Jump to content

ՏՏՀ/Տորթ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՏՈՐԹ, տանը Տ. պատրաստելիս անհրաժեշտ է հետևել որոշակի կանոնների։ Տ-ի մեջ հալեցրած կարագ օգտագործելիս անհրաժեշտ է այն տաքացնել շատ մարմանդ կրակի վրա և փրփուր (քափ) գոյանալուն պես կրակից վերցնել։ Քիչ հետո քափը հեռացնել և կարագը զգույշ լցնել ուրիշ ամանի մեջ՝ հետևելով, որ կաթնային մասնիկները մնան ամանի հատակին։ Կարագը պետք է լավ տրորել կամ հարել։ Ձուն պետք է լինի թարմ։ Սկզբում հարկավոր է հարել դեղնուցն ու շաքարավազը, ապա ավելացնել կարագը և հետո միայն ալյուրը։ Հարած սպիտակուցը պետք է լցնել վերջում՝ զգուշորեն խառնելով։ Սառը սպիտակուցը պետք է հարել օգտագործելուց անմիջապես առաջ, քանի որ հարած սպիտակուցն արագ նստում (փսկում) է և ջրիկանում։

Քերած շոկոլադը խմորի մեջ պետք է ավելացնել հարած սպիտակուցը լցնելուց առաջ։ Տ. թխել խմորը պատրաստ լինելուն պես։

Տ-ի թխված լինելն ստուգում են փայտե բարակ ձողիկով. եթե խմորը չի կպչում ձողիկին՝ ուրեմն Տ. թխված է։

Տ. պետք է հովացնել սենյակի ջերմաստիճանում առանց կաղապարից հանելու, ապա դնել սկուտեղի մեջ։

Որպես լցոն կարելի է օգտագործել մուրաբա և կրեմ, զարդարելու համար օշարակ, մրգով կամ մրգահյութով դոնդող, շաքարաչիր, ընկույզ, շոկոլադ։

Տ. «Համբույր», խմորը. 2 ձվի դեղնուցն ու 1/2 բաժակ շաքարավազը հարել մինչև սպիտակելը, ավելացնել 150 գ կարագ շարունակելով հարելը։ 1/2 թեյի գդալ սոդան լուծել 2 ճաշի գդալ քացախի մեջ, ավելացնել հարած զանգվածին, վերջում՝ 2 բաժակ ալյուր և խմոր հունցել։ Խմորը բաժանել 2 հավասար մասերի և թխել կլոր կաղապարի մեջ մինչև վարդագունելը։

Բեզեի շերտը. 4 ձվի սպիտակուցը հարել մինչև սպիտակ խիտ զանգված դառնալը, հարելով քիչ-քիչ ավելացնել 1 բաժակ շաքարավազ, բոված, կտրտած 1 բաժակ ընկույզ, զգույշ խառնել և թխել ոչ տաք ջեռոցում (մոմաթղթի վրա) մինչև վարդագունելը։

Կրեմը. 2 ձվի դեղնուցը, 3/4 բաժակ շաքարավազը և 3/4 բաժակ կաթը խառնել ալյումինե ամանի մեջ և անընդհատ խառնելով եփել մարմանդ կրակի վրա մինչև թանձրանալը, ապա կրակից վերցնել։ 200 գ փափուկ կարագը լավ հարել, գդալ-գդալ ավելացնել եփած գոլ զանգվածը։

Խմորաշերտին քսել կրեմի 1/3-ը, վրան դնել թխած բեզեի շերտը, կրեմ քսել (օգտագործել մնացած քանակության կեսը), վրան դնել երկրորդ խմորաշերտը և կրեմ քսել։ Պատրաստի Տ. զարդարել քերած շոկոլադով։

Տ. «Շաբաթ», խմորը. 2 ձուն, 1/2 բաժակ շաքարավազը, 50 գ կարագը, 2 ճաշի գդալ մեղրն ու 1 թեյի գդալ սոդան խառնել ամանի մեջ, դնել եռացող ջրով կաթսայի մեջ և ժամանակ առ ժամանակ խառնել։ Երբ խառնուրդը փրփրի, ավելացնել 1 բաժակ ալյուր, խառնել, կրակից վերցնել, լցնել ևս 1 1/2 բաժակ ալյուր և խմոր հունցել։

