Jump to content

ՏՏՀ/Օրվա ռեժիմ երեխաների և դեռահասների

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Օրվա ռեժիմ երեխաների և դեռահասների
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 347
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՕՐՎԱ ՌԵԺԻՄ երեխաների և դեռահասների, նպաստում է երեխայի բնականոն զարգացմանը, առողջության ամրապնդմանը, կամքի դաստիարակմանը, վարժեցնում է կարգապահության։ Օ. ռ. կազմվում է՝ հաշվի առնելով երեխայի առողջական վիճակը, անատոմաֆիզիոլոգիական և անհատական տարիքային առանձնահատկությունները։ Օ. ռ-ով նախատեսվում է

Աղյուսակ 1

Մանկամսուրային տարիքի երեխաների օրինակելի օրվա ռեժիմը

Ռեժիմ Տարիքը
1-2 2-3
Արթնանալ, հարդարանք 6.30-7.30 6.30-7.30
Նախաճաշ 7.30-7.45 7.30-745
Խաղ (զբոսանք) 7.45-9.30 7.45-12.30
Քուն 9.30-12.00
Ճաշ 12.00-12.30 12.30-13.00
Խաղ (զբոսանք) 12.30-15.00
Քուն 15.00-17.00 13.00-15.30
Կեսօրյա նախաճաշ 17.00-17.15 15.30-16.00
Խաղ (զբոսանք) 17.15-19.30 16.00-19.00
Ընթրիք 19.30-19.45 19.00-19.30
Խաղ 19.45-20.15 19.30-20.30
Քուն 20.15-6.30 20.30-6.30

որոշակի տևողության զանազան զբաղմունքներ, քուն և հանգիստ (այդ թվում նաև մաքուր օդում), կանոնավոր կալորիական սննդի, անձնական հիգիենայի կանոնների պահպանում։ Երեխային հարկավոր է ռեժիմին վարժեցնել կյանքի առաջին տարվանից՝ որոշակի ժամեր սահմանելով քնի և արթուն մնալու, սնվելու, զբոսանքի և այլ զբաղմունքի համար։ Դա ոչ միայն դյուրացնում է երեխայի խնամքը, այլև աստիճանաբար,

Աղյուսակ 2

Նախադպրոցական տարիքի երեխաների օրինակելի ռեժիմը

Ռեժիմ Տարիքը
3-4 5-6
Արթնանալ, առավոտյան հարդարանք 6.30-8.00 6.30-8.00
Նախաճաշ 8.00-8.30 8.00-8.30
Պարապմունքներ 9.15-9.35 9.00-9.20, ընդմիջում 10 րոպե, ապա պարապմունքի շարունակությունը 9.30-9.45
Զբոսանք 9.30-11.35 9.45-11.50
Ճաշ 12.00-12.30 12.00-12.30
Ցերեկային քուն 12.40-15.00 12.50-15.00
Կեսօրյա նախաճաշ 15.30-16.00 15.30-16.00
Պարապմունքներ 16.10-16.30 16.10-16.30
Զբոսանք 16.30-17.50 16.30-17.50
Ընթրիք 18.30-19.00 18.30-19.00
Զբոսանք 19.00-20.00 19.00-20.00
Քնի նախապատրաստության 20.00-20.30 20.00-20.40
Քուն 20.30 20.40

տարիների ընթացքում նրան վարժեցնում կարգուկանոնի, մաքրասիրության։ 1,5-2 տարեկան երեխաները ցերեկը քնում են մեկ անգամ, մաքուր օդում զբոսանքների տևողությունը 3-4 ժամ է (նայած եղանակի)։ Խորհուրդ է տրվում ամեն օր նախաճաշից 1-1,5 ժամ հետո զբաղվել երեխայի ֆիզիկական դաստիարակությամբ։

