ՏՏՀ/Քացախ
ՔԱՑԱԽ, գինու սպիրտի (էթիլային) խմորմամբ ստացվող քացախաթթվի ջրային լուծույթ (4 կամ 10 %-անոց)։ Ք. կարող է բուրումնավորված լինել թարխունի, նեխուրի, սև հաղարջի տերևների և այլ համեմունքային բույսերի ու արմտիքների թուրմով։ Ելանյութերի տեսակից կախված Ք. լինում է գինու, խնձորի, սպիրտային ևն։ Ք. վաճառվում է շշերով, պիտակների վրա նշվում է անվանումը և խտությունը։
Ք. բազմաթիվ կերակրատեսակների և խորտիկների համեմունք է, օգտագործվում է սոուսներ, մարինադներ, մանանեխ պատրաստելիս, սալաթներ համեմելիս ևն։ Ք. պահում են բերանն ամուր փակվող ապակե ամանում, սառը տեղում։
Ք. կարելի է օգտագործել տնտեսական տարբեր նպատակներով, օրինակ, վերացնում է ձկան հոտը (Ք-ով թրջած լաթով մաքրում են ամանը, ապա լվանում տաք ջրով), բանջարեղենը մաքրելուց առաջ ձեռքերը Ք-ով թրջելու դեպքում ձեռքերի վրա մուգ բծեր չեն մնում (վերջում պետք է անպայման լվանալ օճառով), մետաքսե շորերը պարզաջրելիս 1-2 ճաշի գդալ Ք. լցնելու դեպքում դրանք չեն կորցնում իրենց նախնական փայլը, թառամած սամիթը, մաղադանոսը, նեխուրը քացախաջրի (1/2 բաժակ ջրին 1 թեյի գդալ Ք.) մեջ թարմանում են։ Տես նաև Էսենցիա։