Խմորը բաժանել 7 մասի։ Կաթսայի կամ կաղապարի տակը յուղ քսել, ալյուր ցանել, խմորագունդը դնել վրան, բացել կաթսայի հատակի չափով և թխել մինչև վարդագունելը։

Կրեմը. 150 գ կարագը հարել մինչև սպիտակելը։ 1 տուփ նախօրոք եփած խտացրած կաթին (գցել եռացող ջրով կաթսայի մեջ, եփել 1 1/2-2 ժամ և բացել միայն հովանալուց հետո) ավելացնել 2 թեյի գդալ կակաո և քիչ-քիչ լցնել հարած կարագի մեջ՝ շարունակելով հարելը։

Թխվածքաշերտերի վրա կրեմ քսել և դնել իրար վրա։ Պատրաստի Տ. զարդարել քերած շոկոլադով։

Տ. սառը. 500 գ փխրաբլիթը մանրել (1 սմ x 1 սմ) և ավելացնել 1 բաժակ կտրտած ընկույզ։

Կրեմը. 2 ձուն, 1 1/2 բաժակ շաքարավազը և 1 1/2 բաժակ կաթը խառնել ամանի մեջ և մարմանդ կրակի վրա եռման հասցնել։ 300 գ կարագը հարել մինչև սպիտակելը, ավելացնել 3 ճաշի գդալ կակաո և եփած խառնուրդը։

Կրեմը լցնել մանրած փխրաբլիթի և ընկույզի վրա, լավ խաոնել, ստացված զանգվածը կիսել, երկարությամբ դնել ուղղանկյունաձև կտրած (մոտավորապես 20 սմ x 30 սմ) մոմաթղթի կամ ֆոլգայի վրա, երկար կողմի եզրը վրա բերել և գլանաձև փաթաթել։ Գլանները 2-3 ժամ պահել սառնախցիկում, ապա հանել և կլոր-կլոր կտրտել։

Տ. «Սենատոր». 500 գ ընկույզը բովել, կեղևը հանել, կտրտել և բաժանել 2 հավասար մասերի։

Բեզեն պատրաստել 2 նվագով. 5 ձվի սպիտակուցը հարել մինչև սպիտակ խիտ զանգված դառնալը, հարելը շարունակելով քիչ-քիչ ավելացնել 3/4 բաժակ շաքարավազ, ապա զգույշ խառնելով ավելացնել ընկույզի մի մասը (250 գ)։ Զանգվածը տարածել սաճի չափով կտրած մոմաթղթի վրա և թխել ոչ տաք ջեռոցում (սկզբից միջին, ապա՝ շատ մարմանդ կրակով) մինչև վարդագունելը։ Հովանալուց հետո թուղթը զգուշորեն պոկել։

Նույնությամբ պատրաստել և թխել բեզեի երկրորդ շերտը։

Կրեմը. 300 գ կարագը հարել մինչև սպիտակելը, հարելով ավելացնել 1 բաժակ շաքարավազ, 3 ձվի դեղնուց, 12 թեյի գդալ տաք ջուր (գդալ առ գդալ), 1 ճաշի գդալ կոնյակ կամ լիկյոր։

Թխած շերտերին կրեմ քսել, դնել իրար վրա, վրայի շերտին ցանել քերած շոկոլադ։ Պատրաստի Տ. կտրտել շեղանկյունաձև և պահել սառնարանում։

Բեզեի համար. 10 ձվի սպիտակուց, 1 1/2 բաժակ շաքարավազ, 500 գ ընկույզ։

Տ. «Վասպուրական», խմորը. 5 ձուն և 2 բաժակ շաքարավազը հարել, անընդհատ խառնելով ավելացնել 200 գ փափուկ կարագ, 2 բանկա թթվասեր 2 թեյի գդալ սոդայով, 1 բաժակ կտրտած ընկույզ և 2 բաժակ ալյուր։

Սաճի մեջ մոմաթուղթ փռել, խմորը տարածել թղթի վրա և թխել ջեռոցում (թխված լինելն ստուգել փայտե ձողիկով)։

Թխվածքը հովացնել, շրջել տախտակի վրա, թուղթը պոկել, և եզրերը կտրելով, ձվաձև տեսք տալ։ Կտրած մասերն առանձնացնել և կտրտել տարբեր չափեր ունեցող անկանոն բուրգերի տեսքով։

