Jump to content

ՏՏՀ/Ֆեն կենցաղային

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ֆեն կենցաղային
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 349
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՖԵՆ կենցաղային, մազեր չորացնելու էլեկտրական սարք։ Կարելի է օգտագործել նաև ապակու վրա փռած լուսանկարների և գծագրերի կրկնօրինակների (կալկաների) չորացման համար։ Սովորաբար բաղկացած է պլաստմասսայե իրանից, որի մեջ տեղավորված են էլեկտրաշարժիչը՝ առանցքի վրա հագցված թևանիվով (էլեկտրաօդափոխիչ), և պարուրաձև էլեկտրաջեռուցիչ տարրը։ Օդափոխիչի ներծծած օդը տաք պարույրի հետ շփումից տաքանում է մինչև 50-70 °C և տաք շիթով դուրս մղվում Ֆ-ից։ Իրանի երկդիրք զույգված անջատիչի օգնությամբ նախ միացնում են էլեկտրաշարժիչը (Ֆ-ից սառը օդ է դուրս մղվում), ապա էլեկտրաջեռուցիչը։ Էլեկտրաջեռուցիչ տարրի ծախսած հզորությունը սովորաբար 250-400 Վտ է, էլեկտրաշարժիչինը՝ 50-70 Վտ։

Ֆ-ով մազերը կարելի է չորացնել 10-15 րոպեում՝ նայած մազերի երկարության ու խտության։ 1 ժամ աշխատելուց հետո Ֆ. պետք է 30 րոպեով անջատել, որ հովանա։ Մազերի չորացումն արագացնելու համար որոշ Ֆ-եր սարքավորված են ճկափողով, որով սարքը միացվում է գլխին հագցվող փափուկ գլխանոցին։ Ֆ-ի որոշ տեսակներ ունեն մազերի հարդարման զանազան գլխադիրներ։ Ֆ-ում նախատեսված ջերմակարգավորիչը հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով պահպանել տրված ջերմաստիճանը և անջատում է Ֆ-ի ջեռուցիչի գերտաքացման կամ էլեկտրաշարժիչի շարքից դուրս գալու դեպքում։ Որոշ մոդելներում նախատեսված է հենակալ-բռնիչ, որի օգնությամբ Ֆ. կարելի է դնել սեղանին կամ պատից կախել։

Ֆ-ի կառուցվածքը բացառում է նրա մեջ մազեր ընկնելու հնարավորությունը։ Ֆ-ի աշխատանքի ժամանակ պետք է հետևել, որ մուտքի անցքը չփակվի և նրա մեջ փոշի ու մանր առարկաներ չընկնեն։ Էլեկտրաջեռուցիչ տարրը չի կարելի միացնել անջատված շարժիչի պայմաններում։