Jump to content

ՏՏՀ/Փունջ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՓՈՒՆՋ, պատրաստում են 5 բաղադրամասից՝ գինուց, լիկյորից (շամպայն), մրգահյութից, շաքարավազից կամ մեղրից, համեմունքից (դարչին, մեխակ ևն)։ Փ. պատրաստելու համար օգտագործում են սեղանի անապակ գինի։ Փ. կարելի է մատուցել տաք (65 °C) և սառը։ Գինին չի կարելի տաքացնել 65 °C ջերմաստիճանից բարձր, որովհետև համը վատանում է և թնդությունը պակասում։

Փ. գինով. 1. 1 բաժակ սեղանի կարմիր գինուն ավելացնել 2-3 թեյի գդալ շաքարավազ։ Տաքացնելուց 1-2 ժամ առաջ ավելացնել համեմունքներ (մեխակ, դարչին)՝ ըստ ճաշակի։ Տաքացրած գինուն ավելացնել լիկյոր (1 բաժակ գինուն 1-2 թեյի գդալ)։

2. Խոր ամանի մեջ լցնել 1 շիշ սպիտակ գինի, ավելացնել 250 գ շաքար և տաքացնել, այնուհետև ավելացնել փոքր կտոր դարչին, 5-6 հատ մեխակ և մի քիչ կիտրոնի կեղև, ապա վերցնել կրակից, քամել, ավելացնել 1/2 բաժակ շամպայն։ Փ. լցնել բաժակների մեջ և 1-ական շերտ կիտրոն ավելացնել։

Փ. գինով և կակաոյով. 1/4 բաժակ ջրի, 100 գ շաքարավազի, 2 ճաշի գդալ կակաոյի փոշու խառնուրդը դնել կրակին և խառնել մինչև եռալը։ Այնուհետև ավելացնել 1 շիշ սեղանի տաքացրած կարմիր գինի, քամել, ավելացնել 2 ըմպանակ կոնյակ և քիչ ջրով հարած 1 ձու։