Կրեմը պատրաստել 2 նվագով. 100 գ հարած կարագին ավելացնել 1/4 տուփ խտացրած կաթ։ Ստացված կրեմի կեսը քսել Տ-ին, իսկ մնացածին ավելացնել ևս 1/4 տուփ խտացրած կաթ, 10-15 րոպե պահել տաք տեղում, որ մի քիչ ջրիկանա։

Կրեմով պատած Տ-ի վրա անկանոն դնել բրգաձև կտորները (սուր ծայրերով դեպի վեր), իսկ կողամասը ձևավորել թխվածքի մանրած փշուրներով։ Տ-ի վրա գդալով լցնել գոլ կրեմը, վրայից կակաոյով օշարակը (տաք-տաք)։

Օշարակ. 6 ճաշի գդալ շաքարավազը, 4 ճաշի գդալ կակաոն և 6 ճաշի գդալ կաթը խառնել ալյումինե ամանի մեջ, դնել մարմանդ կրակի վրա և եփել, մինչև պղպջակները խոշորանան։ Փոքր-ինչ հովանալուց հետո ավելացնել 50 գ կարագ, խառնելով լուծել։

Տ. «Գարուն», խմորը. 4 ձուն և 1 1/2 բաժակ շաքարավազը հարել մինչև սպիտակելը, ավելացնել 150 գ փափուկ կարագ և շարունակել հարելը։ 2 ճաշի գդալ մեղրը լցնել ալյումինե փոքր ամանի մեջ, դնել մարմանդ կրակի վրա, տաքացնել, ավելացնել 2 թեյի գդալ սոդա, փրփրելուն պես վերցնել կրակից, լցնել հարած զանգվածի մեջ, խառնել, ավելացնել 200 գ աղացած ընկույզ, 3 1/2 բաժակ ալյուր և խմոր հունցել։

Խմորը բաժանել 3 մեծ և 1 փոքր (փշրելու համար) գնդերի ու թխել ջեռոցում (մոմաթղթի վրա) մինչև վարդագունելը։ Թխած շերտերին կրեմ քսել և դնել իրար վրա։ Փոքր գնդից թխված շերտը փշրել և ցանել Տ-ի երեսին և կողքերին։

Կրեմը. 150 գ կարագը հարել մինչև սպիտակելը, հարելը շարունակելով քիչ-քիչ ավելացնել 1 1/2 բաժակ շաքարավազ, 2 բանկա թթվասեր և 200 գ կտրտած ընկույզ։

Տ. «Թռչնի կաթ», խմորը. 6 ձուն, 2 բաժակ շաքարավազը, 50 գ կարագը, 2 ճաշի գդալ մեղրը և 1 թեյի գդալ սոդան խառնել ամանի մեջ, դնել եռացող ջրով կաթսայի մեջ և ժամանակ առ ժամանակ խառնել։ Երբ խառնուրդը սկսի փրփրել, քիչ-քիչ ավելացնել 4 բաժակ ալյուր և խմոր հունցել։ Խմորը բաժանել 4 մասի, տարածել սաճի չափով կտրած մոմաթղթի վրա և թխել մինչև վարդագունելը։

Շերտերի վրա կրեմ քսել (մեկից բացի), դնել իրար վրա, վրայի շերտը պատել օշարակով (պատրաստել նույն եղանակով, ինչ «Վասպուրական» Տ-ի օշարակը)։

Կրեմը. 2 բաժակ կաթն ու 2 ճաշի գդալ ալյուրը խառնել, որ ստացվի համասեռ զանգված, և եփել մարմանդ կրակի վրա մինչև թանձրանալը։ 200 գ կարագը հարել մինչև սպիտակելը, հարելով քիչ-քիչ ավելացնել 1 բաժակ շաքարավազ, ապա՝ եփած հովացած զանգվածը։ Վերջում գցել 2 պտղունց վանիլին։

Տ. շոկոլադով, խմորը. 4 ձվի դեղնուցը և 1/2 բաժակ մանրահատիկ շաքարավազը հարել մինչև սպիտակելը, հարելով ավելացնել 200 գ կարագ, 2-2 1/2 բաժակ ալյուր, խմոր հունցել, բաժանել 3 մասի, բացել 1,2 սմ հաստության շերտով և թխել մինչև վարդագունելը։