Ֆիզիոլոգների և հիգիենիստների հետազոտությունները հաստատում են, որ երեխան առավել աշխատունակ է առավոտյան ժամերին։ Ուստի, այդ ժամերը պետք է օգտագործել առավել աշխատատար զբաղմունքների՝ նկարչության, քանդակի, ձեռքի աշխատանքի համար ևն։ Պարապմունքների ժամանակ անհրաժեշտ է հետևել երեխայի կեցվածքին. գլուխը սեղանից պիտի հեռու լինի 30-35 սմ։ 3-4 տարեկան երեխաների հետ պարապում են 1, իսկ ավելի մեծերի հետ՝ 2 անգամ, ընդմիջումներով։ Օրվա երկրորդ կեսին պարապմունքների տևողությունը հարկավոր է կրճատել, իսկ հանգստինը՝ ավելացնել։ Զբոսանքների տևողությունը հասցվում է 4 ժամի։ Ցուրտ օրերին զբոսանքները պետք է լինեն ավելի կարճատև, բայց հաճախակի։ Նախադպրոցականի Օ. ռ. անպայման պիտի ընդգրկի առավոտյան մարզանքը, շարժուն խաղերը, ֆիզիկական վարժությունները, որոնք զարգացնում են հիմնական շարժումները (քայլք, վազք, մագլցումներ ևն)։ Այդ տարիքի երեխաներին սովորեցնում են լողալ, չմուշկներով և դահուկներով սահել, հեծանիվ քշել։ 3 տարեկանից բարձր երեխաների սնունդը քիչ բանով է տարբերվում մեծահասակների սննդից։ Այն պիտի պարունակի բավարար քանակությամբ վիտամիններ, սպիտակուցներ, ածխաջրեր և այլ սննդարար նյութեր։ Երեխայի համար վնասակար են թունդ թեյը, սուրճը, կծու ուտելիքը, իսկ թանձր արգանակի, շոկոլադի, թխվածքի, ցիտրուսային պտուղների օգտագործումը հարկավոր է սահմանափակել։ Երեխան պիտի սնվի զբոսանքից կամ խաղից առնվազն 30 րոպե հետո (ընթրիքը՝ քնելուց 1-2,5 ժամ առաջ)։ Երեխային անհրաժեշտ է սովորեցնել ինքնուրույն լվացվել, մաքրել ատամները ևն։ Մինչև 6 տարեկանը երեխան ցերեկը քնում է մեկ անգամ, երեխային պետք է աստիճանաբար նախապատրաստել քնելուն, խաղից հետո հանգստացնել, հետևել, որ նա լվացվի, քնելուց առաջ սենյակը լավ օդափոխել։

Աղյուսակ 3

Կրտսեր և միջին տարիքի երեխաների օրինակելի ռեժիմը

Ռեժիմ Տարիքը
7-9 9-12
Արթնանալ 7.00 7.00
Առավոտյան լիցքային վարժություններ, շփումներ, ցնցուղում, անկողնու հարդարանք, լվացվել 7.00-7.30 7.00-7.30
Նախաճաշ 7.30-7.50 7.30-7.50
Ճանապարհ դեպի դպրոց 7.50-8.20 7.50-8.20
Պարապմունքներ դպրոցում, արտադասարանային պարապմունքներ, հասարակական աշխատանք 8.30-12.30 8.30-13.30
Ճանապարհ դպրոցից տուն 12.30-13.00 13.30-14.00
Ճաշ 13.00-13.30 14 00-14.30
Հետճաշյա հանգիստ 13.30-14.30 -
Զբոսանքներ մաքուր օդում 14.30-16.00 14.30-17.00
Դասերի պատրաստում 16.00-17.00 (1-ին դաս. համար)
16.00-17.30 (2-րդ դաս. համար)
17.00-19.00
Զբոսանք մաքուր օդում 17.30-19.00 -
Ընթրիք և ազատ պարապմունքներ (ընթերցանություն, երաժշտություն, պարապմունք ևն) 19.00-20.00 19.00-20.30
Քնի նախապատրաստություն 20.00-20.30 20.30-21.00
Քուն 20.30-7.00 21.00-7.00

