Jump to content

ՏՏՀ/Օծանելիք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Օծանելիք
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 347
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՕԾԱՆԵԼԻՔ, բուրավետ նյութերի խառնուրդների սպիրտային (կամ սպիրտաջրային) լուծույթներ։ Օ. պատրաստելու համար օգտագործվում են ավելի քան 300 բնական և սինթետիկ բուրավետ նյութեր, որոնք ստացվում են բուսական ու քիմիական հումքից, ինչպես նաև եթերայուղերից և լուծամզուկներից։ Վերջիններս ստացվում են եթերայուղատու բույսերի տարբեր մասերից (օրինակ, վարդի, հասմիկի ծաղիկներից, հիրիկի արմատներից, գինձի սերմերից, ցիտրուսային պտուղներից ևն)։ Օգտագործվում են նաև բուսական (պաչուլի տերևներ, կաղնու մամուռ ևն) և կենդանական (համպար, մուշկ) ծագում ունեցող նյութերից պատրաստված թուրմեր։

Ըստ բույրի Օ-երը բաժանվում են 2 խմբի. ծաղկային՝ մեկ կամ մի քանի ծաղիկների բույրը նմանակող, և ազատ երևակայությամբ ստեղծված Օ-ներ։ Օ-ի կայունությունը որոշվում է բնորոշ բույրի պահպանման տևողությամբ և կախված է գլխավորապես Օ-ի բաղադրությունից։

Օ-ի բույրը երկար է պահպանվում մորթու վրա։

Անհրաժեշտ է ճիշտ օգտվել Օ-ից. ցերեկը և աշխատանքի վայրում պետք է օգտագործել աննշան քանակությամբ Օ., երեկոյան թատրոն, հյուր գնալիս փոքր-ինչ ավելի։

Տղամարդկանց խորհուրդ է տրվում օգտվել մեղմ բույրով Օ-ներից։ Որպեսզի Օ. հագուստի վրա հետքեր չթողնի, այն պետք է ցողել մազերին, թաշկինակին, ձեռնոցներին ևն։ Այրվածքից խուսափելու համար խորհուրդ չի տրվում Օ. քսել երեսին։

Օ. անհրաժեշտ է պահել արևի ճառագայթներից պաշտպանված տեղում։ Երկար ժամանակ պահելիս Օ. կարող է մգանալ և փչանալ։ Ցուրտ տեղում (5 °C-ից ցածր) պահելիս որոշ Օ-ներում կարող է նստվածք առաջանալ, իսկ տաք տեղում (18-20 °C) այն կրկին լուծվում է։