Լցոնը. 4 ձվի սպիտակուցը հարել մինչև սպիտակ խիտ զանգված ստացվելը, հարելով ավելացնել 1/2 բաժակ շաքարավազ, 1 բաժակ մանրած ընկույզ, 1 կիտրոնի կեղև (քերած)։ Լցոնը բաժանել 2 մասի և քսել թխվածքաշերտերին։ Վրայի շերտը պատել շոկոլադի կրեմով:

Կիտրոնով Տ., խմորը. 4 ձվի դեղնուցը և 1 բաժակ շաքարավազը հարել մինչև սպիտակելը, խառնելով ավելացնել 200 գ կարագ, 1 բանկա թթվասեր՝ 1 թեյի գդալ սոդայով, 2 1/2 բաժակ ալյուր և 2 պտղունց վանիլին։ Խմորը լցնել մոմաթղթով սաճի մեջ և թխել։ Հովանալուց հետո թխվածքը լայնակի կիսել, երկու կեսը դնել իրար վրա, չոր եզրերը կտրել և պահել վրան փշրելու համար։ Շերտերին կրեմ քսել, դնել իրար վրա, կողքերը պատել կրեմով և զարդարել փշրանքով։

Կրեմը. 4 ձվի սպիտակուցը հարել մինչև սպիտակ խիտ զանգված ստացվելը, հարելով քիչ-քիչ ավելացնել 1 բաժակ շաքարավազ և 1 աղացած կիտրոն (կեղևով)։

Տ. «Իդեալ», խմորը. 4 ձուն և 1 բաժակ շաքարավազը հարել մինչև սպիտակելը, ավելացնել 2 ճաշի գդալ մեղր, 1/2 թեյի գդալ դարչին, 2 ճաշի գդալ կոնյակ կամ լիկյոր, 1 բաժակ մանրած ընկույզ և 2 բաժակ ալյուր՝ 2 թեյի գդալ սոդայի հետ խառնած։ Ստացված թույլ խմորը բաժանել 3 մասի, տարածել մոմաթղթի վրա և թխել ջեռոցում մինչև վարդագունելը։

Հովացած շերտերին կրեմ քսել, դնել իրար վրա, և Տ. զարդարել ընկույզով։

Կրեմը. 200 գ կարագը հարել մինչև սպիտակելը, խառնելով ավելացնել 1 տուփ խտացրած կաթ, 2 ճաշի գդալ կակաո և 1 թեյի գդալ լուծվող սուրճ։

Տ. մատուցել կրեմը քսելուց 2-3 ժամ հետո։

Տ. դոնդողաշերտով, խմորը. 6 ձվի դեղնուցը և 1/2 բաժակ շաքարավազը հարել մինչև սպիտակելը, խառնելով ավելացնել 100 գ կարագ, մի պտղունց աղ, 1/2 թեյի գդալ սոդա, 3/4 բաժակ ալյուր։ Խմորը բաժանել 2 մասի և թխել ջեռոցում (մոմաթղթի վրա) մինչև վարդագունելը։

Դոնդողազանգվածը. 1/3 բաժակ ջրի մեջ լցնել 1 ճաշի գդալ դոնդողանյութ և թողնել 2-3 ժամ, ապա ավելացնել ևս 1/3 բաժակ ջուր, 1 1/4 բաժակ շաքարավազ, 1/3 թեյի գդալ կիտրոնաթթու, խառնել, դնել մարմանդ կրակի վրա և խառնելով եռման հասցնել։

6 ձվի սպիտակուցը հարել մինչև սպիտակ խիտ զանգված ստացվելը, խառնելով քիչ-քիչ ավելացնել հովացած դոնդողը։

Դոնդողազանգվածը լցնել հովացած թխվածքաշերտի վրա, ծածկել երկրորդ շերտով, ձեռքով սեղմել, որպեսզի դոնդողազանգվածը հավասարաչափ տարածվի շերտերի միջև և վրայի շերտը պատել օշարակով (պատրաստել նույն եղանակով, ինչ «Վասպուրական» Տ-ի օշարակը)։ Պատրաստի Տ. պահել սառնարանում։