Դպրոց ընդունվելը շրջադարձային իրադարձություն է երեխայի կյանքում։ Ուսումնական ծանրաբեռնվածության թույլատրելի սահմանի խախտումը, ուսումնական աշխատանքի ռեժիմի, լիարժեք հանգստի, ֆիզիկական աշխատանքի, բավարար շարժողական ակտիվության բացակայությունը հյուծում է դպրոցականի նյարդային համակարգը, գերհոգնեցնում ու թուլացնում է օրգանիզմը, նվազեցնում դիմադրողականությունը զանազան վարակների հանդեպ։ Կարևոր է երեխային սովորեցնել ճիշտ կազմակերպել ուսումնական աշխատանքը, փոխել պարապմունքների բնույթը, 10-15 րոպեանոց ընդմիջումներ անել լարվածությունը թուլացնելու և աչքերին հանգիստ տալու նպատակով։ Աշակերտը նախ պիտի կատարի գրավոր աշխատանքները, այնուհետև՝ բանավորները: Առաջին հերթին կատարվում են միջին դժվարության հանձնարարականները, այնուհետև ամենադժվարները և, վերջապես, ամենահեշտերը։ Հարկավոր է ճիշտ կազմակերպել դպրոցականների հանգիստը մաքուր օդում։ Զբոսանքները, խաղերը պիտի տևեն օրվա ընթացքում 3 ժամից ոչ պակաս։

Օրգանիզմի ուժերի և աշխատունակության վերականգնման համար շատ կարևոր է կանոնավոր քունը։ 7-10 տարեկան երեխաներին անհրաժեշտ է քնել առնվազն 10-10,5 ժամ, դեռահասներին՝ 8-9 ժամ, հակառակ դեպքում նրանց աշխատունակությունն ընկնում է 30 %-ով։ Անբավարար քունը, ինչպես և մտավոր գերհոգնածությունը հանգեցնում են գրգռվածության, անզսպության, ցրվածության։ Հարկավոր է դպրոցականին զերծ պահել ավելորդ ծանրաբեռնվածությունից, որը կարող է խանգարել քունը և վատ անդրադառնալ նրա առողջական վիճակի վրա։

Աղյուսակ 4

Դեռահասների համար օրինակելի ռեժիմը

Ռեժիմ Տարիքը
1-2 2-3
Արթնանալ 7.00 7.00
Առավոտյան լիցքային վարժություններ, շփումներ, ցնցուղում, անկողնու հարդարանք, լվացվել 7.00-7.30 7.00-7.30
Նախաճաշ 7.30-7.50 7.30-7 50
Զբոսանք դպրոցից առաջ և ճանապարհ դեպի դպրոց 7.50-8.20 7.50-8.20
Ուսումնական պարապմունքները դպրոցում (նախաճաշ մեծ դասամիջոցին), արտադասարանային պարապմունքներ, հասարակական աշխատանք 8.30-14.00 830-14.30
Ճանապարհ դպրոցից տուն 14.00-14.30 14.30-15.00
Ճաշ 14.30-15.00 15.00-15.30
Զբոսանքներ մաքուր օդում, շարժուն խաղեր 15.00-17.00 15.30-17.00
Դասերի պատրաստում 17.00-19.30 17.00-20.00
Ընթրիք և ազատ պարապմունքներ (ընթերցանություն, օգնություն ընտանիքին ևն) 19.30-21.00 20.00-21.30
Քնի նախապատրաստություն 21.00-21.30 21.30-22.00
Քուն 21.30-7.00 22.00-7.00

Դպրոցականի համար չափազանց կարևոր է ճիշտ սնվելը։ Սննդի ռեժիմը (4-5 անգամ) մեծ նշանակություն ունի նրա ֆիզիկական և նյարդահոգեկան բնականոն զարգացման համար։ Հատկապես օգտակար են կաթը և կաթնամթերքը, որոնք պարունակում են սպիտակուցներ, ճարպեր, կալցիումի աղեր, վիտամիններ, ամեն օր երեխան պետք է խմի 400-500 մլ կաթ։ Երեխան պիտի ընթրի քնելուց 1-1,5 ժամ առաջ։ Ծնողները պիտի կազմակերպեն երեխայի ֆիզիկական զարգացումը։ Ամենօրյա առավոտյան մարզանքը պիտի սովորություն դառնա երեխայի համար։ Ծնողները լուրջ ուշադրություն պիտի դարձնեն դպրոցականի հանգստյան օրվա և արձակուրդի կազմակերպմանը։ Օրվա ռեժիմի հիմնական տարրերը (քուն, սնունդ ևն) պիտի մնան նույնը, իսկ ժամանցին, էքսկուրսիաներին, խաղերին ավելի շատ ժամանակ հատկացվի։ Հանգստյան օրերին երեխային պիտի հնարավորություն տալ քունն առնելու։