից դեպի կրունկը։ Տ-յան որոշ ձևերի դեպքում բժիշկը նշանակում է հատուկ բուժիչ միջատակ՝ երկայնական և լայնական կամարների վերհակիչներ (սուպինատորներ)։

Հիվանդը պետք է պարբերաբար դիմի բժշկին՝ վերհակիչների բարձրությունը ժամանակին շտկելու նպատակով։ Երբեմն հարկ է լինում կրել հատուկ օրթոպեդիական կոշիկ։