Jump to content

ՏՏՀ/Տոմատախյուս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՏՈՄԱՏԱԽՅՈՒՍ, պատրաստում են հասած պոմիդորից տրորելով և եփաթանձրացնելով 2-3 անգամ։ Տոմատի մածուկից տարբերվում է չոր նյութերի քիչ պարունակությամբ (12-20 %): Չոր նյութերի 20 % խտության դեպքում Տ. պարունակում է միջին հաշվով 11,8 % շաքար, 1,8 % օրգանական թթուներ, 26 մգ % C վիտամին, 1,8 մգ % կարոտին (A նախավիտամին)։ Տ. օգտագործում են նույն նպատակով, ինչ տոմատի մածուկը։

Տ. կարելի է պատրաստել տան պայմաններում։ Հասած պոմիդորները տեսակավորել՝ հեռացնելով փչացած և թերհասուն պտուղները։ Ընտրած պոմիդորը լվանալ, կտրտել, անցկացնել մսաղացով։ Ստացված զանգվածը լցնել արծնապատ կամ չժանգոտվող պողպատե (բայց ոչ ալյումինե) կաթսայի մեջ, եռման հասցնել և տաք վիճակում անցկացնել մաղով կամ մանր անցքերով փլավքամիչով (կեղևն ու սերմերը պետք է մնան քամիչի մեջ)։ Քամած զանգվածը լցնել ոչ մեծ կաթսայի մեջ (կիսով չափ) և եփել թեժ կրակի վրա, որպեսզի լավ պահպանվեն գույնը, համը, վիտամինները, և եփելիս անընդհատ խառնել փայտե գդալով։ Տ-ի ծավալը 2,5-3 անգամ նվազելուց հետո կրակից վերցնել։ Եփման տևողությունը մինչև 45 րոպե։ Պատրաստի Տ. տաք-տաք լցնել մաքուր լվացած և եռջրած բանկաների կամ շշերի մեջ, մինչև վզիկն ընկղմել տաք ջրով կաթսայի կամ դույլի մեջ (շշերի, բանկաների տակ դնել շոր կամ փայտե միջադիր), եռացնել 30-40 րոպե, ապա փակել եռջրած խցաններով կամ թիթեղե կափարիչներով։